«ԵՍ ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ԻՆՉ-ՈՐ ԿԵՏԻ ՉԵՄ ՀԱՍԵԼ, ԱՅԼ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՄ»....

«ԵՍ ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ԻՆՉ-ՈՐ ԿԵՏԻ ՉԵՄ ՀԱՍԵԼ, ԱՅԼ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՄ». ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

1343

Մեզ հետ զրույցում իր մասնագիտության ընտրության, անցած ուղու մասին պատմում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:

Ե՞րբ որոշեցիք ընտրել մեծ բեմը և դառնալ դաշնակահարուհի:

-Սա այն եզակի մասնագիտություններից է, որը սկզբում ընտրում են ծնողները, որովհետև շատ վաղ հասակում է որոշվում, որ պետք է զբաղվել այս մասնագիտությամբ: Բոլոր երաժիշտներն էլ փորձում են 5-6 տարեկանից մտնել երաժշտության աշխարհ: Հետո դու ես որոշում շարունակել զբաղվել այդ մասնագիտությամբ, թե ոչ: Պետք է ասեմ, որ բավականին դժվար է  հրաժարվել այդ աշխարհից, եթե դու արդեն խորացել ես, երբ  բեմերում ես եղել  և ապրել այդ գրավիչ պահը՝ շփումը հանդիսատեսի հետ: Ինչ վերաբերում է ինձ, պետք է ասեմ, որ շնորհակալ եմ ծնողներիս, որ ընտրել են  այս մասնագիտությունը` չհարցնելով իմ կարծիքը: Հասուն տարիքում ես հասկացա, որ սա իմն է, չեմ կարող ապրել առանց երաժշտության և մնացի այս մասնագիտության մեջ:

Ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին պատկերացումներն իրականություն դարձնելու համար:

– Հաճախել եմ  Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, 1985-90թթ. սովորել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1990-93թթ` ասպիրանտուրայում: Այսինքն այն ճանապարհը, որը պետք է անցնել, ամբողջությամբ անցել եմ: Ունեցել եմ շատ լավ ուսուցիչներ, ովքեր ավելի ամրապնդել են կարծիքս, որ սա ամենահրաշալի մասնագիտությունն է աշխարհում:

Դաշնամուրային ստեղծագործություն, որն առանձնահատուկ է ձեզ համար , կատարում եք առավել հաճույքով և տարբերում  մյուսներց:

-Կարող եմ ասել, որ դրանք շատ-շատ են, դժվարանում եմ առանձնացնել: Հիմնականում հակված եմ այն մտքին, որ դա այն ստեղծագործությունն է, որը այդ պահին կատարում ես, այսինքն, եթե դա քո նվագացանկում է այսօր և դու պետք է ներկայացնես  հանդիսատեսին, դա պետք է լինի ամենաառանձնահատուկը քեզ համար:

Աշխարհին ներկայացել եք բազմաթիվ համերգներով, կարո՞ղ եք առանձնացնել ձեր կյանքում կայացած ամենատպավորիչ համերգը:

-Բազմազան համերգներ են եղել: Մի քանի համերգասրահներ են եղել, որտեղ  շատ երաժիշտ-կատարողների համար երազանք է լինել և այդ բեմերում հանդես գալ: Նշեմ Վիեննայի «Musikverein» դահլիճը, Բրամսի  անվան դահլիճը, որտեղ հենց Բրամս էլ կատարել ենք,  Գերմանիայում մի քանի համերգասրահներ կան, որտեղ մեծ հաճույքով ելույթ եմ ունեցել: Կարող եմ  ասել, որ պարտադիր չէ համերգասրահը լինի հռչակավոր, կարևորը հանդիսատեսի ընդունելությունն է: Եթե կարողանում ես հանդիսատեսի հետ ճիշտ կոնտակտ ստեղծել, եթե ստեղծագործությունը միանգամից ընկալվում է  հանդիսատեսի կողմից, ապա դա ամենամեծ կախարդանքն է բեմում:

Ո՞վ է ձեր ամենալավ խորհրդատուն:

-Իմ մտերիմներն են, իմ հարազատները, ովքեր ինձ օգնելով կարող են, նաև ճշմարտությունը ասել, բայց երևի առաջին խորհրդատուն  իմ ինտուիցիան է, իմ զգայարանները, որոնք ինձ հուշում են, թե այդ պահին, այդ երեկոյի կամ համերգի ընթացքում ինչ բացթողումնր են եղել և ինչ նվաճումներ են եղել:

Ելույթներից առաջ հուզվու՞մ եք:

-Անպայման հուզմունքը առկա է, շատ կարևոր է հասկանալ, թե մինչև որ  չափը հուզմունքը կարող է օգնել  քեզ և ինչից հետո կարող է խանգարել,  այսինքն հուզմունք, բայց ոչ խուճապ:

Կարո՞ղ ենք ասել , որ ձեր երազանքներից  մեկը  ձեր դստերը՝ Սոնա Բարսեղյանին դաշնակահարուհի տեսնելն էր:

-Պետք է ասեմ, որ դա իմ երազանքը չի եղել, ընդհակառակը, ես չեմ ցանկացել, որ իմ երեխաները շարունակեն այս մասնագիտությունը` իմանալով ողջ դժվարությունները: Այնուամենայնիվ, նա ընտրել է դաշնակահարուհու  մասնագիտությունը և ես երջանիկ եմ, որ կարող եմ իր հետ շփվել և հասկանալ նրան նաև այս ասպարեզում:

Կիսու՞մ եք այն  կարծիքը, որ երաժշտությունը խլացնում է տխրությունը:

-Այո,  նույնիսկ տխրությունը դարձնում է հաճելի,  այդպես էլ կարելի է ասել:  Երաժշտությունը անսահման երջանկություն է  առանց որի ես չեմ պատկերացնում իմ կյանքը և կարծում եմ , որ շատերի կյանքը կլիներ գորշ, եթե այս կյանքում չլիներ  այսպիսի մի հրաշք, ինչպիսին երաժշտությունն է:

Ի՞նչ կմաղթեք  սկսնակ դաշնակահարներին, ովքեր ցանկանում են հասնել այն կետին , որին դուք եք հասել:

-Ես հուսով եմ, որ ինչ-որ կետի չեմ հասել, այլ ընթացքի մեջ եմ, որովհետև հասնել կետին և կանգնել դա վտանգավոր է: Սկսնակ դաշնակահարներին ես խորհուրդ կտամ առաջին հերթին սիրել այն գործիքը, որը ընտրել են, որովհետև առանց սիրո և նվիրվածության ոչ մի բանի հասնել հնարավոր չէ, քրտնաջան աշխատել և չփախչել աշխատանքից: Կատարողներին խորհուրդ կտամ  հիասթափություններից կանգ չառնել, կյանքում կլինեն և՛ դժվար պահեր, և՛ բացթողումներ, և՛ նվաճումներ, դրանք պետք է լինեն ցանկացած արվեստագետի կյանքում, պետք է ճիշտ գնահատել պահը, և ճիշտ եզրակացություններ անել:

 

Հարցազրույցը՝ Մանե Մուրադյանի

3-րդ կուրս

Կիսվել