«ԵՂԲԱՅՐԸ ԶՈՐԱՑՐՎԵՑ, ԻՆՔԸ՝ ԶՈՐԱԿՈՉՎԵՑ»

«ԵՂԲԱՅՐԸ ԶՈՐԱՑՐՎԵՑ, ԻՆՔԸ՝ ԶՈՐԱԿՈՉՎԵՑ»

1497

Մարիամ Մարիկյանը ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի շրջանավարտ է, ով մի օր որոշում է կայացրել ու «Դասավանդիր Հայաստան» ծրագրով մեկնել է սահմանամերձ գյուղերից մեկը` երկու տարով դառնալով ուսուցչուհի։

Մարիամ, ինչպե՞ս ստցվեց, որ Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողուհին մի օր հայտնվեց Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցներից մեկում՝ որպես Հայոց  եկեղեցու պատմության ուսուցչուհի։

-Այս պարագայում կապ չուներ, թե որ ֆակուլտետն եմ ավարտել։ Կան կրթական խնդիրներ, որոնք ես տեսել եմ իմ աշակերտ եղած ժամանակ։ Որոշեցի, որ պիտի լինեմ այն օրինակը, այն մանկավարժը, այն ուսուցիչը, որին ցանկանում էի տեսնել իմ առջև, և որից աշակերտներս առիթ չեն ունենա բողոքել, երբ մեծանան։ Ու «Դասավանդիր Հայաստան»-ը տվեց այդ հնարավորությունը, իրագործել ամենանպատակներիցս մեկը, ու գործուղվեցի ինձ հարազատ Ներքին Կարմիրաղբյուր, որտեղ բոլորը ձգտում են լավագույնին, որտեղ բոլորը քեզ միշտ դուխ են տալիս, որտեղ բոլորը ՄԵԿ են, և մարդիկ ապրում են ու իրենց հետ ապրելու թարմ ուժ են տալիս մյուսներին, նաև ինձ։

-Ինչպե՞ս է սկսվում Մարիամ Մարիկյան ուսուցչուհու առավոտը։

-Առավոտը սկսվում  է Կարնո շորոր զարթուցիչով,արևով, ժպիտով, սիրով, մոտիվացիայով, սենյակիս դռան վրա փակցված անելիքներով և աշակերտներիս հետ դպրոց գնալով։

-Խոսքերիցդ պարզ է դառնում, որ քո մոտիվացիան Ներքին Կարմիրաղբյուրն է և այնտեղի գյուղացիները, ովքեր ուժ են տալիս։ Այնուամենայնիվ կա՞ կոնկրետ ինչ-որ մեկը, կամ ինչ-որ բան, որ քեզ մոտիվացնում է առավել։

-Համար մեկ մոտիվացիաս իմ նպատակն է՝ տեսնել խելացի , ճիշտ Հայի։ Նպատակս մեկն է ցանկացած վայրում։ Հիմա նպատակիս զուգահեռ մոտիվացիա են նաև աշակերտներս, ովքեր ամեն օր ոգևորում են ինձ։

-Հարցազրույցներիցդ մեկում նշել ես, որ ուսուցչի մասնագիտությունը այն մասնագիտություններից մեկն էր, որով կարծում էիր երբեք չես զբաղվի։ Ի՞նչն էր այդպես մտածելու պատճառը, և հիմա ինչպիսի՞նն են զգացողությունները, երբ արդեն վստահ կարող եմ ասել` սիրված ուսուցչուհի ես։

-Կարծում էի երբեք չեմ զբաղվի, որովհետև մտածում էի ու եմ, որ ուսուցիչը կյանքեր է փոխում։ Բարեբախտաբար դասղեկս, և հետո արդեն համալսարանի դասախոսներս հերթական անգամ ապացուցեցին, որ չպիտի վախենամ մանկավարժ լինելուց։ Հիմա և՛ ուսուցիչ եմ, և՛ աշակերտ, իսկ զգացողություններս ներդաշնակ են. երևի դա երջանկությունն է:

-Ընտանիքի անդամները ինչպե՞ս արձագանքեցին, երբ իմացան համարձակ քայլիդ մասին:

-Մայս ասեց` եղբայրդ զորացրվեց, հիմա դու՞ ես զորակոչվում։ Ծնողներս Արցախյան շարժման և կռվի մասնակիցներից են ու իհարկե  անհանգստանում էին սահմանապահ գյուղում 2 տարի անցկացնելուս համար։ Բայց կանգնած են կողքիս ամուր սարի պես։

-Դասավանդում ես ՀԵՊ առարկան, իսկ բացի առարկայից կա՞ն ինչ-որ կյանքի դասեր, որոնք անպայման ուզում ես փոխանցել աշակերտներիդ։

-Հավատացեք` կյանքի դասեր սովորում ենք երկուստեք։ Միասին սովորում ենք չվախենալ սխալվելուց, լինել լավ հայ ու քաղաքացի, լինել միշտ լավագույնը, ամեն քայլ անելուց, ամեն խոսք ասելուց սեր դնել դրանց մեջ, շատ սիրել մարդկանց։ Ընկնել ու սայթաքել ենք սովորում, օգնել ու բարձրանալ, առողջ քննադատել ու ամենընկեր լինել։

-Եղե՞լ են դեպքեր, երբ ինքդ քեզ ասել ես բավական է, ու ցանկություն ես հայտնել ետ կանգնել։

-Երբեք չի եղել ու չի լինի։ Խոչընդոտներ եղել են ու կլինեն (լավ է, որ կան)։ Դրանք ինձ շատ են ուժ տալիս։

Կկիսվե՞ս մեզ հետ աշակերտներիդ հետ կապված լավ հիշողություններով:

-Դրանք շատ են, դժվարանում եմ առանձնացնել: Օրինակ, երբ աշակերտներիս ասացի, որ արձակուրդներին գնում եմ Երևան՝ ընտանիքիս մոտ, երեխեքիցս մեկը նեղացած պատասխանեց. «Բայց ընկեր Մարիկյան, ախր մեզ համար եք չէ՞ եկել, էն էլ ընդամենը երկու տարով». դե ուսուցիչ ես, դիմացի։

-Որտե՞ղ ու ի՞նչ կարգավիճակում ես քեզ պատկերացնում 10 տարի անց։

Կլինեմ իմ երազած Հայաստանում, կարգավիճակով՝ մայր, կին, ուսուցիչ, աստվածաբան։

 

Հարցազրույցը` Ջեմմա Նուրիջանյանի

3-րդ կուրս

Կիսվել