ՀԱՐՈՒԹ ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆ. «ԱՅՍՕՐ ԿԱՐԾԵՍ ԲՈԼՈՐ ԵՐԳԵՐԸ ԿՈՇԻԿԻ ՄԱՍԻՆ ԼԻՆԵՆ»

ՀԱՐՈՒԹ ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆ. «ԱՅՍՕՐ ԿԱՐԾԵՍ ԲՈԼՈՐ ԵՐԳԵՐԸ ԿՈՇԻԿԻ ՄԱՍԻՆ ԼԻՆԵՆ»

1768

«Ինձ ասացին, որ դասախոսություն պիտի կարդամ: Ասացի` ես երգել չգիտեմ, ո՞նց կարդամ»: Այսպես հումորով ու ժպիտով փետրվարի 16-ին ՀՊՄՀ ուսանողների հետ հանդիպեց ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը`խոսելով իր անցած ուղուց, ժամանակակից երգարվեստի մարտահրավերներից: Շուրջ 44 տարի ԱՄՆ-ում բնակվող երգչի համար կյանքում առաջնային սկզբունքը մեկն է` ինչ էլ որ անես, պետք է անես անթերի. «Դրա համար էլ ես երգեր չեմ գրում: Դա ինձ տրված չէ»: 17 տարեկանում հրապուրված լինելով ռոքնռոլ երաժշտությամբ` երգում էր` առանց բառերն իմանալու: Հետո սիրահարվեց ֆրանսիական երաժշտությանը` իր համար իդեալ դարձնելով Շառլ Ազնավուրին: «Նա դարձել է իմ հեռական ուսուցիչը»,- ասում է Հարութ Փամբուկչյանը` ընդգծելով, որ բեմն ու երգարվեստը պատնեշ են, որտեղ մնալու համար պայքարել է պետք: Ժողովրդի կողմից որպես «Ձախ Հարութ» ընդունված երգչի համար դժվար է առանձնացնել «սիրելի երգ» ասվածը: Համեմատություններ է անցկացնում, քննարկում` ի վերջո լսարանի համար բացահայտելով իր այցեքարտը դարձած երգը. «Ծնողին չես կարող հարցնել, թե 5 երեխայից որ մեկին ես սիրում: Բայց իմ գործերից առանձնացնում եմ «Տարիները անցան» երգը: Գիտե՞ք` էդ երգով քանի զույգ եմ ամուսնացրել»:

Հարութ Փամբուկչյանը չի սիրել դպրոցը: Ասում է` չնայած այդ հանգամանքին` երգի դասերին 5 էր ստանում. «Եթե 6 լիներ, 6 էլ կստանայի»: Ժամանակակից երգարվեստի ամենամեծ թերությունը համարում է նույնատիպ ու կրկնվող տեքստերը: Երիտասարդներին էլ խորհուրդ է տալիս երաժշտության ասպարեզում երբեք չշտապել` վստահեցնելով, որ հաջողության գրավականը տարիների աշխատանքն է. «Այսօր կարծես բոլոր երգերը կոշիկի մասին լինեն: Ասես բոլորը մեկ հոգի գրած լինի: Անընդհատ նույն բառերն են` ես, դու, նա…»: Երգիչն անդրադարձավ նաև «Եվրատեսիլ» երգի մրցույթին`այն համարելով անհաջող հարթակ որակյալ երաժշտության համար. «Այդ մրցույթը ոչինչ չի տալիս, քաղաքականացված է: Այնտեղ մի կոճակով մի գիշերում կարող են դառնալ առաջինը, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում մեկ CD-ի երգացանկից որևէ մեկն այնքան կարող է սիրվել, որ երգչին փառք բերի»:

Հանդիպման ավարտին երգիչն ուսանողների համար կիթառ նվագեց` երգելով իր գործերից մի քանիսը:

Նելլի Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել