«ԻՄ ՏԵՂՆ ԱՅՆՏԵՂ Է՝ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԵՐՈՒՄ… ԵՐԿՆՔԻՆ ՄՈՏԻԿ, ԱՐԵՎԻՆ ԳՐԿԱԾ». ԱՄԱԼՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«ԻՄ ՏԵՂՆ ԱՅՆՏԵՂ Է՝ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԵՐՈՒՄ… ԵՐԿՆՔԻՆ ՄՈՏԻԿ, ԱՐԵՎԻՆ ԳՐԿԱԾ». ԱՄԱԼՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

2293

Զրուցակիցս ԵՊՀ Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի, օրերս կայացած ժայռամագլցման միջազգային առաջնության մասնակից, ԵՊՀ «Ապառաժ» ակումբի անդամ Ամալյա Բաղդասարյանն է: Համալսարանական միջավայրից դուրս  նա  «Հյուլե» գրական ակումբի անդամ է ու նաև ստեղծագործում է:

-ԻՆչպե՞ս է ստացվում համատեղել միմյանցից տարբեր մի քանի ոլորտ՝ այն էլ ոչ մակերեսորեն, և, թերևս ո՞րն է քեզ համար ամենահոգեհարազատը:

-Իրականում այդքան էլ բարդ չէ համատեղել, քանի որ բոլորն էլ սիրում եմ հավասարաչափ: Իհարկե, երբեմն ուժասպառ եմ լինում, բայց դա ինձ համար չէ: Ավելի հոգեհարազատ չեմ համարում որևէ մեկը, քանզի ինձ համար բոլորն էլ կարևոր են յուրովի, և ինչու՞ ոչ, նաև փոխկապակցված:

-Օրերս մասնակցեցիր ժայռամագլցման աջաջնությանը. ինչպիսի՞ ն է զգացողությումը, երբ մոտենում ես եզրագծին: Արդյո՞ք  հուզմունքը չի խանգարում:

-Հուզմունք բնակաբաբար կար, և որոշ չափով նաև խանգարեց: Առաջին անգամ էի մասնակցում նմանատիպ առաջնության, և ինձ համար դա յուրահատուկ փորձ էր:

-Ամենամեծ բարձրությունը, որ հաղթահարել ես:

-Դեռևս սկսնակ եմ ու չունեմ հաղթահարած այնպիսի բարձրություն, որի մասին կկարողանամ որպես նվաճում խոսել: Ապագայում կլինեն, վստահ եմ:

-Կուզենայի՞ր լինել թռչուն ու վերևից հետևել այն բարձունքին, որը նվաճելու համար այդքան ջանք ես գործադրում:

-Չգիտեմ, բարդ հարց է: Ժայռը բարձրանալիս ես ինձ ազատ թռչուն եմ զգում: Իհարկե, հեշտ կլիներ պարզապես թռչել, տեսնել ցանկացածդ բարձունքն ու վայր իջնել: Բայց ջանքեր գործադրելով կատարելագործվում ես,  ձուլվում նվաճածդ բարձունքին ու հասկանում, որ երկու ձեռքով ամուր կառչած ես այն ժայռից, որի ամեն մի քար, ճեղք ու ծերպ զգացել ու ընկալել ես:

-Յուրահատուկ նախասիրություններիդ շարքում իրենց ուրույն տեղն ունեն սեփական ստեղծագործություններդ: Ի՞նչն է համարվում քեզ համար ներշնչանքի աղբյուր այս ասպարեզում, և ո՞ր թեմայով ես առավել հաճախ ստեղծագործում:

-Գրելն  ինձ անհրաժեշտ է ինչպես օդը: Ինձ համար ներշնչանք կարող է հանդիսանալ ցանկացած բառ, խոսք, ժեստ: Կյանքն ինքնին ներշնչանք է, և յուրաքանչյուր պահ, որ ստիպում է շունչդ պահած ապրել, ստեղծագործություն է դառնում: Ամենից հաճախ գրում եմ սիրո և ես-ի անհամաձայնության մասին:

-Անդամակցում ես նաև «Հյուլե» գրական ակումբին: Ի՞նչ փոխեց վերջինս քո կյանքում:

-Այն իմ մեծ ընտանիքն է: Երբ ամիսներ առաջ լրացրի անդամակցության հայտը, չէի պատկերացնում, որ այստեղ կգտնեմ մարդկանց, ովքեր կիսում են իմ գաղափարները: Ես ոչ միայն ձեռք բերեցի հրաշալի շրջապատ, այլև սովորեցի ազատ խոսել ու չվախենալ սեփական կարծիքն արտահայտելուց: Հիմա ես հպարտ եմ, որ «Հյուլե» ակումբի անդամ եմ:

