«ԻՆՁ ՀՈՒՆԻՑ ՀԱՆՈՒՄ Է ՏԱՍԸ ԿԱՄ ՏԱՍՆ ԹՎԱԿԱՆԻ ՍԽԱԼ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ». ԼԵԶՎԱԲԱՆ-ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ՆԱԻՐԱ...

«ԻՆՁ ՀՈՒՆԻՑ ՀԱՆՈՒՄ Է ՏԱՍԸ ԿԱՄ ՏԱՍՆ ԹՎԱԿԱՆԻ ՍԽԱԼ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ». ԼԵԶՎԱԲԱՆ-ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ՆԱԻՐԱ ԲԱԼԱՅԱՆ

1342

 Փետրվարի 7-ը նշվում է որպես համացանցում հայատառ գրելու օր: Ամեն ինչ սկսվեց 2012 թվականին, երբ ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը (2016թ.-ից՝ ՄԻՊ մամուլի խոսնակ) որոշեց ֆեյսբուքում գրառում կատարել՝ հանդես գալով նման առաջարկությամբ: Շատ չանցած՝ նախաձեռնությանը միացան նաև մի շարք կառույցներ ու կազմակերպություններ: Այսօր մենք հայատառ հաղորդագրություններ ենք ստանում անգամ «ՎիվաՍել» բջջային օպերատորից: Ճիշտ գուշակեցիք, այն նույնպես նախաձեռնությունից անմասն չի մնացել: Եվ չնայած այն բոլոր ջանքերին, որոնց շնորհիվ փորձ է արվում հայ օգտատերերի շրջանում սերմանել հայատառ գրելու մշակույթը, լատինատառ գրողների բանակն առ այսօր քանակապես գերազանցում է հայատառ գրողներին: Նշանակալից օրվա արդյունքների, վերջինիս հետ կապված նոր առաջարկների և օրինական հռչակման վերաբերյալ զրուցել ենք լեզվաբան-գրականագետ Նաիրա Բալայանի հետ: 

Տիկի՛ն Բալայան, Ձեզ համար նկատելի՞ է հայատառ գրելու օրվա ազդեցությունը:

— Կարծում եմ՝ ինչ-որ չափով նկատելի է: Իհարկե, այս օրը էական նշանակություն չունի մի ստվար մասի համար, որը շարունակել ու շարունակելու է գրել ոչ հայատառ հայերենով:

Բայց ամեն դեպքում ուզում եմ նաև վկայել, որ օրվա նշանակության գիտակցումը որոշ չափով զգաստացնում է այն տարակուսողներին, որոնք դեռ վերջնականապես չեն մտել հայատառ գրողների բանակը: Սրանք առավելապես այն մարդիկ են, որոնք դեռ ամբողջովին չեն հաղթահարել համացանցի բոլոր հարթակներում հայերենով գրելու «դժվարությունը»:

Հուսամ, որ այս օրը ևս մի ազդակ կլինի համացանցում հայատառ հայերենով վերջնականապես գրելու համար:

Օրինակ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կա «Մայրենի լեզվի դասեր» խումբ, որտեղարգելված է լատինատառ գրելը : Ի՞նչ եք կարծում, նման խմբերի քանակական աճըկնպաստի՞ ցանկալի որակի ապահովմանը մեր օգտատերերի շրջանում:

— «Մայրենի լեզվի դասեր» խումբը իրոք կոշտ սկզբունքներ է կիրառում այդ հարցում: Եվ դա բերում է իր բարի պտուղները: Ես կողմ եմ տրանսլիտի արգելելուն, բայց ոչ թե  օգտատիրոջը արգելափակելու, այլ նրա այլատառ հայերենը հեռացնելու առումով: Օրինակ՝ մեկ այլ խմբում՝ «Ի՞նչ եփել այսօր», հեռացվում են այլատառ հայերենով գրառումները, չնայած որ այդ մեծաքանակ խմբում շարունակում են գրել այդպես՝ պարզաբանելով՝ հայերեն ստեղնաշար չունեն, ինչին, իհարկե, մի քանի օգտատեր պատասխանում են հայերենի ստեղնաշար ներբեռնելու ծրագրերի հղումներով: Տարօրինակ է նաև  այն, որ հայատառ գրողների մի մասն էլ միայն հայատառ է գրում գիրը (ստատուսը), բայց հետո մեկնաբանություններում գրում է լատինատառ հայերենով: Ես ինքս, անտեսելով կոշտ միջոցները՝ արգելափակում, լատինատառ հայերենով մեկնաբանությունների հեռացում և այլն, միշտ հորդորում եմ մեր՝ գրականությանը նվիրված խմբում գրել հայատառ հայերենով:

Այդուհանդերձ, երբեմն հասկանում եմ, որ, այո՛, նման խմբերի հետևողական քաղաքականության մեջ լատինատառ հայերենի դեմ պայքարում առաջնային է հենց օգտատերերին  արված նկատողությունը, այնուհետև  արգելափակումը:

Սոցիալական ցանցերը հանգեցրին նրան, որ շատ հաճախ անտեսվում են ճիշտուղղագրությունը, կետադրությունը: Մաիդիկ այսօր նախընտրում են կարդալհնարավոորինս կարճ գրառումներ: Արդյո՞ք այստեղ Ձեզ համար որևէ արդարացում կա:

-Այո, կյանքը արագանում է, ու այսօր մարդիկ նախապատվությունը տալիս են շատ կարճ տեղեկատվություն պարունակող նյութերին, անգամ միայն գլխագրերն են կարդում: Սակայն, ոչ մի կերպ չեմ արդարացնում սխալ ուղղագրությունն ու կետադրությունը: Եթե կետադրության սխալներին վերապահումով եմ մոտենում պոեզիան կարդալիս, ապա արձակ նյութում՝ գեղարվեստական, հանրամատչելի, գիտական, այդ վերապահումը բացարձակ տեղ չունի: Ես անգամ շատ խիստ եմ անփույթ տեքստերի հանդեպ, երբ մանավանդ նյութի թեման պարտավորեցնող է: Այս առումով ոչ մի արդարացում չեմ ընդունում: Թերևս միայն այն դեպքում, երբ  ֆեյսբուքում գրողը նոր է սկսում օգտագործել հայատառ ստեղնաշարը: Իսկ եթե նյութը արդեն  լայն հանրության ուշադրությանն է արժանանում՝ զետեղվելով որևէ կայքում, ապա միանաշանակ արդարացում չկա սխալ ուղղագրությանն ու կետադրությանը:

Մամուլում հաճախ ենք հանդիպում լեզվական սխալների: Կառանձնացնե՞ք դրանցիցմեկը, որը համարում եք ամենատարածվածը:

— Ե՛վ մամուլում, և՛ հեռուստատեսությամբ այսօր շատ են համաձայնության, շարադասական և խնդրառական սխալները: Թերևս նշեմ մի սխալ, որ ինձ շարունակ հունից հանում է. դա տասը կամ տասն թվականի սխալ օգտագործումն է. գրում են տաս:

Ըստ ձեզ՝փետրվարի 7-ը արժե՞ օրենքով հռչակել որպես համացանցում հայատառգրելու օր:

— Չեմ կարծում՝ արժե օրինական կարգով այդ օրը հռչակել՝ որպես առանձին օր: Ֆեյսբուքը բավական մեծ հարթակ է այն  նշելու համար.  այս տարի  էլ Զոհրապ Եգանյանի ջանքը փաստվեց նաև հեռուստատեսությամբ այդ մասին խոսելով:

Ես կարծում եմ, որ այդ օրը  հայերիս ամոթն է, քանի որ այնքան գիտակից չենք, որ գրենք հայատառ հայերենով, մանավանդ որ դեռ կա այն զանգվածը, որը գրում է այլատառ հայերենով ու  իրենից չի թոթափել քաղքենիական ամոթը իր նմաններից անջատվելու ու հայատառ գրելու համար:

Ուղղակի զավեշտալի, բայց խորապես մտահոգիչ  է այն փաստը, որ այլատառ հայերենով գրում են ուսուցիչներ, անգամ դասախոսներ, որոնք, թեպետ  կրթում են բազմաթիվ սերունդների, այդուհանդերձ, մանկավարժի վսեմ կոչումը կարծես մոռացած, այս առումով վատ օրինակ են ծառայում իրենց աշակերտներին ու ուսանողներին:

Այս տարի ուսանողներիցս մեկը ինձ շնորհավորեց այս տոնի առթիվ: Հետաքրքիր է, որ երբեք էլ համացանցում հայատառ գրելու օրը ինձ համար յուրահատուկ օր չի եղել, քանի որ տարվա մնացած օրերին էլ միշտ ջանացել եմ լատինատառ հայերենով գրողներին հեղափոխել, բայց այդ շնորհավորանքը ինձ համար ինչ-որ կերպ կարծես առանձնացրեց արդեն Փետրվարի 7-ը՝ պարտավորեցնելով  ինձ շարունակել այս դժվար ու մեծ, համբերություն պահանջող պայքարը այլատառ հայերենի դեմ:

Առաջարկեք հետաքրքիր «մարտահրավեր» հայատառ գրելու օրվա կապակցությամբ:

— Ես, տարիներ շարունակ դասավանդելով բուհում, իմ առաջնային նպատակներից մեկը, ինչքան էլ դա տարօրինակ թվա, համարում եմ ուսանողներին՝ համացանցում հայերեն գրելու հորդորներ տալը: Անում եմ դա ամենատարբեր ձևերով. համոզում եմ, ցույց եմ տալիս այն կոմիկական իրավիճակները, երբ լատինատառի շփոթի հետևանքով տարբեր օգտատերեր իրար չեն հասկանում, գեղարվեստական գործեր եմ տալիս կարդալու, որտեղ շեշտվում է հայոց այբուբենի բացառիկ արժեքը, առավել ևս այնպիսի գործեր, որոնք առնչվում են հայոց պատմության սրտակեղեք էջերին, երբ մարդիկ, ապրուստի միջոց չունենալով ու մահը աչքի առաջ ունենալով, սերունդներ են կրթել, սովորեցրել անապատի ավազի վրա հայոց տառերը: Կոմիքսներից մեկը կարող եմ հիշել: Ուրեմն մի անգամ հայտնի մարդկանցից մեկի նկարի մեկնաբանության մեջ մեկը գրել էր` anteri yntanik: Մի օգտատեր վրդովված գրեց, թե` ինչու ես վիավորում, այդ ընտանիքը anteri che: Փաստորեն մեկը գել էր` անթերի ընտանիք, մյուսը հասկացել էր անտերի ընտանիք:

Իմ ֆեյսբուքյան պատին շարունակ գրում եմ հայատառ հայերենը գրելու պահանջի ու անհրաժեշտության մասին: Դրա համար երևի թե առանձին մարտահրավեր չեմ կարող հիմա նշել: Մարտահրավերը պիտի փոքր քայլերով լինի, պիտի անձի մեջ արթնացնել հայ լինելու, հայոց տառերով գրելու, հայերենը հատկապես սիրելու փոքրիկ ձգտումները, ու դրանից հետո, հավատացեք, մարտահրավերի կարիք չի էլ լինի:

 

Հարցազրույցը` Նելլի Պետրոսյանի

3-րդ կուրս

Կիսվել