«ԿՅԱՆՔՆ ԷԼ Է ԱԼԳՈՐԻԹՄԻ ՆՄԱՆ. ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ՊԻՏԻ ԱՌԱՋ ԳՆԱՍ»

«ԿՅԱՆՔՆ ԷԼ Է ԱԼԳՈՐԻԹՄԻ ՆՄԱՆ. ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ՊԻՏԻ ԱՌԱՋ ԳՆԱՍ»

1838

Զրուցակիցս Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Անելյա Հովաննիսյանն է: Անելյան շատ հաճախ աչքի է ընկնում իր վառ արտաքինով ու անկաշկանդությամբ: Մտածում է, որ առաջ շարժվելու համար ուղղակի պետք է մի քիչ ուշադրություն դարձնել քո մասին հնչեցված կարծիքին: Կապույտ գույնը համարում է իր կենսակերպի ու կյանքի անբաժան մասը:

Ինչո՞վ է պայմանավորվում մազերիդ կապույտ երանգի ընտրությունը, ի՞նչը առիթ հանդիսացավ նման քայլի համար:

Իրականում ոչ մի առիթ չկար, արդեն տարբեր գույներ փորձել էի, այս անգամ էլ որոշեցի կապույտը փորձել ու հենց էսպես կապույտ էլ մնաց: Բացի դա ես սիրում եմ կապույտ գույը:

Մազերիդ գույնի անընդհատ փոփոխությանը ծնողներդ ու հասարակությունը ինչպե՞ս էին վերաբերում:

-Եթե անկեղծ, ապա հասարակությունը այնքան էլ կարևոր չի ինձ համար, իսկ ծնողներս… դե մամաս սկզբից մի քիչ դեմ էր, բայց հետո սկսեց ուրախանալ, որ իր աղջիկը ինչ-որ բանով մնացածից տարբերվում է: Բայց այ տատի՜կս, հենց մտա տուն, մինագամից, թե ինչի՞ ես մազերդ տիկնիկի մազերի գույն ներկել ու վերջ:

Երբևէ եղե՞լ են այնպիսի դեպքեր, երբ արտաքինը ինչոր հարցում խոչնդոտ է առաջացրել, կամ եղե՞լ է մի արտահայտություն, որը հուզած լինի քեզ:

-Խոչնդո՞տ, չէ՜, ընդհանրապես չի եղել, բացի դա, իմ մասնագիտությունը էնպիսին է, ես ծրագրավորող եմ, որ կապ չունի դու տատուներ ունես, փիրսինգներ, թե կապույտ մազեր, աշխատանք հաստատ կունենաս: Բայց իրականում, երբ նոր էի ընդունվել, դասախոսներս մի քիչ «վախեցած» էին, թե՝ վա՜յ, կապույտ մազերով աղջիկ, ի՞նչ պիտի լինի և այլն, բայց հետո իմ ու դասախոսներիս հարաբերությունները ավելի լավը դարձան քան մնացածինը:

Ոչ մեկի արած կամ ասած արտահայտությունից երբևէ նեղված չկամ: Հիմնականում էնպիսի մարդիկ էն անում նման արտահայտություններ, ովքեր «չոլկաներ» ունեն (ծիծաղում է): Ինչքան էլ զարմանալի թվա, բայց տեսքս խրախուսողներն ավելի շատ են, մարդիկ են ովքեր հորդորում են, որ մնամ էն պայծառ գույների մեջ, որոնց մեջ կամ:

Ճարտարագիտական համալսարանում կերպարդ ո՞ւմ համար է ավելի ընդունելի:

-Մի քիչ զարմանալի է, բայց աղջիկներն ավելի խիստ վերաբերմունք ունեն, քան տղաները: Աղջիկներն ավելի շատ են հակված մտածելու, որ, եթե դու տարբերվող արտաքին ունես, ուրեմն հաստատ մոլի սովորություններ էլ կունենաս: Ես մինչև կուրսեցիներիս համոզեցի, որ ես մոլի չեմ, հոգիս չգիտեմ ուր հասավ (ծիծաղում է): Ախր էդպես չի, շատ աղջիկներ կան, ու ես ինքս էլ տեսել եմ, որ ունեն սովորական արտաքին, բայց փաբերից ու գարեջրատներից տուն չեն գնում, ծխում են: Շատ սխալ է մարդուն դատել զուտ են պատճառով, որ տարբերվող արտաքին ունի:

Կարո՞ղ ենք սպասել, որ մի օր հանդես կգաս ներկայիս տեսքիդ հակասող տեսքով:

-Այո, իհարկե: Ինչքան էլ չուզենք, բոլորս էլ մեծանում ենք, բայց կարծում եմ, որ դեռ մի փոքր ժամանակ ունեմ: Այ քսանհինգ և ավելի բարձր տարիքում դժվար թե լինեմ էնպիսին, ինչպիսին հիմա եմ: Սա ես ավելի շատ անում եմ, որպեսզի բավարարեմ իմ տարիքային հետաքրքրությունները, որ հետո չզղջամ գոնե մի անգամ չփորձելու համար:

Սիրում ես կապույտը, բացի կապույտը էլ ի՞նչ ես սիրում:

-Բացի կապույտը, ու կապույտից շատ սիրում եմ իմ մասնագիտությունը: Կարծում եմ, որ կյանքն էլ նման է ծրագրավորման, կյանքն էլ է նման ալգորիթմի, պիտի քայլ առ քայլ առաջ գնաս, լուծման համար բանաձևեր փնտրես, որպեսզի հասնես արդյունքի:

Սիրում եմ կերպարվեստ, նախընտրում եմ Վան Գոգին ու Սալվադոր Դալլիին: Սիրում եմ գրականություն և հատկապաես սատիրայի ու սարսափի ժանրերը: Իմ սիրելի գրողներն են Պալանիկը, Կաֆկան, Լավքրաֆթը, Քինգը, Բուկովսկին, իսկ ստեղծագործությունները՝ «Зов ктулху, Хлеб с ветчиной»:

Բացի գրականությունը և արվեստը, ի՞նչ այլ բնագավառով ես հետաքրքրվում:

Սիրում եմ ռոք երաժշությունը՝ հատկապես թրեշ և հարդ ռոք, միշտ երազել եմ սեփական ռոք խումբը ունենալ, որ բաղկացած կլինի տղաներից ու միակ աղջիկը ես կլինեմ: Դա ավելի շատ նպատակ է, քան երազանք: Բայց դեռ անուն չեմ մտածել(ծիծաղում է): Կիթառ եմ նվագում ու մեկ-մեկ էլ երգի բառեր եմ գրում, բայց որպես կանոն դրանք ոչ մեկ չի տեսնում, որովհետև պատռում եմ՝ զուտ էն պատճառով, որ դրանք պահի տակ գրված բաներ են, երբ հույզերդ չես կարողանում արտահայտել, գրում ես: Իսկ արդեն ամենաօրյա հետաքրքրություններս լրիվ այլ են: Սիրում եմ տեսախաղեր ու անիմե մուլտֆիլմեր:

Ինչու՞ հատկապես անիմեները:

-Ինձ համար անիմեի աշխարհը լրիվ ուրիշ է: Նախ էնտեղ ամեն ինչ սիրուն է նկարված, հետաքրքիր են շատ իրենց խաղով, էնտեղ շատ սեր կա, բարություն ու կախարդանք: Ընդհանրապես ես կախարդանքին հավատում եմ, մտածում եմ, որ աշխարհում մի տեղ հաստատ կախարդանք կա (ժպտում է):

Ո՞ր մոլտֆիլմի հերոսին ես նմանեցնում քեզ:

-Մուլտֆիլմի հերոս չէ, բայց այ ջրահարսի` այո նմանեցնում եմ, դա էլ երևի ավելի շատ նրանից է, որ մազերիս երանգը նման է ծովի երանգին:

Կա՞ մի երգ, որն արտահայտում է քո հոգեվիճակը կամ որը ըստ քեզ քո մասին է:

Ը՜մ, մտածեմ… ա՜խ , հա՜, The Deenjes-կապույտի մեջ:

Իսկ որևէ ստեղծագործությու՞ն:

Չգիտեմ՝ ինչու, ինձ նմանեցնում են «50 дней до моего самоубийства» գրքի հերուսուհուն: Գիրքը չեմ կադացել, երևի էն պատճառով, որ հերոսուհու մազերն էլ են կապույտ:

Մեր քաղաքում կա՞ այնպիսի մի տեղ, որտեղ դու կտրվում ես ամեն ինչից:

Ոչ, չկա: Ես մուտալ մարդ եմ, չեմ սիրում տնից դուրս գալ: Հիմնականում դուրս եմ գալիս, երբ ինչ-որ համերգ կա, կամ երբ ընկերներով որոշում ենք հավաքվել: Մեր քաղաքում իմ ամենասիրելի տեղը՝ իմ սենյակն է, միայն էնտեղ եմ ես ինձ գտնում:

Եզրափակելով մեր զրույցը` ուզում եմ հարցնել, թե ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր վախենում են համարձակ կերպով հանդես գալուց:

-Նախքան խորհուրդը ուզում եմ ասել, որ կուզեի այնպես անել, որ մարդիկ էլ ավելի զբաղված լինեին, որպեսզի ժամանակ չունենային քննարկելու դիմացինի կյանքը, իսկ եթե միևնույնն է և´ լավ, և´ վատ արարքի համար քննադատում են, ապա խորհուրդս է, որ դուրս գաք կաղապարնեից, հասարակության կարծիքի ծանր ստվերից: Արեք այն ինչ ուզում եք, բայց առանց դիմացինի իրավունքները ոտնհարելու: Առհմարահեք այն բոլոր խոսքերը, որոնք ինչ-ինչ կերպ ազդել են ձեզ վրա, ու միայն այդ ժամանակ կզգաք, թե ինչ է իսկապես երջանիկ լինելը ու ուրիշի կարծիքից անուղղակի կախում չունենալը:

 

Հարցազրույցը՝ Մարիամ Ղազարյանի

3-րդ կուրս

Կիսվել