-Սովորում ես ԵՊՀ  Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում: Ինչո՞վ է պայմանավորված մասնագիտությանդ ընտրությունը:

-Այո՛, սովորում եմ Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսերեն լեզու և գրականություն բաժնում: Սիրում եմ ուսումնասիրել օտար լեզուներ, և ամեն նոր լեզվի տիրապետելիս ինձ ավելի ու ավելի վստահ եմ զգում: Թվում է՝ նոր աշխարհ եմ բացահայտել:

-Եթե ոչ օտար լեզուներ, ապա…

-Ապա աշխարհագրություն:

-Կա՞ արդյոք նոր հետաքրքրություն, որով առաջիկայում պատրաստվում ես զբաղվել:

-Այո՛, ցանկանում եմ ուսումնասիրել մարքեթինգ:

-Սիրելի գիրքը…

-Թերևս առանձնացնել որևէ մեկը բարդ է: Երևի Դենիել  Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար»: Գիրքը կամքի ուժ ունեցող մարդու մասին է: Մարդ, ով չնայած հստակ իմանալով իր անկարողությունը, ձգտում է սովորել:

-Ֆիլմ, որում գտնում ես քեզ…

– «Penelope»

-Օրվա ընթացքում սիրելի ժամանակդ…

-Երեկոն, երբ հոգնած վերադառնում եմ տուն, թեյ խմում ու հանգստանում:

-Կյանքում ամենակարևորը քեզ համար…

-Ամենակարևորն ընտանիքս է:

-Վայր, որտեղ գտնում ես քեզ ու այլ՝ ավելի իրական Ամալյան դառնում:

-Հայրական տունը, որտեղ ես ինձ դեռ երեխա եմ զգում՝ անհոգ ու անասելի երջանիկ:

-Որպեսզի դու հանգիստ լինես, պետք է…

-Երաժշտություն ու շոկոլադ (ծիծաղում է):

-Ի՞նչ չես անի ցանկացած պարագայում:

-Չեմ ստի ծնողներիս:

-Ամենամեծ ձեռքբերումդ կյանքում…

-Դժվարանում եմ պատասխանել… երևի սիրելի մասնագիտությամբ առաջ գնալս:

-Եթե հնարավորություն ունենայիր փոխել աշխարհը, ինչի՞ց կսկսեիր:

-Կհանեի բոլոր մարդկանց դիմակներն ու թույլ կտայի շնչել:

-Կա՞ որևէ միտք կամ միգուցե կարգախոսի պես մի բան, որ շարունակ մտքումդ կրկնում ու առաջ ես գնում:

-Արևը երկու ձեռքովդ գրկիր ու գնա…Կանգ չառնես կես ճամփին ու չվախենաս ամպրոպից: Փողոցում միշտ էլ  կլինեն մարդիկ, ովքեր կնայեն քեզ խենթի հայացքով, բայց դու ժպտա ու առաջ շարժվիր: Մոտեցիր ծաղկավաճառին ու գնիր մի անկյունից նայող փոքրիկ ծաղիկները: Եթե անձրևը ողջ ուժով հոսի դեմքիդ վրայով և հարդարանքումդ ինչ-որ բան քեզ դուր չգա, նայիր անձրևին ու ժպտա. դու միշտ էլ յուրահատուկ կլինես, թեկուզ մեկի համար: Արևին երբեք բաց չթողնես, թեկուզ այն այրի ամեն բան. չէ՞ որ մոխիրը կյանք կծնի, եթե միայն սիրես…Գնա փողոցով ի վեր և բոլոր-բոլորին արևիցդ մի մաս տուր, որ կոտրված ու հուսահատված հոգիներում լույս տարածվի:Ինքնամոռաց սիրիր ու մի հուսահատվիր, երբ ընկնում ես. ամեն վերջ մի նոր սկիզբ է ծնելու՝ պայծառ ու լուսավոր, թարմ ծաղիկներով լցված մի սկիզբ…Իսկ եթե արևդ մի օր խավարի (առանց խավարման լույսը չես սիրի), մոտեցի՛ր նրան ում սիրում ես,ևս մի անգամ գրկիր ու շշնջա, որ նա հիասքանչ է… Չէ՞ որ հենց նա է ստեղծել արևդ…

 

Հարցազրույցը` Արաքսյա Սահակյանի

3-րդ կուրս

Կիսվել