«ԴԵՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱՐՀԵՍՏ Է»

«ԴԵՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱՐՀԵՍՏ Է»

2219

Արդեն երեսուն տարի է՝ դերձակ Սուրեն Ղազարյանը իր արհեստանոցն ունի, ուր անցկացնում է օրվա մեծ մասը՝ անթիվ կտորներով, գունավոր թելերով ու տարատեսակ գործիքներով միշտ խառը աշխատասեղանի շուրջ ընդունելով ու ճանապարհելով ծանոթանծանոթ մարդկանց: Եւ չնայած անցած երկար ճանապարհին, հաճախ ասում է. «Ես քսան տոկոսի չափ հազիվ տիրապետեմ այս արհեստին. սրա մեջ մնալու համար մարդ ինքն իր մեջ իր համար շատ բաներ պիտի հաղթահարի»:

Ինչպե՞ս ընտրեցիք դերձակի մասնագիտությունը:

-Դպրոցական տարիներին ուսմանը զուգահեռ Հայորդյաց տուն էի գնում, դերձակությունը հենց այնտեղ եմ սովորել: Այդ ժամանակ 5-6-րդ դասարան էի: Հայրս չէր ուզում, որ արհեստավոր դառնայի, ես էլ, նրա խնդրանքը չմերժելով, որոշեցի դպրոցից հետո Թեթեւ արդյունաբերության տեխնիկում ընդունվել, կրթություն ստանալ: Առանց պարապելու գնացի հայոց լեզվի քննության: Շարադրության ազատ թեման մինչ օրս հիշում եմ. «Մտորումներ կյանքի շեմին» : Առանց սեւագրելու գրեցի, թուղթը նույնիսկ չհերիքեց: Բայց դե, ես իմ սխալները գիտեի. գրում էի՝ տառերը բաց թողնելով, ու երբ կարդում էի, չէի նկատում այդ: Չգիտեմ՝ ինչ ուշադրությամբ պիտի կարդայի, որ նկատեի: Մի խոսքով, ինձ ասացին՝ տասներորդ դասարանի վկայականդ տար, ութինը բեր, առանց քննության կընդունենք, բայց ես չուզեցի, որովհետեւ հանրակրթական առարկաները նորից սովորելով՝ անիմաստ տարի էի կորցնելու: Թողեցի, դուրս եկա: Դրանից հետո մեկնեցի բանակ: Այդպես էլ չսովորեցի, բայց երեւի թե պետք էր. 40 տարեկանում ուզում էի տղայիս հետ գնալ, սովորել, բայց արդեն հոգսեր կային, աշխատանք…

Բանակից հետո ինչպե՞ս դասավորվեց կյանքը:

-Ընդունվեցի «Նոր տարազ» արտադրական գործարան,  բայց որոշ ժամանակ անց իմ դիմումի համաձայն դուրս եկա. միշտ ուշանում էի աշխատանքից, առավոտյան շուտ չէի կարողանում գնալ: Դե, որովհետեւ գիշերը չէի քնում, ուզում էի ոչինչ բաց չթողնել՝ ոչ ընկերներին, ոչ փողոցը, ոչ աշխատանքը: Նաեւ «Անուշ» գործարանում եմ աշխատել: Իսկ իմ արհեստանոցը գործում է արդեն 30 տարի: Բայց շատերը չգիտեն էլ, որ այստեղ արհեստանոց կա: Գովազդներ կամ պաստառներ չեմ փակցնում. նորմալ մարդու, նորմալ աշխատողի ինչի՞ն է գովազդը: Ես երբեք հաճախորդի կարիք չեմ ունեցել, հիմա նույնիսկ ինքս եմ խուսափում նրանցից, որովհետեւ ֆիզիկականս ու ժամանակս արդեն էլ չեն հերիքում. կամ այստեղ եմ՝ արհեստանոցում, կամ գյուղում:

Ինչո՞վ եք զբաղվում գյուղում:

– Ուզում եմ գյուղից չկտրվել. իմ տատի ու պապի գերեզմաններն այնտեղ են, նաեւ հորս եմ այնտեղ թաղել… Արդեն վեց տարի է, ինչ հողամաս ունեմ, խնամում եմ, նաեւ՝ տուն կառուցում: Եթե հիմա պատրաստ լիներ, կգնայի, այնտեղ կապրեի: Տարածքը պարսպապատած է, գործ անելիս համարյա թե մարդ չեմ տեսնում, շուրջս սարեր են, թռչուններ ու չորս եկեղեցի: Առաջ չէի սիրում այդ տեղը, ձորի մեջ է, հիմա սիրտս կպել է: Փոքր երեխայի նման հոգ եմ տանում, գիտեմ ամեն ծառի թերությունն ու հիվանդությունը: Ես այնտեղ անջատվում եմ, հանգստանում, կարծես ինքս ինձ բուժում տամ:

-Դերձակի աշխատանքի համար մարդկային ի՞նչ որակներ են պետք:

-Դե, ամենակարեւորը արհեստին լավ տիրապետելն է, հետո՝ չխաբելը, մարդկանց հարմարվելը: Մի խոսք կա, չէ՞, ասում է՝ клиент всегда прав: Շատերը կեղտոտ հագուստը երեխաների ձեռքն են տալիս, ուղարկում: Այդպես ո՞նց կլինի: Ես ախր պիտի աշխատեմ դրա վրա, չէ՞: Բժշկի նման օրվա ընթացքում մի քանի անգամ ձեռքերս լվանում եմ: Իհարկե, ամեն ինչ փոխել չես կարող, պիտի ինքդ բալանսի բերես, որոշ բաներից հրաժարվես:

-Ժամանակակից նորաձեւության մասին ի՞նչ կասեք:

-Հիմա իմ ժամանակը խիստ սահմանափակ է, ես հետ եմ գնում ՝ փոխանակ առաջ գնալու: Այսինքն՝ ես անում եմ այն, ինչ գիտեմ, նորի հետեւից էլ չեմ հասցնում: Դե, որովհետեւ վերջին մի քանի տարիներին իմ ուշադրության կենտրոնում ամենից շատ մայրս էր, իմ ամենամեծ մասնագիտությունը նրան խնամելն էր: Ինձ մոտ հիմա գալիս են մարդիկ, ովքեր կամ ուրիշ տարբերակ չունեն կամ իմ հին հաճախորդներ են կամ էլ պատահական անցորդներ:

Ի՞նչ հարցերով են հիմնականում դիմում Ձեզ:

-Թե վերանորոգելու, թե կարելու: Բայց մեծ, լուրջ գործերն ինձ ավելի հետաքրքիր են,  ասենք՝ վերարկուներ, պիդջակներ… Արհեստը հենց դրանց մեջ է, որտեղ կարողանում ես հոգի դնել: Ընդ որում, կապ չունի՝ տղամարդու թե կնոջ:  Մի օր հայտարարություն փակցրի, որ մի կին դերձակ գտնեմ կանացի հագուստներ կարելու համար: Օրը տասը հոգի գալիս էր, բայց ոչ մեկն էլ լավ մասնագետ չէր: Նույնիսկ ես, այսքան տարի այս գործի մեջ լինելով, հազիվ քսան տոկոսի չափ տիրապետեմ, թեպետ ամեն ինչ կարողանում եմ կարել: Բայց կարելը հո պարզապես կպցնելը չէ՞ՙ, տեխնոլոգիա կա, հազար ու մի բան կա: Սա անսահմանափակ արհեստ է, չինական այբուբեն: Ես շատ աշակերտներ եմ ունեցել այն նույն տեխնիկումից, ու բոլորն էլ բանի պետք չեն եղել, երեւի լավ էր, որ չընդունվեցի, նորմալ ոչինչ չէին սովորեցնում:

-Իսկ Դո՞ւք ում եք աշակերտել:

-Իմ առաջին ուսուցիչը Հայորդյաց տան ուսուցիչս էր՝ Հովհաննես Ուլջչյանը: Հայրենադարձ էր, շատ լավ վարպետ: Ռուբեն Մաթեւոսյանի հագուստներն էր կարում, պարի, դերասանության խմբակի հագուստները: Ես էլ նրան օգնում էի: Մյուսները շաբաթական երկու օր էին գալիս, ես, անկախ մեր պարապմունքներից, ամեն օր գնում էի: Իսկ այսօր շատերը ասում են՝ գործ չկա: Գործ միշտ էլ կա, մասնագետ չկա: Մարդիկ ծուլացել են, ամենասարսափելին՝ ծույլ, անգյալ մարդն է. գողին ես ինչ-որ տեղ կհասկանամ, բայց անգյալ մարդուն չեմ հասկանում: Ժամանակին այսպես չէր:

Ավելի հե՞շտ էր կյանքը:

Լավ բաներ կային, բայց վատերն էլ շատ էին. համակարգը մարդուն չէր թողնում զարգանալ, սպանում էր մարդուն:  Հիմա մեր երկիրը իսկական երկիր է, աշխատող մարդու երկիր, ուղղակի մարդիկ են չարացել. սովորական կենցաղի համար իրար ուտում են, նախանձում: Այն ժամանակ այդպես չէր, եթե նույնիսկ չար էին, ցույց չէին տալիս:

Բայց այսօր էլ, երբ հեռուստացույցով Ղարաբաղ եմ լսում, դող է ընկնում մարմինս, կարծես միկրոինֆարկտ ստանամ: Ամեն անգամ թվում է՝ քո երեխան է, զոհվող ամեն զինվորի հետ մի ընտանիք հեչ է լինում: Ես շատ բաներից կհրաժարվեի, միայն թե խաղաղություն լիներ:

-Ի՞նչ եք Դուք երազում:

-Որ իմ ընտանիքը, հետո իմ մեծ ընտանիքը՝ երկիրս, խաղաղ լինեն, որ կյանքը դեպի լավը փոխվի: Նոր ուրիշ ի՞նչ կարող եմ երազել: Ինձ շատ բան պետք չէ: Ինչ որ կարողանում եմ, ես կանեմ, միայն թե առողջությունս ների: Որ հանկարծ հիվանդանամ, չկարողանամ աշխատել, չեմ դիմանա: Անցյալ տարի ընկել, ձեռք կոտրել էի. Ոչինչ չանելուց մնացել էի շիվարած, երրորդ օրը գիպսը հանեցի, գցեցի:

 

Միլենա Խաչիկյան

2-րդ կուրս

Կիսվել