«ԵՐԲ ԲԵՄՈՒՄ ԵՄ, ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ». ԳՐԵՏԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ

«ԵՐԲ ԲԵՄՈՒՄ ԵՄ, ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ». ԳՐԵՏԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ

2840

«Ես եմ քո զինվորը»

 

Սոֆի Դևոյանի մշակույթի սան Գրետա Մխիթարյանը չնայած փոքր տարիքին՝ արդեն հասցրել է բազում բեմեր դուրս գալ: Պարի, բեմը ընտրելու նրա որոշման և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Գրետայի հետ:

-Երկար տարիներ է՝ ինչ պարի բնագավառում ես: Կպատմե՞ս, թե ինչպես ստացվեց:

-Առաջին քայլերս պարի բնագավառում արեցի դեռևս 3 տարեկանում, ծնողներիս ցանկությամբ և ընտրությամբ: Սկսեցի հաճախել Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոն: Չեմ կարող ասել, որ 3 տարեկանում ես կատարեցի ընտրություն, բայց հստակ կարող եմ հիմա փաստել, որ ծնողներիս ընտրությունը իմ առջև բացեց մի ուղի, որը  որքան էլ բարդ է, միևնույն ժամանակ գեղեցիկ է, հեքիաթային ու գրավիչ: Հիմա միանշանակ կարող եմ ասել,  որ պարը իմ կյանքի մի մասն է: Պարը իմ հոգու, մտքի, զգացողության, տրամադրության արտահայտման ձևն է: Այն տեղը որտեղ ես իմ տարերքի մեջ եմ:

-Չնայած փոքր լինելուն՝ բազում հաջողություններ ես գրանցել: Որո՞նք են եղել ամենատպավորիչները:

-Այս տարիների ընթացքում բազում  բեմեր ու հաղթանակներ եմ ունեցել թե՛ խմբակային,  թե՛ անհատական ելույթներից: Չեմ կարող նշել ամենատպավորիչը. բայց կարող եմ ասել, որ վերջին 2 տարիները շատ տպավորիչ աշխատանքային տարիներ էին: Կերտեցի գլխավոր դեր «Սառցե սիրտը» պարային բեմադրության մեջ` Տաթև Միքայելյանի բեմադրությամբ: Որպես անհատ կատարող ներկայացրի «Ես եմ քո զինվորը»  պարային բեմադրությունը: Այն նվիրված էր ապրիլյան դեպքերին` Արմինե Ավետիսյանի բեմադրությամբ: Ամռանը ԱՐԱՍՈ պարային համույթով մասնակցություն ունեցանք Ծաղկաձորում միջազգային պարային փառատոնի: Աշնանն արդեն Գյումրիում մասնակցեցինք Շիրակի էսքիզներ փառատոնին: Այժմ պատրաստվում ենք մեծ համերգային ծրագրի: Առջևում սպասվում են նաև փառատոններ և պատրաստվում ենք բարձր մակարդակով ներկայանալու: Տպավորություններս ինչպես տեսնում եք շատ-շատ են, և անդադար կարող եմ խոսել (ժպտում է):

-Կերտել բազմաթիվ կերպարներ: Որո՞նք են եղել հոգեհարազատները Գրետա տեսակին:

-Նախորդ հարցում, երբ խոսում էի իմ տպավորություններից, նշեցի 2 բեմադրություն և հենց այդ 2 կերպարների մասին էլ կուզեի խոսել: «Սառցե սիրտը» ներկայացման մեջ կերտում էի Աննայի կերպարը, որն իր թեթևությամբ, ակտիվությամբ ու չարաճճիությամբ, իհարկե, շատ նման է Գրետային: Մյուս կերպարը, որպես կատարող, շատ ավելի բարդ էր: Ցավոք այդ չարաբաստիկ ապրիլյան դեպքերի ժամանակ ես տեսա, թե ինչպես են շատ մայրեր, քույրեր, աղջիկներ, սիրելիներ ու կանայք արցունքն աչքերին սպասում իրենց որդիներին, եղբայրներին, ամուսիններին, հայրերին ու սիրելիներին: Կերպարի ամբողջ բարդությունը կայանում էր նրանում, որ ես ներկայացնում էի այդ բոլոր կանանց ցավը, վիշտը,  վախը ու սպասումը: Կարծում եմ 2 կերպարն էլ ստացվել է:

«Սառցե սիրտ»

-Ի՞նչն է ոգեշնչման աղբյուր հանդիսանում քեզ համար նախքան բեմ դուրս գալը:

-Ընդհանրապես միայն բեմ դուրս գալն ու պարելն ինձ համար արդեն ոգեշնչում է: Նախքան բեմ դուրս գալն ինձ պետք է մի պահ մենակ մնալ, եթե ոչ ֆիզիկապես, ապա մտքերով: Ես առանձնանում եմ, կենտրոնանում ու պատրաստվում ելույթիս: Երբ բեմում եմ, ամեն տեսակ լարվածություն դուրս է գալիս և ես զգում եմ ինձ ինչպես ձուկը ջրում:

-Ապագայում ի՞նչ հեռանկարներ ունես:

Միանշանակ պարն իմ կյանքն է, ուր էլ որ լինեմ, ինչ էլ որ անեմ, շարունակելու եմ պարել:

 

Հարցազրույցը՝ Ռիմա Համբարձումյանի

4-րդ կուրս

Կիսվել