Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է…
Հ. Սահյան
Ասում են՝ նրա մայրը գյուղի ամենագեղեցիկ կինն է եղել։ Իսկ հոր մասին գիտեմ միայն, որ գաղթի ճանապարհին մի որբի խղճալով դարձրել է իրեն քույր։ Հետո պիտի երեխաները հորաքույր ասեին նրան, թոռներն ու ծոռներն էլ մոռանային պատմությունը ու համարվեին նույն գենը կրող։
Գեղեցիկ ու բարի ծնողների որդուն հիշում եմ հաղթանդամ, խոսուն աչքերով, հաստ հոնքերով, հպարտ ժպիտով, տարիներով տանջված և տարիները վայելած կնճիռներով։ Ապրածն ու չապրածը մի պայուսակում է։ Խնամքով փաստաթղթերը, լուսանկարները, գովասանագրերն անգամ իրենց տեղն են գտել այդ պայուսակում։ Բոլոր տառերը նախշերով են գրված։ Երկու անուն ունի՝ երկու տարբեր էությամբ։ Փաստաթղթերում, հիմնարկներում, պաշտոնական պահերին ու վայրերում ինքը Վարդգեսն է՝ լուրջ, խոհեմ, ջղային ու արդարամիտ։ Իսկ թոռների, հարևանների ու գյուղացիների համար՝ Մերուժ պապի։
Ավանդական հայ տղամարդու համար ընդունված պահանջները՝ տունը, որդին, ծառը կան։ Ինչ արել է, արել է սիրով, դանդաղ, բծախնդիր։ Մի գործ կաներ առավոտից մինչև իրիկուն, բայց հավեսով ու տեղը-տեղին։
Տուն է կառուցել քարը-քարին։ Սիրել է քարի հետ աշխատել. երկար տարիներ աշխատել է քարերի հանքում։ Կարծում է` քարին հեշտ է հղկելը, իր սիրած կարգուկանոնի մեջ գցելը։
Ծառերը գիտեն, թե քանի գիշեր Մերուժ պապը չի քնել իրենց համար։ Հայտնի ֆիլմի Նահապետի պես գուրգուրել է ամեն ծառին ու թփին։ Գյուղում ոռոգման ջուրը խնդիր է, որի պատճառով ցերեկը գյուղացիները լեզվակռիվ կտան, իսկ գիշերը ջուրը նրա այգում է, ով հաղթում է խելքով, ճարպկությամբ և ճշտախոսությամբ։ Էդպես է մեծացրել որդու տարիքի ընկուզենուն, տանձենուն, տան շրջակայքի բարձր բարդիները։ Հզորություն ու ուժ է ամփոփված Մերուժ պապի արած ամեն գործում։
Գարաժը… գիտե՞ք դա ինչ տեղ է այս մարդու համար։ Թոռներին հատուկ գումար էր տալիս, որ հատուկ մաքրություն կազմակերպվի։ Ամեն ինչ կգտնես այստեղ. բոլոր անպետք թվացող իրերը ամենապետքական գործիքների կողքին։ «Մի օր պետք կգա, ինչի գնամ հարևանի դուռը»,- ասել է ու խնամքով պահել։ Ամեն օր կստուգեր՝ ամեն ինչ տեղում է, հո էն «շան տղեն» բան չի տվել ուրիշին։ «Շան տղեն» իր ամենասիրած տղան է։ Երբ գործը հասներ գարաժից որևէ բան պակասելուն, ինքը «շուն» կդառնար, տվողին էլ կասեր՝ «շան տղա»։
Խստապահանջ էր։ Աղջիկները պիտի նամուսով մեծանային, բժշկություն սովորեին, հա ու իր ասած՝ «բարադի տղերքի» չի տվել։
Աշխատանքը, նոր տունը, 4 երեխաները հոգս չէր։ Մարդը չի հոգնել, սիրել է ու հասցրել։ Դե գինու խրախճանքներից ու ընկերներից էլ անպակաս։
Դժվար է միանգամից հաշտվել, որ դու ծեր ես։ Որ էլ չես կարող վազել, կռվել, խմել սրտիդ չափ, թիթիզանալ ջահելի պես։ Արդեն 70-ն անց էր ու «Էլ չեմ լինի 50 տարեկան» էր լսում։ Լսում ու լցնում աչքերը։ Ու կուրախացնեիր այդ մարդուն ընդամենը կարդալով։ Կարդա՛, իր թոռն ես, պարտավոր ես կարդալ քո ծեր պապի համար, ոնցոր մայրերն են իրենց փոքրիկների համար կարդում։ Կարդա՛… ու կարևոր չի՝ ինչ, ինչքան… միայն կարդա՛…
7 տարի է անցել, ինչ իր սիրած հողում՝ գարաժում, սիրտը գրեթե կանգնել է.
Եվ պապը ակոսում պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին, որ իրեն սնել է։
Օֆելյա Մարգարյան
4-րդ կուրս