Արվեստի սիրահարներն այլ կերպ են ընկալում աշխարհը, նրա գույները: Սահակյանց Շուշանի համար թթվածին հանդիսացող հոբբիի, նրա ամենամեծ տարերքի՝ նկարչության, դրա գաղտնիքների մասին փորձել ենք զրուցել նրա հետ:
-Սերը նկարչությանդ հանդեպ ե՞րբ է նկատվել: Կպատմե՞ս մի փոքր դրա մասին:
–Շատ վաղ տարիքում է ամեն ինչ սկսվել: Ես շատ ինքնամփոփ էի, երբեք չէի արտահայտում զգացմունքներս, էմոցիաներս, դրանք արտացոլում էի նկարներումս: Բոլոր նկարներս եղել են իմ զգացմունքների, տրամադրության պատկերումը:
– Գիտեմ, որ ինքնուս ես այս ոլորտում: Նկարչությունը քեզ ավելի հոգեհարազատ համարելով՝ ինչու՞ ընտրեցիր լրագրողի մասնագիտությունը:
– Ինչպես արդեն նշեցի, վաղ տարիքում ես ինքնամփոփ եմ եղել ու էմոցիաներս արտահայտել եմ նկարներիս միջոցով: Դեռահաս տարիքում արդեն բացվել էի, դուրս էի եկել իմ ստեղծած «վանդակից», առավել շփվող ու արտահայտվող էի, այդ ընթացքում նկարչությանս այնքան էլ տեղ չէի տալիս, կարելի է ասել` ընդհանրապես դադարել էի նկարել: Լրագրության ֆակուլտետ ընդունվելու միտքը մայրս առաջարկեց, ես էլ հեշտությամբ ընդունեցի, քանի որ կարծում էի այն ամենահարմար տարբերակն է առավել զարգանալու, ակտիվ գործունեություն վարելու համար: Եվ միայն այս վերջին մի տարին է, ինչ կրկին սկսել եմ նկարել: Բայց հիմա դա չեմ անում միայն այն պատճառով, որ կրկին ինքնամփոփ եմ և ինձ արտահայտվելու միջոց է անհրաժեշտ: Նկարում եմ, որովհետև առանց դրա էմոցիաների կուտակումից գուցե մի օր պայթեմ (ժպտում է):
-Ասում են՝ արվեստի մարդիկ այլ ձև են ընկալում շրջապատող աշխարհը, իսկ ո՞րն է քո կերպը:
–Ես էությամբ ռոմանտիկ անձնավորություն եմ, չգիտեմ` արդյոք դա արվեստի աշխարհից լինելու հետ է կապված, թե ոչ, բայց ես հիմնականում ամեն բանի նայում եմ սիրով ու ջերմությամբ ու աշխարհին նայում եմ այնպես, ինչպես երևակայությունս է ստիպում:
-Ոգեշնչե՞լ, թե՞ ոգեշնչվել: Ո՞րն է քեզ համար ավելի կարևոր նախապայման:
–Միանշանակ ՈԳԵՇՆՉՎԵԼ: Ես նկարում եմ ինձ համար: Իհարկե գնահատում ու կարևորություն եմ տալիս նկարներիս արված մեկնաբանություններին, բայց ես չեմ նկարում, որպեսզի բոլորը տեսնեն ու գնահատեն, նկարում եմ, քանի որ այլ կերպ չեմ կարող: Մարդիկ չեն կարող չէ՞ չսնվել, չքնել, չշնչել: Ես էլ չեմ կարող չնկարել, այն ինձ համար նույն հարթակի վրա է, և շատ հաճախ ինձ անհրաժեշտ է լինում ոգեշնչվել, ինչպես քաղցածին անհրաժեշտ է համեղ սնունդ, որպեսզի կարողանա շարունակել իր գործունեությունը, ապրել կարողանա:
-Մեծանուն նկարիչներից կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր իրենց աշխատանքներով ոգեշնչման աղբյուր են հանդիսանում քեզ:
– Սիրելի նկարիչներ շատ ունեմ: Նրանցից Այվազովսկուն ու Դալիին կառանձնացնեմ: Առաջինի աշխատանքներով հիանում եմ, որովհետև պաշտում եմ ծովը, չնայած երբեք չեմ տեսել: Հիանում եմ իր նկարների խորությամբ, զգացմունքների տեղատարափով, և խոսքս ընդհանրապես նկարներում պատկերված մարդկանց զգացմունքների մասին չէ, այլ ծովի, այո, ես տեսնում եմ նրա խորությունը, նրա բռնկումն ու հանդարտությունը, զգում ու ապրում եմ, հասկանում եմ նրան:
