ԶԳՈՒՇԱՆԱ՞ՆՔ, ՂԵԿԻՆ ԿԻՆ Է

ԶԳՈՒՇԱՆԱ՞ՆՔ, ՂԵԿԻՆ ԿԻՆ Է

1991

Արդեն երկու տարի է` Լիլիանան երթևեկում է սեփական մեքենայով: Նշում է, որ մեքենան առաջնահերթ անհրաժեշտություն է. «Բյուջեիս մեծ մասը ծախսում էի երթուղայինների վրա և որոշեցի մեքենա վարելու դասընթացների գնամ` օրերից մի օր սեփական մեքենաս ունենալու ակնկալիքով››: Ծննդյան տոնին ընդառաջ, հորն այն հարցին, թե ինչ նվեր է ցանկանում, Լիլիանան կեսկատակ-կեսլուրջ պատասխանել է` մեքենա: Անակնկալը իրեն սպասեցնել չի տվել. ‹‹Այսօրվա պես հիշում եմ այդ օրը. հունվարի 23-ն էր, հայրս Թիֆլիս էր գնացել, դա ինձ մոտ  կասկած չէր առաջացրել, որովհետև գործի բերումով հաճախ են նման դեպքեր լինում, երեկոյան ուշ ժամի հայրս զանգեց և խնդրեց իջնեմ իրեն օգնելու, իջա և տեսա այդչափ սպասված նվերս` մեքենաս››:

Մեր աղջիկ վարորդն անկեղծանում է, որ սկզբնական շրջանում առանց հոր ուղեկցության ղեկին չի նստել. «Կստեմ, եթե ասեմ, որ պապայի հետ հանգիստ եմ եղել, որովհետև նրա անհանգստությունն ինձ էր փոխանցվում և նյարդերս տեղի էին տալիս (ծիծաղում է): Հիշում եմ առաջին տուգանքս եղել է կարմիր լույսի խախտում. հերթական անգամ պապայի հետ դուրս էի եկել մեքենա վարելու: Պապան ասաց` դե, շնորհավոր բալես, ես էլ ասեցի, որ չշեղեիր, չէի շփոթվի ու էդպես հաջորդ օրվանից ղեկին նստեցի մենակ»:

Լիլիանան օրինապահ վարորդ է և, գրեթե, խախտումներ չի անում. «Երբ ղեկին ես լինում, իմ կարծիքով, պետք է լինես ծայրաստիճան զգոն, ոչ թե տուգանքներ չկատարելու, դա իր հերթին, այլ ուղևորներիդ և հետիոտների կյանքը վտանգի չենթարկելու համար: Ես ուշադիր վարորդ եմ և իմ կողքին ապահով է նստել. դե բացի պապայից, ով միշտ ուղղորդում է ինձ` անկախ իմ լավ կամ վատ վարելուց»:

Լիլիանայի համոզմամբ, ի տարբերություն նախորդ տարիների, հիմա կին վարորդների հանդեպ հասարակությունն ավելի դրական վերաբերմունք ունի. «Երբ դեռ նոր էի սկսել վարել, նկատում էի վարորդների ջերմ վերաբերմունքն ու զիջողականությունը: Հիմա ավելի վստահ վարորդ եմ և օրեցօր այդ վստահությունս մեծանում է ու համոզված եմ, որ կին վարորդները մեր օրերում չեն զիջում տղամարդկանց»:

Վարորդական վկայական ստանալու օրը Լիլիանան ժպիտով է հիշում. «Եթե սկսնակ վարորդներն, իսկապես պատկերացնեն, հրապարակի այդչափ փոքր լինելը երևի շատ ավելի համարձակ կգնան քննության»:

Ասում են՝ կինը ղեկին նման է աստվածուհու, քանի որ նրան տեսնելիս հետիոտները խաչակնքվում են, իսկ մյուս վարորդները՝ աղոթում: Կատակը՝ կատակ, բայց հասարակության վերաբերմունքը կին վարորդների հանդեպ փոխվել է: Մեր անցկացրած լրագրողական հարցումը ցույց տվեց, որ հարցված տղամարդկանց 50 տոկոսը դրական արտահայտվեց կին վարորդների մասին, իսկ մյուս մասը համամիտ էր այն կարծրատիպին, որ կնոջ տեղը խոհանոցն է. «Էլ ի՞նչ կին, որ պիտի մեքենա վարի. դա կանանց հարիր չի»: Մինչդեռ հարցված կանանցից գրեթե բոլորը ցանկություն հայտնեցին մեքենա վարել. «Դա մեր օրերում ոչ թե թիթիզանալու միջոց է, այլ մեծ անհրաժեշտություն, որ զգում է ցանկացած տարիքի իգական սեռի ներկայացուցիչ»: Կանայք վստահ են՝ «Եթե տղամարդը կարող է գորգ գործել կամ լավ մասնագետ լինել խոհանոցում, ապա իրենք էլ կարող են հրաշալի վարորդներ լինել»:

