Դինամոն` ծաղկաշատ իրականություն

Դինամոն` ծաղկաշատ իրականություն

3313

Բազմիցս լսել էի` գոյություն ունի ծաղիկների շուկա, բայց երբեք չէի եղել: Մի օր առավոտ կանուխ որոշեցի արթնանալ և գնալ, թերևս  ինձ անծանոթ, բայց շատերին հայտնի Դինամոն, որտեղ ըստ պատմածների ծաղիկների բազմազանություն է տիրում և ընտրություն կատարելը բավականին բարդ է: Առավոտյան ժամը 7-ին, երբ դեռ մարդիկ քաղցր քուն են մտնում, ես արդեն կանգնած էի Դինամոյի դիմաց, որտեղ բեռնատար մեքենաների տեղ ու դադար չկար: Երբ հասկացա, թե շուրջս ինչ է կատարվում արդեն կողքից լսեցի. «Ծաղիկները վերջանում են, քուրիկ ջան, ի՞նչ ծաղիկ ես ուզում»,- ասաց մի երիտասարդ, ով վարդերի տարատեսակ գույներ ուներ: Ես լուռ մի քանի անգամ շրջեցի ամբողջ շուկայով մեկ և պատահական մի վաճառողի մոտեցա, ով արդեն հավաքում էր իր ունեցած ծաղիկները և ինձ խորհուրդ տալիս մյուս անգամ ավելի շուտ գալ, եթե ցանկանում եմ գեղեցիկ և շատ ծաղիկների ընտրություն կատարել. «Բալես, էս ժամն արդեն ուշ ա, վայրկյաններ ա տևում, երբ ծաղկի խանութի աշխատողները գալիս ու խելքից դուրս քանակությամբ տանում են ծաղիկները, ու բան գրեթե չի մնում: Տես, հեսա 8-ն ա դառնում ու արդեն քիչ-քիչ հավաքվում են մարդիկ, էլ իմաստ չկա, նենց որ հաջորդ անգամ կգաս ավելի շուտ»:

Ծաղիկների գներն, ինչ խոսք, անհամեմատ մատչելի էին ծաղիկների խանութներից: Վարդերի գները պայմանավորված էր տեղական կամ հոլանդական լինելուց:

Մրցակցություն ևս կար. վաճառողները ջանք չէին խնայում ծաղկի գներն էլ ավելի իջեցնելու, որ հաճախորդը հենց իրեն մոտենա. «Վարդի փունջը 5000 ասե՞ց, ազիզ ջան, արի ես 4000-ով կտամ նույնից, Նառային է կասեմ քո համար ձրի կփաթաթի, կտանես»:

Նառան Դինամոյում մեծ սեր է վայելում, ինչպես հասկացանք նա այդտեղ աշխատում էր որպես ծաղկի դիզայներ, ով իր աշխատանքն անում էր սիրով ու ջանասիրաբար: Իր փոքրիկ կրպակը գտնվում էր անկյունում, որտեղ ավելի շատ ծաղիկներ կային, քան այդ պահին ամբողջ շուկայում: Երբ մոտեցա իրեն մի քանի հարց տալու, ստիպված էի սպասել կամ հերթի մեջ կանգնել: Որոշեցի խնդրել, որ թույլ տա  նրա աշխատանքին կողքից հետևել և քանի, որ կրպակն այնքան փոքր էր, որ ներսում նստել հնարավոր չէր, ուստի ստիպված եղա մոտ մեկ ժամ սպասել. «Իմ մոտ միշտ ծանրաբեռնված ա, կներես: Ես ամենաշուտը գալիս, բայց ամենաուշն եմ տուն գնում: Անհնարա հասցնել: Գրեթե բոլորը ուզում են ծաղիկները մշակեմ, փաթեթավորեմ, նոր տանեն»:

Նառան անկեղծացավ նաև, որ ունի մշտական հաճախորդներ, ովքեր զանգահարում են իրեն ու խնդրում, որ իրենց նախընտրած ծաղիկները գնի, փաթեթավորի մինչ կմոտենան կվերցնեն. «Շատերը կան, ովքեր ժամի պատճառով չեն գալիս, ալարում են, բնական ա, էդ ժամին ոչ մեկ քունը կիսատ չի թողնի ու բռնի Դինամոյի ճամփան, եթե մի զանգով կարող ա լուծի էդ բոլոր հարցերը. դե ես էլ օգնում եմ, մեծ բան չի, մեկ ա գալիս եմ գործի, եթե կարող եմ օգտակար լինել, ես միայն ուրախ եմ»:

