ՔՐԻՍՏՈՆՅԱ ՔԱՂԱՔԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ

ՔՐԻՍՏՈՆՅԱ ՔԱՂԱՔԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ

1545

Մաշտոցի պողոտայով անցնելիս, թերևս, բոլորի մոտ է հետաքրքրություն առաջացնում Կապույտ մզկիթը։ Այս հնաշեն կառույցը արտաքինից գրավում է անցորդներին իր հետաքրքիր գունախաղով։ Բոլորը չեն, որ համարձակվում են մտնել և տեսնել մզկիթը, մինչդեռ տարիներ շարունակ այն հյուրընկալում է հազարավոր զբոսաշրջիկների։

Մզկիթ մտնելուն պես մենք տեսնում ենք մի ցուցանակ, որտեղ նկարված է մզկիթ մտնելու պատշաճ տեսքը և հակառակը։ Ըստ նկարների՝ մարմնի միակ բաց մասը պետք է լինի այցելուի դեմքը։

Մզկիթն ունի 3 մուտք, 2 փոքրերը՝ արևելյան ու արևմտյան կողմերում, իսկ մեծը՝ հարավային։ Բուն մզկիթը գտնվում է հարավային կողմում։ Այն բաղկացած է 3 կամարակապ դահլիճներից, որոնք կապված են իրար։ Միջին մասում գտնվող ամենաբարձր դահլիճի վրա բարձրանում է գմբեթը։ Բակի հյուսիսային կողմում գտնվում է փոքր աղոթարանը:

Լենա Հակոբյանը արդեն 17 տարի է, ինչ աշխատում է մզկիթում։ Նա համակարգում է մզկիթի մշակութային աշխատանքները. մզկիթի գիդն է, գրադարանավարը, նաև դասավանդում է ուսումնական կենտրոնում: Մզկիթի մասին Լենա Հակոբյանը պատմում է «Այն ժամանակ Երևանում խանություններ էին, և այդ ընթացքում այստեղ 9 մզկիթ կառուցվեց, բայց պահպանվեց մեկը, որովհետև մեր մեծանուն Չարենցը կարողացավ այս շինությունը փոխել-դարձնել պատմության թանգարան։ Այսպես պահպանվեց 70 տարի։ Գորբաչովյան ժամանակաշրջանում Իրանը վերանորոգեց այն, և նորից սա դարձավ մզկիթ, արդեն 25 տարի է»:

Տիկին Հակոբյանի խոսքով` սա մշակույթի մի տեսակի յուրահատուկ կենտրոն է։ Մզկիթում գործում է դպրոց, որտեղ դասավանդում է նաև հենց ինքը։ Հարցին, թե ո՞ր ազգերն են ավելի շատ այցելում մզկիթ, Լենա Հակոբյանը պատասխանեց. «Ավելի շատ ռուսներն են այցելում, պարսիկները, բայց ֆրանսիացիներ էլ են գալիս, անգլիացիներ»:

Ի դեպ, այս տարի լրանում է Կապույտ մզկիթի հիմնադրման 250-ամյակը: Հայաստանը ոչ միայն ամենաբարձր մակարդակով պահպանում ու հոգ է տանում այս կառույցի մասին, այլև աշխատանքներ է իրականացնում Կապույտ մզկիթը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու ուղղությամբ:

 

Մարիամ Ադամյան

4-րդ կուրս

 

Կիսվել