«ԱՄԵՆ ԻՆՉ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԷՐ, ԲԱՑԻ ՊԱՏՎԻՑ». ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆ

«ԱՄԵՆ ԻՆՉ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԷՐ, ԲԱՑԻ ՊԱՏՎԻՑ». ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆ

2366

Զրուցակիցս գրող, կրոնագետ, արձակագիր, վերջին շրջանում ամենաընթերցված գրքերից մեկի՝ «Ռոդենի ձմռան» հեղինակ Դավիթ Սամվելյանն է:

-Ե՞րբ և ինչպե՞ս եք կատարել առաջին քայլերը ստեղծագործական ասպարեզում:

-Երբ առաջին քայլեր ես կատարում, ասպարեզի մասին չես էլ մտածում, պարզապես գրում ես: Յուրաքանչյուրս էլ ստեղծագործում ենք ինչ-որ կերպ, անգամ մինչ դպրոց գնալը: Մեկը նկարում է, մյուսն՝ ավազից կամ կավից իրեր պատրաստում, կամ էլ գրում: Ես նույնպես բացառություն չեմ և առաջին բանաստեղծություններս դպրոցական տարիքում եմ գրել, որոնք ոտանավորներ եմ անվանում: Դե իսկ դրանից հետո՝ ուսանողական տարիներին, հարմար գտան ուսանողական թերթում բանաստեղծություններիցս մեկը տպագրել, չնայած դա էլ ասպարեզ չեմ համարում: Երբ, 2014 թվականին, տպագրվեց «Նա և նրա» էսսեների ժողովածուն, այ դա էլ երևի թե Ձեր նշած ասպարեզ մտնելն է. գիրք գրելիս պատասխանատու է պետք լինել:

-Երբևէ քննադատություններ լսե՞լ եք, և ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:

-Եթե որևէ գործ, աշխատանք քննադատվում է այն պարզապես չհավանելու, այսինքն, զուտ սուբյեկտիվ տեսանկյունից, լուրջ վերաբերվել պետք չէ, իսկ մտահոգությունից բխող կամ կոնկրետ մասնագիտական քննադատությունը նորմալ է: Դա արդեն խորհրդի տեսք է ընդունում: Լսել եմ քննադատություն, և լավ է, որ կա: Առաջին քննադատներս եղել ու մնում են մարդիկ, ովքեր և՛ նույն ասպարեզից են, և՛ ինձ մտերիմ:

-Ավարտել եք ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը: Ո՞ր մասնագիտությունն է առաջնային ձեզ համար և ինչու՞:

-Մասնագիտությամբ կրոնագետ եմ, բուն մասնագիտությունս դա է: Սակայն կյանքի բերումով այլ մասնագիտությունների ևս տիրապետում եմ: Դեռ չեմ հանդիպել դիպլոմավորված գրողի. կարող ես լինել բանասեր, լեզվաբան, գրականագետ, սցենարիստ, ռեժիսոր, գրաքննադատ, բայց դիպլոմավորված գրող… չգիտեմ…

-Կա՞ որևէ գիրք,  որն առանձնահատուկ է Ձեզ համար, և ինչու ոչ, նաև օրինակելի:

-Շատ են, ամեն տարիքում եղել են այդպիսիք, բայց առաջնայինը մի քանիսն են. նրանք, որոնք դրդում են քեզ ավելի լավը դառնալ: Անուն չտամ, միայն վերջին կարդացածս տպավորիչ գիրքն ասեմ՝ Հաքսլիի «Չքնաղ, նոր աշխարհը». տրամադրածդ ժամանակի համար չես ափսոսում:

-Ձեր  ստեղծագործությունների կիզակետում մարդն է, վերջինիս ներաշխարհը: Ինչո՞վ է պայմանավորված այս ընտրությունը:

-Բոլոր ժանրի, տիպի, արվեստի, մշակույթի ճյուղերի ստեղծագործություններն էլ ուղղակի կամ անուղղակի կերպով անդրադարձ են կատարում, վերաբերվում են մարդկանց: Ինքս էլ, իմ տեսանկյունից, իմ իմացածի ու պատկերացրածի, ցանկացածի չափով եմ անդրադարձել. բացառություն չեմ:

-«Ռոդենի ձմեռը» Ձեր չորրորդ ժողովածուն է . «Լուսե երազ» , «Նա և նրա» և «Արտագաղթած կարոտ» ժողովածուներից հետո: Ինչո՞վ է այն առանձնահատուկ Ձեզ համար:

-Մի տեսակ հոգու պարտքի պես բան էր շատ ծանոթ ու անծանոթ մարդկանց, ապրած տարիների պատմության հանդեպ: Իսկ կառուցվածքային առումով, ի տարբերություն նախորդ գրքերի, այստեղ գերակշռում են պատմվածքները. երևի թե նաև դրանով:

-Խոսվում է, այսպես կոչված, «մութ ու ցուրտ» տարիների մասին . ինչպե՞ս եք վերաբերվում այդ շրջանում մարդկային փոխհարաբերության փոփոխմանը:

-Հենց գրքից մեջբերումով պատասխանեմ. «Ամեն ինչ վաճառվում էր, բացի պատվից…»:

-Գրքի վերջին երկու հավելվածներում զետեղված են գործեր նախորդ գրքերից. ի՞նչ սկզբունքով են ընտրվել դրանք:

-Հավելվածներից մեկում բանաստեղծություններ են, որոնք շատերին անծանոթ են, իսկ երկրորդ հավելվածում Ձեր նշած նախորդ գրքերից ընտրված գործեր: Ունեն մի սկզբունք՝ տարածված, սիրված ու ընդունված լինելը: Այն մարդիկ, ովքեր ցանկացել են ունենալ նախորդ գրքերից, բայց տպաքանակի վերջանալու պատճառով չեն հասցրել, որոշ չափով կարող են դրանք գտնել այս գրքում:

-Արդեն վաճառքում է գրքի երկրորդ հրատարակությունը: Ինչպիսի՞ն էր զգացողությունը, երբ առաջին անգամ Ձեր ձեռքը վերցրիք Ձեր իսկ գիրքը:

-Մտքերդ, հույզերդ, մտորումներդ ավելի շոշափելի են դառնում, սրտիցդ ու ուղեղիցդ դուրս եկածը, կարծես, հայտնվում է ափիդ մեջ:

-Կարելի է ասել  վերջին շրջանում միշտ, ամենաընթերցված գրքերի շարքում հանդիպում ենք «Ռոդենի ձմռանը». կանխատեսու՞մ էիք, արդյոք, նման հաջողություն:

-Տպագրելիս հաջողության հետևից չես ընկնում: Ամեն դեպքում, ես, որպես մարդ, ունեցել եմ և՛ մտավախություններ, և՛ որոշ ակնկալիքներ: Քեզանից անկախ,գիրքն իր ընթերցողին գտնում է, ինքն իր ուղին հարթում. երկար, թե կարճ՝ ժամանակն է ցույց տալիս:

-Առաջիկայում սպասվու՞մ են  նոր ստեղծագործություններ:

-Նոր ստեղծագործություններ կան: Դրանցից մեկը տպագրվել է «Նորք» ամսագրում, մի քանիսն էլ սպասում են տպագրության: Կլինեն դեռ…

-Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր առաջին քայլերն են կատարում որպես գրող:

-Շատ բան չէ. պարզապես թող ազնիվ լինեն իրենք իրենց ու ընթերցողի նկատմամբ: Թող գրել սիրելուց բացի, կարդալ սիրեն,ու ի նկատի ունենան,որ իրենց գրած անգամ մի տող կարող է դեպի դրականը կամ բացասականը փոխել ինչ-որ մեկի մի ակնթարթը, կամ ամբողջ կյանքը:

 

 

Արաքսյա  Սահակյան

3-րդ կուրս

Կիսվել