«ՋՈՆԱԹԱՆ ԼԻՎԻՆԳՍԹՈՆ ԱՆՈՒՆՈՎ ՕՐԿԱՆ» ԵՎ ԵՍ

«ՋՈՆԱԹԱՆ ԼԻՎԻՆԳՍԹՈՆ ԱՆՈՒՆՈՎ ՕՐԿԱՆ» ԵՎ ԵՍ

1860

Սեփական անձի ընդունում, թեթևություն, մտքի ազատություն և  ներքին հնարավուրությունները  ճանաչելու ձգտում։

Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի պրեմիերան էր։

Ձգտում է Օրկան լինել այն, ինչ կարող է լինել, լինել սիրուն որակներով «ես»։  Հարցնում է ՝ ով է այդ «եսը», և  որպես առաջընթացի երաշխիք  տրվում է  այդ որակները  ունենալու զգացում, ու  ոգևորված  ուզում է իրեն ճանաչել այդ վիճակը պահպանելու համար։  Առաջանում է նրան ներքևում պահող ճնշում, դիմադրություն, հասկանում է, որ ինչ ուժով որ դա ազդում է  իր վրա, նույն ուժով նա է  ճնշման վրա ազդում  և դրանով է առաջ շարժվում։ Ապա նրան թույլ է տրվում վայելել այն միտքը, որ  ցանկանում է բարձրանալ։

Խորանում է  իր  մեջ ՝ վերանալով իրենից։ Եվ նորից ճնշում։  Օրկան սկսում է իրեն ո՛չ թե տեսնել, այլ՝ զգալ։  Եվ նրան տրվում է նոր միտք։ Առաջ գնալու քայլերը դառնում են հավասարաչափ, հասկանում է, որ ոչինչ էլ չարժե ընդունել որպես պատրանք։

Եվ վերջում տրվում է հարց.

-Իսկ դու գիտե՞ս, թե ուր ես գալիս։

Համերգի ավարտից հետո մոտեցա նվագախմբի անդամներից մեկին. «Օրկայի» նոտաներն էի ուզում ունենալ. որոշել էի սիմֆոնիայի մասին ակնարկ գրել։ Ասացին՝ մոտենամ վաղը։

Նախքան տուն գնալս Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» տպեցի, որ վերընթերցեմ։

Կարդում էի և ճայի գործողությունները փորձում լսել որպես երաժշտություն, ապա գրել լսածս, որ «Օրկայի»  նոտաները վերցնեմ և համեմատեմ իմ լսած ՝ «ճայի» երաժշտության հետ։

Հաջորդ օրը  տրանսպորտում մտածում եմ՝ որքանով եմ կարող կարդացածս գրել որպես երաժշտություն. գիտելիքներս ինձ դեռ չեն տալիս նման լայն հնարավորություն։ Եվ ընդհանրապես, ակնարկս ընթերցողին  ինչու եմ ուզում ասել, որ «Օրկան» և Բախի «Ճայը» ունեն նույն ասելիքը։ Քիչ անց նույն տրանսպորտ  նստեց  ինձ սիրելի Գայանե Կեսոյանը. լույս կոմպոզիտոր է։ Ինձ տեսնելիս միշտ հարցնում է՝ վերջերս ինչ փոփոխություններ ունեմ ինձ մոտ։ Պատմեցի նաև ակնարկ գրելուս մասին, հետո, որ ընտրածս ձևը չեմ կարող արդարացնել։ Ասաց.

-Գիտե՞ս, խնդիրը քեզ ինչ-որ վիճակների հետ համեմատելն է, ինչու՞։

Ավելի մոտ եկավ ինձ, թվում է՝ ասելու է մի բան, որ կողքիններին չի կարելի լսել։ Ապա հազիվ լսելի ձայնով շարունակեց։

-Տիեզերքը քո մեջ է. դու կարող ես լինել և՛ սա, և՛ նա։ Քո մեջ այդ միտքը արդեն կա, կարողացել է ձև ստանալ։

Օպերայի մոտ իջա։ Երիտասարդական նվագախումբը դեռ փորձի էր. մի քիչ սպասեցի, հետո իմացա, որ չեմ կարող «Օրկայի» նոտաներն ունենալ. տխուր էր, բայց՝ բնական։ Էլ չզանգեցի, որ իմանամ՝ ինչու չեմ կարող նոտաներն ունենալ. երաժշտությունը արդեն իմ մեջ է այնպես, ինչպես ճայը։

Հիմա փորձում եմ սիմֆոնիան լսելով տեսնել. սա մի օր ինձ մոտ կստացվի, և ակնարկն էլ այլ սիմֆոնիայի մասին կգրեմ։

 

Մարիամ Բաղդասարյան

3-րդ կուրս

Կիսվել