ԵՐԲ ՀԱՏՎՈՒՄ ԵՆ ՉԱՐԼԶ ԴԻԿԵՆՍԻ «ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՐԳՆ» ՈՒ ԱՐՔՄԵՆԻԿ...

ԵՐԲ ՀԱՏՎՈՒՄ ԵՆ ՉԱՐԼԶ ԴԻԿԵՆՍԻ «ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՐԳՆ» ՈՒ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ «ԵՐԵՔ ԸՆԿԵՐԸ»

2118

Մարդու  ապրելակերպը կանխորոշում է նրա կյանքի վախճանը: Եթե նա համառում և մնում է իր կենսակերպի մեջ, ապա այն նրան բերում է կանխորոշված այդ վախճանին:

Հեռանում ես տաղավարից ու գլուխդ քիչ է մնում պայթի այսքա՜ն շատ տպավորություններից: Դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին «Հայ գիրք» գրախանութում, արդեն իսկ սովորույթ դարձած, աշխույժ ու գրքային մթնոլորտ էր: Կրկին այստեղ էին «Հյուլե» գրական ակումբի անդամներն, ովքեր այս անգամ մի փոքր խախտել էին ավանդույթն ու բացի գրքի քննարկումից, նշում էին նաև Ամանորը: Այս անգամ ևս նրանք ապացուցեցին իրենց գրքասեր ու պարտաճանաչ լինելը, ինչն էլ հենց համարվում է ակումբականների գլխավոր բնութագիրը: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, նախատոնական եռուզեռին, նրանք կրկին միասին էին՝ քննարկելու Չարլզ Դիկենսի «Սուրբ ծննդյան երգը» պատմվածքն ու համանուն ֆիլմը: Եղան նաև հյուրեր, ովքեր, բաց չթողնելով ընձեռնված հնարավորությունը, այստեղ էին՝ արտահայտելու համար իրենց կարծիքը: Հատկանշական է այն, որ նրանք բոլորը տարբեր տարիքային խմբերից են ՝ 11 տարեկան Արփիից սկսած, սակայն բոլորն էլ ունեն նույն նախասիրությունները:

Հանդիպումը լի էր հետաքրքիր ու անմոռանալի պահերով, և ինչու ոչ, նաև անակնկալ այցելուներով: Հյուլեականներին իր ներկայությամբ անակնկալ մատուցեց գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն, ով այդ պահին «Հայ գիրq» գրախանութում  էր՝ ներկայացնելու համար իր նոր՝ «Մայրը» և «Երեք ընկերները» ստեղծագործությունները: Առաջինում ներկայացված է 1910 թվականի արևմտահայության զարթոնքի շրջանը: Իրադարձությունները կատարվում են Պոլսում: Երկրորդում՝ փարիզյան «մենքի» շրջանն է: Գրականագետն իր խոսքում նշեց, որ թեմատիկ առումով երկուսն էլ գլոբալ նորություններ են: Գիրքը ձոնված է Գրիգոր Հակոբյանին: Նվիրելով իր ուսուցչի հիշատակին՝ հեղինակն իր պարտքն է համարում շարունակել նրա գործը: Գիրքն արդեն հասանելի է գրախանութներում:

Հետաքրքիր հանդիպման ավարտից հետո հյուլեականները խաղացին վերջին օրերին ակտուալ  դարձած  Secret Santa հետևյալ կերպ. մասնակիցներից յուրաքանչյուրը մեկական Հյուլե-Սանտա քարտ էր ընտրում, որի վրա որևէ մեկի անունն էր: Այն մարդուն, ում անունն էր գրված լինում, նրան էր տրվում էր նվերը, որը մասնակիցները նախապես էին բերել՝ հետաքրքիր, կրեատիվ, մեծամասամբ` հենց իրենց  ձեռքով պատրաստած:

Այնուհետև «Հյուլե» գրական ակումբի հիմնադիր Արշակ Արշակյանն ամփոփեց տարին, որը լի էր հետաքրքիր գրքային քննարկումներով, ուսուցողական ու հետաքրքիր օրերով: Սկսելով գրքի քննարկումը՝ նա հակիրճ ներկայացրեց  Չարլզ Դիկենսի «Սուրբ ծննդյան երգը» պատմվածքի ու համանուն ֆիլմի մասին իր կարծիքը՝ ցուցաբերելով հրաշալի մոտեցում ու խոսելով գրքի առավել կարևոր կետերի մասին: Ակումբականներից Ամալյան էլ նշեց, որ գիրքն իրեն օգնել է անտարբեր չլինել կյանքի հանդեպ, և պատմվածքը բնորոշեց որպես կյանք վերդառնալու միջոց: Հնչեցին հետաքրքիր, երբեմն միմյանց հակասող կարծիքներ, որոնցից էր նաև հարցը՝ գիրքը՞, թե՞ համանուն ֆիլմը: Որոշների կարծիքով ֆիլմն ավելի ազդեցիկ էր, որոշներն էլ նախընտրեցին գիրքը:

Չարլզ Դիկենսի «Սուրբ ծննդյան երգը» պատմվածքը միայնակ մարդու դժբախտության մասին է, ով սկսել է չսիրել Սուրբ Ծնունդն ընկերոջ մահից հետո: Եղանակի նկարագրությունը լրացնում է Սքրուջի հոգու մռայլությանն ու խավարին: Նա ամենուր սկսել էր միայն վատը տեսնել ու կատարել սխալ քայլեր: Ընթերցողն իսկապես սկսում է մրսել տիրող մռայլության նկարագրումից: Եվ ինչպես Դիկենսն է նշում պատմվածքում՝ այս հոգեղեն փոքրիկ գրքում նա փորձել է արթնացնել ոգու մի գաղափար, որի շնորհիվ իր ընթերցողները չեն նեղանա ո՛չ իրենք իրենցից, ո՛չ միմյանցից, ո՛չ տոնական օրերից և ոչ էլ հեղինակից:

Թող այդ ոգին սիրով հաստատվի բոլորի տներում, և ոչ ոք չցանկանա բաժանվել նրանից:

 

Արաքսյա Սահակյան

3-րդ կուրս

Կիսվել