Ըստ Ճանապարհային ոստիկանության վիճակագրության` ճանապարհատրանսպորտային պատահարների 90%-ի մեղավորները տղամարդիկ են: Զոհերի թվում ևս տղամարդիկ ավելի մեծ թիվ են կազմում: Ավտովթարների պատճառով մահացած կանայք հիմնականում ուղևորներ են: Կանայք դառնում են գերազանցապես փոքր վթարների մեղավորներ:

Տղամարդկանց մեղքով տեղի ունեցած ավտովթարները արագության գերազանցման ու ալկոհոլի օգտագործման արդյունք են: Փորձը ցույց է տվել, որ կին վարորդները թույլատրելի 60-փոխարեն երթևեկում են 50 արագությամբ: Կանայք ավելի հաստատված ու կայացած են զգում իրենց ղեկին և շատ դեպքերում հենց սա է տղամարդկանց հունից հանում:

Ճանապարհային ոստիկան Արմեն Մկրտչյանը նշում է, որ կին վարորդների հետ կապված հումորային դեպքերի հաճախ է հանդիպում. «Հիմնականում լինում է, որ, երբ կանգնեցնում եմ մեքենան, շարունակում են ընթացքն ու չեն կանգնում»:

Փորձեցինք պարզել երբևէ նման դեպք պատահել է Լիլիանայի հետ, նա անկեղծացավ` ասելով, որ ոչ միայն չի բախվել նման դեպքերի, այլև իրենք ոստիկաններն են վախենում իրեն կանգնեցնել. «Այ շատ ակտուալ հարցի անդրադարձաք. մի դեպք եղել է, երբ ոստիկանը կանգնեցրել է և խնդրել ցույց տալ վարորդական իրավունքս, ու երբ ես տվեցի, որ նայի, նա բարձրաձայնեց` Օսիպյա՞ն, ես էլ լավ հասկանալով` ում նկատի ունի, ասացի այո, չնայած, որ ոչ մի բարեկամական հարաբերության մեջ չեմ հասարակությանը հայտնի Օսիպյանի հետ: Այդ դեպքից հետո երբեք ոչ մի ոստիկան չի կանգնեցրել մեքենաս»:

Հոգեբանորեն կանայք ավելի հավասարակշռված են: Հոգեբան Սաթեն Գրիգորյանը փաստում է, որ մարդիկ կարծում են, թե կանայք վտանգավոր վարորդներ են, սակայն, իրականում, կանայք ավելի ադեկվատ են սահմանային իրավիճակներում, քան տղամարդիկ: Կանայք ավելի քիչ են բռնկվում ու դուրս գալիս հուներից: Ըստ հոգեբանի` կարծրատիպերը ազդում են նաև կանանց հոգեբանության վրա. «Տղամարդ վարորդների ազդանշաններն ու քամահրական վերաբերմունքն անհանգստություն է պատճառում կին վարորդներին: Լարվածություն առաջանում է նաև աջ-ձախ ոտնակների կողմնորոշման պարագայում»:

Հոգեբանորեն, հաճախ, կանայք նաև մեքենա վարելու վախ են ունենում: Սա, որպես կանոն, ավելի հաճախ առաջանում է սկսնակ վարորդների մոտ, այն հիմնականում պայմանավորված է սեփական ուժերի հանդեպ անվստահությամբ ու վարելու փորձի բացակայությամբ: Կանանց մեծ մասը չի կարողանում բացատրել, թե հատկապես ինչից է վախենում: Ընդհանրապես վախենում են այն մտքից, թե ինչ պետք է անեն, եթե, օրինակ, ճանապարհի կեսին մեքենան փչանա:

Հայաստանում գործում է «Կին վարորդների ֆեդերացիա»-ն, որն աջակցում եւ ամեն կերպ փորձում է կին վարորդներին քաջալերել: Այն գրեթե ամեն տարի կազմակերպում է ավտոմրցույթներ՝ կանանց ու աղջիկների մասնակցությամբ: Կին վարորդների ֆեդերացիայում աշխատում են նաեւ կանանց համար ամենաբարդի՝ավտոմեքենաների կայանման ուղղությամբ.  վարժությունների շնորհիվ սովորեցնում են ճիշտ կայանել:

Ֆեդերացիային կարող են անդամագրվել 18 տարին լրացած, վարորդական իրավունք ունեցող իգական սեռի բոլոր ներկայացուցիչները: Անդամակցության կարևոր պայմաններն են համապատասխան փաստաթղթերի առկայությունը ու վարելու կարողությունը:

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է՝ ամենակարևորը անվտանգ երթևեկությունն է: Թեև կանայք ավելի ուշադիր են և հետևում են անվտանգությանը, կին վարորդների մասին հումորներ չեն դադարում ստեղծվել տղամարդկանց կողմից: Ասում են՝ «Զգուշացե՛ք, ղեկին կին է»:

 

Ռիմա Համբարձումյան

4-րդ կուրս

Կիսվել