ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՋՈՂՎԱԾ ԲԻԶՆԵՍ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՍՆՈՒՄ Է

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՋՈՂՎԱԾ ԲԻԶՆԵՍ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՍՆՈՒՄ Է

1596

Լևոն Ստեփանյանն արդեն երկու տարի է, ինչ զբաղվում է գործարարությամբ։ Նա լավատեսությամբ նկատում է՝ ցանկացած երիտասարդ կարող է հասնել հաջողության, ամեն ինչ մեր ձեռքերում է։ Երիտասարդ գործարարը սկսնակներին խորհուրդ է տալիս իրենց գաղափարներն անպայման իրականացնել, անգամ եթե դրանք սկզբում հաջողությամբ չպսակվեն։ Դեպի գործարարություն իր անցած ուղու, բիզնեսնախաձեռնությունների, ճանապարհին հանդիպած դժվարությունների և դրանք հաղթահարելու ուղիների մասին է մեր զրույցը երիտասարդ գործարար Լևոն Ստեփանյանի հետ։

-Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել գործարարությամբ։

– Գործարարության հանդեպ հատուկ վերաբերմունք եմ ունեցել դեռ փոքր տարիքից։ Դպրոցական տարիներին երբեմն զբաղվել եմ փոքր ապրանքների առևտրով։ Համալսարանն ավարտելուց հետո սկսեցի աշխատանք փնտրել։ Բայց աշխատանքային փորձ չունենալու պատճառով միշտ մերժում էին։ Մի օր որոշեցի՝ իսկ ինչու՞ իմը չհիմնել։ Որոշեցի հիմնադրել առցանց գրախանութ, որը պետք է զբաղվեր գրքերի առաքումներով։ Գրախանութի բացումը եղավ 2016 թվականի հունվարի 19-ին։ Սկսեցի պատվերներ ընդունել, առաքումներ կատարել։ Ընթացքում հաճախորդների համար պատրաստում էինք անակնկալներ, գրքերի հետ դնում նվերներ՝ նրանց մոտիվացնելու և դեպի մեր գրախանութ ուղղորդելու նպատակով։

-Մտավախություններ չունեի՞ք, որ կարող է չստացվել։

-Երբեք չեմ մտածել այն մասին, որ կարող է ինչ-որ բան չստացվել։ Հայաստանը գտնվում է Երկիր մոլորակում, և ինչ հնարավոր է Երկիր մոլորակի մյուս երկրներում, նույնը հնարավոր է Հայաստանում։ Ամեն ինչ կախված է մեզանից և ամեն բան մեր ձեռքերում է։

-Հուլիսի 1-ին Ձեր ծննդավայր Հրազդան քաղաքում տեղի ունեցավ Ձեր սրճարանի բացումը։ Սրճարանի բացման գաղափարի հեղինակը միայն դուք՞ էիք, թե՞ ունեիք գաղափարակից ընկերներ։

-Գաղափարակից ընկերներ ունեի, բայց գաղափարը հիմնականում իմն էր, պարզապես ընկերների և որոշ կամավորների օգնությամբ կարողացանք նախագիծն իրականացնել։ Սրճարանի բացման գաղափարը պատահական ծնվեց։ Ընկերներս օգնելու պատրաստակամություն հայտնեցին։ Այսօր ևս նրանք օգնում են ինձ՝ ազատ ժամանակ զբաղվելով սրճարանի զարգացմամբ։

-Ձեր բիզնեսները կայացնելու ճանապարհին դժվարությունների հանդիպե՞լ եք և ինչպե՞ս եք կարողացել հաղթահարել դրանք։

-Գրախանութում շատ քիչ են դժվարությունները, հիմնականում սպասարկման կամ առաքման հետ կապված։ Փոքր խնդիրներ են։ Իսկ արդեն սրճարանում բավականին շատ խնդիրներ կան։ Նախ մտածելակերպի խնդիր կա։  Իր ձևաչափով այն հակասրճարան է, որը մի փոքր դեռ անհասկանալի նախագիծ  է քաղաքացիների համար։ Բայց ինձ թվում է, մարդիկ ժամանակի ընթացքում կհասկանան դրա իմաստն ու նշանակությունը։ Հրազդան քաղաքում այն երիտասարդական ժամանցի միակ կենտրոնն է, մշակութային, զարգացնող լուրջ նախագիծ, որը, վստահ եմ, ժամանակի ընթացքում քաղաքի երիտասարդների համար շատ լուրջ միջավայր է հանդիսանալու թրեյնինգների, սեմինարների, զարգացնող պրոկտների, ինտելեկտուալ խաղերի, գրքային միջոցառումների համար։ Բայց խնդիրն այն է, որ ինչ-որ առումով լինելով  նաև սոցիալական նախագիծ՝ չունի որևէ առավելություն կամ արտոնություն մնացած հարկատուների նկատմամբ։

-Ազատ ժամանակ ունենու՞մ եք և ինչո՞վ եք զբաղվում այդ ընթացքում։

-Ազատ ժամանակ շատ քիչ եմ ունենում, բայց ունենալու դեպքում փորձում եմ այն լրացնել աշխատելով, նոր ծրագրերի ստեղծման մասին մտածելով, որբեմն իվենթներ եմ իրականացնում։ Եթե շատ ազատ եմ լինում, երբեմն gg տաքսի եմ վարում։ Բայց դա հազվադեպ։

-Ելնելով սեփական փորձից՝ ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ գործարարներին։

-Խորհուրդ կտամ իրենց գաղափարները անպայման իրականացնեն, անգամ եթե դրանք սկզբում հաջողությամբ չպսակվեն։ Այդ ընթացքում իրենք գոնե բավականին փորձ ձեռք կբերեն։ Նրանց, ովքեր չգիտեն որտեղից սկսել, խորհուրդ կտամ կամավորական սկզբունքով աշխատել.  դա ևս փորձի ձեռքբերման լավ ճանապարհ է։

-Ձեր կարգախոսը։

-Երբեք չհանձնվել։ Սա իմ կարգախոսն է, որը ցանկանում եմ, որ ողջ հայ ազգինը լինի։ Երբեք չպետք է հանձնվել, թողնել երկիրը գնալ՝ մտածելով, որ այստեղ հնարավոր չէ։ Ամեն ինչ հնարավոր է ու հենց այստեղ էլ հնարավոր է։

 

Մարիամ Ադամյան

4-րդ կուրս

Կիսվել