ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1983 թվականից ի վեր ապրիլի 18-ը համաշխարհային օրացույցում առանձնացվել է որպես հուշարձանների պաշտպանության միջազգային օր:
Երևան քաղաքի հուշարձանները այսօր ներկայանում են նորովի: Արձաններից շատերը այսօր ունեն գիշերային լուսավորություն և դրանց շրջակայքը արդեն կանաչապատ է: Մշակույթի նախարարությունը սկսել է մի ծրագիր, որի շնորհիվ արձանները հնարավոր է տեսնել եռաչափ անիմացիոն պատկերով, լուսանկարվել և լսել ուղեկցող ձայնային հաղորդագրություն: Arloopa ընկերության ներկայացուցիչ Արմինե Ղազարյանը նշեց. «Հատուկ հավելվածի շնորհիվ մարդիկ արդեն կարող են տեսնել Հ. Թումանյանի և Ա. Սպենդիարյանի արձանների եռաչափ անիմացիոն պատկերը, այս տեսակոնտենտը կպահպանվի և խոսքը անընդհատ կթարմացվի, նախագիծը շարունակական բնույթ է կրում, հուշարձաններից մի քանիսը ևս շուտով կներկայանան նորովի»:
Չնայած ինչքան էլ հուշարձանները փորձում են ներկայացնել նորովի, այդուհանդերձ արդի խնդիր է արձանների պահպանումը: Հուշարձանները մաքուր պահելու գործառույթը իրականացնում էր «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ն, որը պայմանագիր ուներ և վճարվում էր արձանները մաքրելու համար, սակայն վերջինս 2015 թվականից սնանկ ճանաչվելու պատճառով այլևս գործունեություն չի ծավալում: Այս աշխատանքը այժմ իրականացնում է Երևանի քաղաքապետարանը: Թեմայի շուրջ խոսեցինք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ: Նա նշեց, որ այս պահին մաքրման աշխատանքներ իրականացվում են ոչ միայն Երևանի կենտրոնում, այլև մյուս վարչական շրջաններում: «Բոլոր արձանները պարբերաբար լվացվում են, այդ աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի և քաղաքապետին կից երիտասարդության հարցերի կամավորները, այդ աշխատանքներում մեզ աջակցում է նաև ԱԻՆ-ը հատուկ փրկարարական տեխնիկայով»: Արթուր Գևորգյանը նաև նշեց, որ նախորդ տարիներին այդ աշխատանքները ավելի պասիվ էին, և քաղաքապետարանը այդ հարցով չէր զբաղվում: «Այսօր ավելի հաճախ են լվացվում արձանները, ուղղակի դրանց գույներից շատերի մոտ թույր կարծիք է ձևավորվել, թե դրանք չեն լվացվում: Վերջին անգամ արձանները լվացվել են համաքաղաքային շաբաթօրյակին, նշեմ նաև, որ արձանները, ի տարբերություն նախորդ տարիների, այսօր արդեն լվացվում են հատուկ նյութերով, միջազգային ստանդարտներին համապատասխան՝չնայած այս ամենի կարծում եմ, որ այդ խնդրով պետք է նաև զբաղվի Մշակույթի նախարարությունը»:
ՀՀ մշակույթի խորհրդական Րաֆֆի Զախարյանին շատ զարմացրեց քաղաքապետարանից ստացված պատասխանը. «Երևանի քաղաքապետարանում տարօրինակ պատասխան են տվել, – ասաց նա, – քանի որ արձանների պահպանությունը, դրանց մաքրության պահպանումը քաղաքապետարանի, և ոչ թե մշակույթի նախարարության ֆունկցիան է: Դա համայնքների խնդիրն է, ոչ թե մշակույթի նախարարության, որովհետև դրանք գտնվում են այդ համայնքներում: Հուշարձանները ընդհանրապես պետության ենթակայության տակ են, բայց դրանց սպասարկումն ու մաքրումը, ամենօրյա հետևելը վարչական շրջանների ու քաղաքապետարանի գործառույթն է»:
Ու՞մ գործառույթն էր սա, հարցվածներից քչերին հետաքրքրեց, բայց դրանք մաքուր տեսնելը ՝բոլորի ցանկությունն էր: Ամեն տարի մաքրման աշխատանքներին մասնակից Աննան էլ նշեց, որ բոլորը պետք է մտահոգված լինեն այդ խնդրով. «Ամեն տարի մասնակցմում եմ շաբաթօրյակին, առաջին հերթին դա անում եմ ինձ համար, հետաքրքիր է քաղաքին յուրովի եմ ճանաչում, իմ փոքրիկ լուման եմ ունենում քաղաքի մաքրության գործում, բացի այդ մենք պետք է զբոսաշրջիկներին մեր քաղաքը ինչպես հարկն է ներկայացնենք, և ամենակարևորը՝ մաքուր, չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր կոտրում են արձանները, կամ ներկերով ինչ որ բաներ են գրում դրանց վրա»:
Գոհար Նալբանդյան
4-րդ կուրս