«ՆՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՀԵՆՑ ՀԱՄԱՑԱՆՑԸ»․ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

«ՆՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՀԵՆՑ ՀԱՄԱՑԱՆՑԸ»․ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

1792

Ժամանակն իր ընթացքին է հարմարեցնում ամեն բան, և դրանց թվում բացառություն չի կազմում նաև գրականությունը։ Փոխվում են դեպքերն ու դեմքերը, մեզնից յուրաքանչյուրն էլ վաղուց այդ ամենի ականատեսն է դարձել։ Չի կարելի ժամանակաշրջաններն անվերջ համեմատել և նախապատվությունը տալ հնին։ Երիտասարդներն այսօր էլ մեծ ավյունով ու խանդավառությամբ կարդում են գրքեր։ Գրքասիրությանը նպաստող գործոններն էլ են այսօր շատացելմանուկներին գունազարդ նկարներն են գրավում, երիտասարդներին՝ իրենց նախընտրած թեմաների առատությունը։ Գաղտնիք չէ նաև, որ գրականության զարգացման վրա անմիջական ազդեցություն է ունենում հասարակության ներսում տիրող իրավիճակը։ Իսկ արդի հայ գրականությունը շարունակում է զարգանալ զանազան ճյուղերով և ամենատարբեր ընդգրկումներով։ 21-րդ դարի հայ գրականության ընդհանուր զարգացումն ու խնդիրները պարզաբանել է  րականագետ Արքմենիկ Նիկողոսյանը՝ Journalist.am-ին տված հարցազրույցում։

Գրականագետի ձեր տեսանկյունից՝ որո՞նք են արդի հայ գրականության զարգացման գլխավոր միտումները։ Չէ՞ որ մենք այսօր տենսում ենք բազմաթիվ նոր ստեղծագործողների, հատկապես սոցցանցերում։

-2000-ական թվականների ստեղծագործական ձեռքբերումներից, ընթացային օրինաչափությունների ամրագրումից, թեմատիկ-գաղափարական հստակեցումներից հետո, արդի հայ գրականությունը այժմ փոքր-ինչ լճացած վիճակում է: Ասելիքի, պատկերավորման նոր ձևերի փնտրտուք կա, բայց դեռ չի հստակվում, թեպետ այս ընթացքում էլ, բնականաբար, արժեքավոր գործեր ստեղծվում են, հատկապես արձակում: Լավ վեպեր են գրվում: Նոր ստեղծագործողներին, իմ կարծիքով, շատ խանգարում է հենց համացանցը: Դրսևորվելու ազատությունը հանգեցրել է ինքնաքննադատության բացակայության, երևալու, ընթերցվելու ամենաթողությունը բերել է նրան, որ ավելի շատ սևագրություններ ենք կարդում, քան ավարտուն գործեր: Խոսքս հատկապես պոեզիային է վերաբերում:

 –Այսօր երիտասարդների մի ստվար զանգված կա, որ սիրում է գիրք գնել, բայց հարցումները ցույց ենտալիս, որ հիմնականում նախընտրումմ են արտասահմանյան գրականություն։ Ո՞րն է այս տենդենցի պատճառը։ Արդյո՞ք սոցիալական մեդիան նպաստեց դրան։

-Գիտե՞ք, ես չեմ հավատում այդ հարցումներին: Շատերը մոդայիկ երևալու համար ասում են արտասահմանյան որևէ հեղինակի անուն, նույնիսկ այն դեպքում, երբ ընդհանրապես չեն կարդում: Մյուս կողմից՝ հիմնականում արտասահմանյան գրականությանը նախապատվություն տալը նորմալ է, որովհետև եթե այլ գործոններ չասենք, ապա քանակով ավելի շատ է: Մանավանդ որ այսօր Հայաստանում շատ լավ գրքեր են թարգմանաբար հրատարակվում, և դա բերում է հետաքրքրության մեծացման: Բայց դրան զուգահեռ կան ժամանակակից շատ հեղինկաներ՝ Հովհաննես Գրիգորյանը, Լևոն Խեչոյանը, Գուրգեն Խանջյանը, Արամ Պաչյանը, Հրաչյա Սարիբեկյանը, Կարեն Անտաշյանը, Գրիգը, Էդուարդ Հարենցը, և էլի շատերը, որոնք ունեն շատ ընթերցողներ:

Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում դուք մի անգամ նշել եք, որ  գրականությունը չի կարող անընդհատ դեպի բարձունք գնալ: Իսկ արդի հայ գրականությունը դեպի ու՞ր է գնում։

-Այնպես չէ, որ դա իմ հայտնագործությունն է: Ընդհանրապես բոլոր ժամանակների ու բոլոր ժողովուրդների գրականություններին բնորոշ բան է: Վերելքներին հաջորդում են անկումները, և հակառակը: Մեր գրականության վերելքի շրջանները շատ են եղել։ Իսկ արդի հայ գրականությունը ընդհանուր առմամբ, վերելքի մեջ է, պարզապես հիմա որոշակի լճացում կա։

Իսկ ի՞նչ բացեր եք նկատում հանրակրթության ոլորտում՝ գրականության մատուցման մեջ։ Մեր դասագրքերը, դասընթացների կառուցվածքը արժե՞ փոփոխությունների ենթարկել։

-Շատ ցավոտ հարց է: Տարիներ շարունակ խոսվում է այդ մասին, լուծումներ են առաջարկվում, բայց ցավոք, չի փոխվում ոչինչ: Բացերն այնքան շատ են, որ ավելի լավ է՝ ոչինչ չասեմ:

Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում գրողների հանդեպ քողարկված գրաքննություն կա։ Եթե այո, ապա ինչպե՞ս է այն հիմնականում արտահայտվում։

-Չենք կարող ասել: Գուցե գրողական ներքին գրաքննություն՝ այո, բայց դա էլ տեսակի հարց է: Գրողն այսօր Հայաստանում ազատ է, քան երբևէ: Մնում է, որ իսկապես կարողանա օգտվել այդ ազատությունից:

 

 

Հարցազրույցը` Նելլի Պետրոսյանի

3-րդ կուրս

Կիսվել