Երկրորդին սիրում եմ իր տարօրինակության ու յուրահատկության համար: Ոչ մեկ չունի այն ձեռագիրը, որն ունի Դալին, և երբեք չի էլ կարող ունենալ: Սակայն նրանցից ոչ մեկ ինձ ոգեշնչման աղբյուր չի եղել: Ես չեմ կարող ոգեշնչվել ուրիշներից, թեկուզև` լինեն աշխարհահռչակ նկարիչներ, ես չեմ կարող զգալ այն, ինչ նրանք են զգում նկարելիս, ես պրոֆեսիոնալ չեմ, բայց նկարում եմ այն, ինչ իմն է, իմ հոգու պահանջը:Ես պետք է ոգեշնչվեմ, բայց դա չի նշանակում, որ այլ նկարիչներից ու իրենց գործերից: Ես բացարձակ այլ բաներից եմ ոգեշնչվում: Դա կարող է լինել երգ, ֆիլմ, հիշողություն, անգամ բառ կամ նախադասություն, բայց ես երբեք չեմ ոգեշնչվել այլ մարդկանց կատարած աշխատանքներից:Անկեղծ կասեմ, թե ինչու: Նախ, նրանց նկարներից ոգեշնչվել, նշանակում է ցանկանալ իրենց պես անթերի ու գլուխգործոց նկարներ անել, իսկ ես դեռ այդ մակարդակից շատ եմ հեռու: Բացի դա, ես չեմ կարող հասկանալ, թե ո՞րն է եղել օրինակ Դալիի ցանկությունը, միտքը, իմաստը, զգացածը, երբ մարդու որևէ մարմնի փոխարեն պատկերել է անկենդան մի իր: Իհարկե ես իմ կերպով ընկալել եմ նրա աշխատանքները ու հասկացել, թե ինչու՞ են դրանք այդքան տարօրինակ, բայց դա, կամ մնացած այլ նկարիչների աշխատանքներն իմը չեն, իմ հոգունը չեն: Ես պատկերում եմ թեև պարզ նկարներ, բայց պատկերում եմ տրամադրությունս, այդ պահին երևակայությանս թելադրածը: Գուցե էգոիստական է հնչում, բայց, այո, ես նկարում եմ ինձ համար, էմոցիոնալ բավարարվածությանս համար:
-Ո՞վ կամ ի՞նչը առավել հաճախ կարող է դառնալ կտավիդ հերոսը:
–Հիմնականում մարդկանց եմ նկարում, հազվադեպ էլ կենդանիների (նրանք այնքան էլ լավ չեն ստացվում (ծիծաղում է): Միշտ ձգտում եմ նկարել կենդանի էակ, անգամ, եթե դա պարզապես դիմանկար է, պատկերում եմ տրամադրություն: Այժմ մի փոքր փոփոխության կա նկարներիս ոճում: Չգիտեմ` ինչպես պատահեց, տարվել եմ վարդերով, և այժմ այն կազմում է նկարներիցս շատերի բաղկացուցիչ մասը:
-Կթվե՞ս հատկանիշներ, որոնք քո դիտարկմամբ պիտի ունենա նկարիչը:
–Ընդամենը 1 հատկանիշ կնշեմ` ստեղծարար լինելը: Ինքս էլ դեռ նոր-նոր եմ սկսում սեփական ոճ ստեղծել ինձ ու ասեմ, որ դրանից առավել բավականություն չկա նկարչի համար:
-Կա՞ն արդյոք աշխատանքներ, որոնք կառանձնացնես և ինչու՞:
– Այո, ունեմ: Ռեալ մարդկանց դիմանկարները թանկ ու կարևոր են ինձ համար ոչ այն պատճառով, որ գլուխգործոցներ են, գուցեև` այնքան էլ նման չեն ստացվել, բայց դրանք իրական կերպարներ են, մարդիկ, որոնց ինքս եմ ընտրել, և որոնց նկարներին նայելով` քաղցր ջերմություն եմ զգում:
-Կա՞ն հեռանկարներ այս ոլորտում հմտանալու և ո՞րն է լինելու քո ասելիքը:
-Բոլորս էլ ունենք նպատակներ, երազանքներ, որոնց էտապ առ էտապ փորձում ենք հասնել: Այս ոլորտը գտնվում է նպատակներիս ցանկի ամենաբարձր նշաձողի վրա` ամենա, ամենավերևում, բայց արդեն մի փոքր այլ ուղղվածությամբ, որը դեռ հստակ չեմ ընտրել:
-Քո կարծիքով ո՞րն է քո նկարների յուրահատկությունը:
– Նկարներիս յուրահատկությունը կայանում է նրանում, որ ներկապնակիս գույները հոգուս պոռթկման արտացոլումն են: Իմ նկարները չեն կարող փոխել, կամ այլ կերպ պատկերել, ոչ ոք չի կարող ձեռք տալ “զգացմունքներիս”:
-Հաճախ կարելի է նկատել, որ նկարածդ նկարները հրապարակում ես որևէ գրողի հայտնի գործերից մեջբերված երկտողերով կամ տարատեսակ այլ մեկնաբանություններով: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Դրանք այն խոսքերն են, որոնցից ես ոգեշնչվում եմ, կամ, նկարներս ավարտելով, տվյալ խոսքերն են գալիս մտքիս ու դրանք` որպես շեշտեր, տեղադրում եմ հրապարակած նկարներիս տակ:
-Նկարչությունը ոչ այլ ինչ է քան… Ինչպե՞ս կավարտես միտքը:
– Նկարչությունը ոչ այլ ինչ է, քան երևակայության, տրամադրության, էմոցիաների ծնունդ:
Հարցազրույցը` Լուսին Հովհաննիսյանի
4-րդ կուրս