Մինչ Նառան ինձ պատմում էր դեսից-դենից, հերթում կանգնած մարդիկ փորձում էին իրենց հերթն առաջ գցել` բարեխոսելով իրենցից առաջ կանգնածներին. «Սիրածս աղջկա համար են, որ խնդրեմ կարող եմ շուտ անել, տանել. դե նախքան դասի սկսվելն եմ ուզում անակնկալս անեմ, պապի ջան»: Ի պատասխան երիտասարդի անկեղծ լինելուն, պապիկն իր հերթը զիջեց. «Նառ ջան, էս երեխունն արա, թող տանի, հասցնի, հետո իմը կշարունակես. դե մենք էլ ենք ջահել եղել, գիտենք սերն ինչ լավ բան ա, եթե էլի ջահելներ կան, ասեք, տեղս ձեզ էլ կզիջեմ, երեխեք ջան, հետո որ պսակվեք ինձ էլ չմոռանաք, ամեն ինչ սկսվում ա էս ծաղիկից, էհ, նաև իմ արած էս բարեհոգությունից (ծիծաղում է)»:

Նառան լուռ լսում էր երիտասարդի և պապիկի բանակցությունները և քթի տակ ծիծաղում. «Ամեն օր այ սենց ուրախ ա անցնում իմ մոտ, հավես ա, որ մարդիկ լեզու են գտնում իրար հետ ոչ թե իրար միս ուտում, որ հերթը պահեն, ոնց կարգն ա»:

Նարինեն խոստովանեց, որ ամենաժամանակատարը վարդերի ճյուղերը մաքրելն է և հաճախորդների նախասիրություններին համապատասխան թղթերի ընտրությունը. «Լինում են դեպքեր, ովքեր ինձ արդեն ճանաչում են, գալիս ասում են` Նառ ջան, քո ճաշակով արա, տանենք և հակառակ սրան ունեմ էնպիսի հաճախորդներ, ովքեր ժամերով կարող են մոլորվել թղթերի բազմազանության մեջ և այդպես էլ չհասկանալ, թե ինչ են ուզում. այս դեպքում նորից խորհուրդներովս փորձում եմ օգտակար լինել»:

Ի տարբերություն նախորդ տարիների, և հիմնվելով աշխատանքային փորձի վրա` Նառան նշեց, որ հիմա  մարդիկ ավելի նախապատվությունը տալիս են պարզ, հասարակ ձևավորումներին. «Շատ քիչ են այն մարդիկ, ովքեր ճոխ ձևավորումներ են նախընտրում: Հիմա մեծամասնությունը միատոն թերթերին է հակված և դա ավելի է ընդգծում ծաղիկների գեղեցկությունը»:

«Նառայի բարեհոգությունը սահմաններ չի ճանաչում և այդ հարցում բազմիցս համոզվել եմ»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ նրա մշտական հաճախորդներից մեկը, ում հերթը դեռ չէր հասել. «Մի օր մի երիտասարդ աղջիկ առաքիչ էր փնտրում, որ ծաղիկները տանեն, բայց բոլորը զբաղված էին, Նառան, չնայած ավարտել էր իր աշխատանքը և հանգիստ կարող էր գնալ տուն, փոխարենը մնաց այդ աղջկա հետ և օգնեց առաքման հետ կապված բոլոր հարցերը լուծել: Սա իր մարդկային հատկանիշների մասին է խոսում»:

Ժամը 10-ն էր, երբ Նառան, գրեթե, ավարտում էր իր աշխատանքը, բայց անընդմեջ այդքան ժամ ոտքի վրա անցկացնելուց հետո, նրա դեմքին հոգնածության ոչ մի նշան չէր նկատվում, հակառակը նա ժպիտը դեմքին խորհուրդ էր տալիս ինձ ևս հետևել իր օրինակին` չնայած նրան, որ ես արդեն սառնությունից չէի զգում իմ քիթն ու ականջները. «Բա գիտես իմ ջանը քար ա: Էսպես ամեն օր ժամը 6-ից ես այստեղ անդադար գործ եմ անում: Արդեն սովորական ա դարձել դրա համար էլ ես չեմ զգում ցուրտը»:

Տպավորված Նառայի ոգևորությամբ և այդ օրը բովանդակալից անցկացնելու ուրախությամբ` շտապում էի արդեն հրաժեշտ տալ Նառային և բռնել տան ճանապարհը` քունս առնելու ակնկալիքով, երբ Նառան բացականչեց. «Էս ու՞ր առանց ծաղիկ, բա էսքան ժամ մնացիր հետս, որ առանց ծաղիկ հեռանաս, սպասի քո համար էլ մի գեղեցիկ փունջ պատրաստեմ»:

 

Ռիմա Համբարձումյան

4-րդ կուրս

Կիսվել