«ԿԱՐԴԱ՛, ԳՐԻ՛Ր․․․» ԿԱՄ ԿԱՐՈՂ ԵՍ ՄԻԱՅՆ ԿԱՐԴԱԼ

«ԿԱՐԴԱ՛, ԳՐԻ՛Ր․․․» ԿԱՄ ԿԱՐՈՂ ԵՍ ՄԻԱՅՆ ԿԱՐԴԱԼ

2060

«Կարդա՛, քանի որ Աննուշկան արդեն լցրել է ձեթը» կամ «Գեղեցկուհին և հրեշը Փարիզում»․ գիրք նվիրելու օրվան ընդառաջ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» և Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» կերպարանափոխվել են։ Փետրվարի 18-ին, Մաշտոցի պողոտայում, չնայած անձրևոտ ու մռայլ եղանակին,  իսկական «գրավառություն» է։ Նախաձեռնողը Բուկինիստ գրախանութն է։ Երեք օր առաջ մի գաղափար էին իրագործել՝ «Գրքասերներին խորհուրդ են տալիս հայտնիները»․ Սերգեյ Սարգսյան, Էրիկ Անթառանյան, Լալա Մնացականյան, Արման Նշանյան։ Գրավաճառուհի Անուշ Վասիլյանի խոսքով, այցելուներն անհամամետ շատ են։ Ընթերցողները ոգևորվում են այն մտքից, որ գրական փորձով կարող են կիսվել իրենց սիրելի հայտնի մարդու հետ կամ նրանից խորհուրդ ստանալ։

Գրախանութի փոքրիկ ակյունում գրքասերների համար հետաքրքիր անակնկալ կա։ Հայտնի ու սիրված գրքերը անճանաչելիորեն կերպարանափոխված ու անթափանցիկ փաթեթավորմամբ են, իսկ վրան՝ հուշող բառեր, որոնց միջոցով ամենանուրբ «հոտառություն» ունեցողները պետք է գուշակեն գիրքը։

«Երեք գիրք գուշակելու դեպքում հաճախորդները 20% զեղչ ստանալու հնարավորություն ունեն։ Կարծում եմ՝ ոգևորող և օգտակար գաղափար է։ Մասնակիցները շատ են, բայց գրեթե բոլորն անսխալ գուշակում են գրքերը։ Ամենաարագը, բնական է, գուշակում են բեսթսելլեր համարվող գրքերը, ինչպես՝ Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր»-մ կամ Ջ․ Ռոուլինիգի «Հարրի Փոթեր»-ը»,- ասում է Անուշ Վասիլյանը։

Անձրևոտ եղանակին գրախանութ շտապած Էլինա Ղոնախչյանը գրքերի հանդեպ յուրահատուկ զգացմունք ունի․ այնքան շատ է գիրք գնում, որ տանը նույնիսկ բարկանում են։ Կարդում է հիմնականում ռոմանտիկ գրականություն, այցելում «Հյուլե» գրական ակումբ, որտեղ հաճույքով քննարկում է նոր կարդացած ստեղծագործությունները։ Նախընտրում է գրքեր, որոնց սյուժեին փոքր-ինչ ծանոթ է, սակայն ավարտը դեռ չգիտի։ Գրքի ընտրութան հարցում մեծ դեր ունեն նաև վերնագիրն ու շապիկը։ Սիրելի երկը Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»-ն է։

Գիրք խորհուրդ տվող վերջին հերոսը դերասան, երաժիշտ, հումորիստ կամ պարզապես գրքասեր Հայկ Պետրոսյանն է։ Ընդամենը մեկ ժամ ունի՝ այցելուների հետ զրուցելու, նրանց «գրական դեղատոմս» տալու համար։ Կատակում է․ «Մեկը լիներ՝ ինձ խորհուրդ տար», հետո ավելացնում՝ «Ուրախ եմ, որ կարող եմ ինչ-որ կերպ օգնել, ուղղություն տալ մեր գրքասեր երիտասարդներին»։ Գրախանութի դռնից մինչև Հայկ՝ երկար ու բարակ հերթ է․ գիրքը ձեռքին սպասում են, մոտենում ու միասին անհրաժեշտ եզրակացության գալիս․ կարդալ տվյալ գիրքը, թե՝ ոչ։ Հերթի մեջ նաև 7-ամյա Դավիթն է՝ միջոցառման ամենափոքր գրքասերը։ Չնայած տարիքին՝ նա արդեն հասցրել է սիրահարվել ու լուրջ մտահոգված է՝ ինչ գիրք կարդալ աղջկա սիրտը գրավելու համար։ Հայկի խորհրդով, Դավիթը Վալտեր Սքոթի «Այվենհո»-ն է տուն տանում, որպեսզի ասպետական սիրո մասին պատկերացում կազմի։ Ինքը՝ Հայկը, սիրում է ամենատարբեր ժանրերի գրքեր, կարևորը՝ մտորելու տեղիք տվող սյուժե ունենա։ Ամենամեծ գրական ազդեցություններից մեկը 17 տարեկանում է ունեցել՝ Ջեկ Լոնդոնի «Մարտին Իդեն»-ը կարդալիս։ Կատակում է․ «Երբ ընթերցում էի, ինձ գլխավոր հերոս Սանտիագոյի դերում էի պատկերացնում։ Հենց դա էր ուսման, գրքերի հանդեպ մեծ սիրո շարժառիթներից մեկը»։ Հայկի՝ ամենաարագ ընթերցած գիրքը Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսը»-ն է։ Ասում է՝ «արագ կարդալը տարիքով է պայմանավորված, ունեցած ապրումները՝ նույնպես»։ Չի ընդունում, երբ պարտադիր ընթերցանության ցանկեր են կազմում, սակայն առանձնացրեց մի քանի հեղինակ ու գիրք, որոնք բոլորին ասելիք ունեն․ Շեքսպիրի ստեղծագործությունները, Դանթեի «Աստվածային կատակերգություն»-ը և Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ»-ը։ Վերջում ժպտալով ավելացրեց․ «Պարտադիր ընթերցանության մեջ նաև «Երեք խոզուկներ»-ը պետք է ներառել․ խորը ասելիք ունի և բեկումնային հայացքներ է ձևավորում։ Վերջինը, բնականաբար, լուրջ էր։

 

Նելլի Մելքոնյան

3-րդ կուրս

Կիսվել