Աշխարհում շուրջ 18 միլիոն երեխա զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից: Այս մասին գրված է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) էջում: Հայաստանը այս թվի քանի° տոկոսն է կազմում չենք կարող ասել, քանի որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը միայն հանրակրթական դպրոցներում ուսումն անավարտ թողած աշակերտների մասին վիճակագրություն ունի: Սակայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը նշեց.
-Կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը միայն ԿԳՆ-ի խնդիրը չէ: Ըստ մեր հաշվարկների կրթությունից դուրս է մնում տարեկան մոտ 300 երեխա, որը մեկ տոկոսից էլ քիչ է:
Այս խնդիրը փորձել է լուծել ՀՀ ԿԳՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը՝ ստեղծելով ծրագիր, որով այդ երեխաներին կհաշվառեն և կինտեգրեն հասարակություն:
-Եթե նույնիսկ մեկ երեխա ՀՀ-ում չի իրացնում կրթության իրավունքը, դա արդեն խնդիր է պետության համար: Հստակ, ավտոմատ կերպով մենք կստանանք տեղեկություն ՝ որ համայնքում կա ծնված երեխա անուն-ազգանունով, որը դպրոցում չի: Այս ծրագիրը թույլ կտա նաև տեսնել այդ հարցերով զբաղվող աշխատակիցների թերացումները.- ավելացրեց Արտակ Պողոսյանը:
Կարոն 8 տարեկան է, երբեք կանոնավոր կերպով դպրոց չի գնացել, տառերի մի մասը գիտի, իսկ մյուս մասը կսովորի երկու տարի ուշացումով: Արդեն կանոնավոր կերպով դպրոց կհաճախի շնորհիվ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի: Այս ամենից Կարոն շատ էր ուրախացել.
-Արդեն նոր հագուստ ունեմ, կհագնեմ և կգնամ դպրոց, գրքերս էլ են նոր: Բոլորին խոստացել եմ դրանց մեջ չգրել և լավ սովորել:
ՀՕՖ-ը շարունակում է զբաղվել նմանատիպ երեխաների խնդրով և վերականգնում է նրանց իրավունքը, որն է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ կրթության և հանրակրթության մասին օրենքը: ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի փոխտնօրեն Ռամոնա Կտակյանը իր խոսքում նշեց.
-Այս տարի մենք աշխատել ենք 182 երեխայի հետ, որոնցից 34-ը կրթությունից դուրս մնացած էր: Մայրը գումար չունի երեխային հագցնելու, պայուսակ գնելու և դպրոց ուղարկելու: Պետությունը պետք է այս ամենը կարգավորի:
Դպրոց չգնացող երեխաներ ավելի շատ սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներում են, երբեմն-երբեմն երեխաները դասը թողնում են աշխատելու համար: ՀՀ օրենսդրությունը նրանց ծնողների համար տուգանք է նախատեսում, որը մինչև այսօր չի գործել: Կրթական գերատեսչության մոտեցումն է՝ ծնողներին ոչ թե տուգանել, այլ բացատրել և օգնել է պետք: Կրթությունը երեխայի իրավունքն է, այն պետք չէ երազանք դարձնել:
Գոհար Նալբանդյան
4-րդ կուրս