«ԺԵՆԳՅԱԼՈՎ ՀԱՑԻ ԿԱՆԱՉԻՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆԻՆ ՀԻՇԵԼԸ ՈՉ ՄԻ ԹՈՌԱՆՍ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ»

«ԺԵՆԳՅԱԼՈՎ ՀԱՑԻ ԿԱՆԱՉԻՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆԻՆ ՀԻՇԵԼԸ ՈՉ ՄԻ ԹՈՌԱՆՍ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ»

8348

-Եղինջ, սպանախ, թրթնջուկ, ավելուկ, կնձմընձյուկ,սըմսըմոկ, տըմ տմետմոկ, էհ, տատ, խառնեցի, նորից ասա:

-Տո՛ շյան վռթի (տատիս շուրթերով հնչած շան որդի-ն ուրիշ համուհոտ ունի), մթոմ էս անգամ հիշելու ես հա՞(ծիծաղում է):

Էկլերա տատը կամ ինչպես բարեկամներն ու մտերիմներն են դիմում Էգա տատը արմատներով արցախցի է՝ Ստեփանակերտից: Պատմում է, որ երբ բացվում է ժենգյալով հացի սեզոնը իր երեխաներն ու թոռները չեն մոռանում հիշեցնել նրան, որ ամենահամով ժենգյալով հացն իր ձեռքով պատրաստածն է. «Դե, գիտեք, ժենգյալով հացը ղարաբաղցիներիս հայտնի ու սիրելի ուտեստներից է,  շատ համով է, ինքս էլ եմ շատ սիրում ու կեսկատակ-կեսլուրջ ասում՝ էլ ինչ ժենգյալ, եթե ղարաբաղցու ձեռքով չի պատրաստած: Էրեխեքիս ու թոռներիս իրար գլուխ հավաքելու լավագույն առիթներից մեկն է»:

Էգա տատն այն կարծիքին է, որ ցանկացած ճաշատեսակ պատրաստելու և հաջողելու համար կարևոր է, որ այն սիրով անես. «Գլուխ գովալ չլինի, բայց իմ ձեռքով պատրաստած ամեն ինչն էլ համովա ստացվում ու գիտեք՝ ինչի՞, որովհետև ես մեծ սիրով ու ջանասիրությամբ եմ պատրաստում ամեն ինչ: Էն, որ ասում են լավ ձեռք ունի, էդ իրականում էն մարդկանց ա վերաբերվում, ովքեր տարիների փորձից ելնելով արդեն ամեն ինչ ոչ թե աչքաչափով են լցնում, այլ ձեռքով. ձեռքն արդեն ավտոմատ գիտի, թե ինչքան պիտի լցնի (ժպտում է): Ժենգյալով հացն, իսկապես, յուրահատուկ համով է ստացվում, չգիտեմ, թե ինչով է պայմանավորված, երևի, արմատներս են մեջս խոսում»:

Կա տեսակետ, որ ժենգյալով հացի բաղադրիչ կանաչու տեսակները ոչ մեկի չի հաջողվում հիշել, ավելի քան 10 տեսակ կա, բայց Էգա տատը համոզված է, որ նրանք, ովքեր երկար տարիներ է պատրաստում են, անհնար է չմտապահել. «Իսկապես շատ են, հիմա, որ թվելու կարիք էլ չկա, բայց թե ուզում ես դու էլ թոռներիս նման անգիր անելու ժամանակ խառնես իրար, սկսենք (ծիծաղում է)»:

Էգա տատն այնպիսի համոզմունքով ինձ դա ասաց, որ ես միանգամից հրաժարվեցի ընդունել մարտահրավերը, որովհետև իսկապես դա ինձ ևս չէր հաջողվի:

Թոռը՝ Լիլիանան, պատմում է, որ իր դպրոցական տարիներին տնային առաջադրանք էին հանձնարարել՝ գրել որևէ հայտնի ճաշատեսակի բաղադրատոմս և սովորել անգիր, որ տեղում դասընկերներին ծանոթացնեին այդ կերակրատեսակի մասին. «Հիմա նոր եմ հասկանում, որ այդ տարիքում ոգևորված՝ մտածել էի ինչ հեշտ առաջադրանք է, տատիս կխնդրեմ, կգրի ժենգյալով հացի կանաչու տեսակները, ես էլ կսովորեմ, եղածը միայն կանաչու տեսակ է, բայց արի ու տես, որ սխալվել եմ: Գնացի տատիկիս մոտ մնացի այդ օրը, ժամերով փորձեցի, չստացվեց, արդեն լացս էր գալիս: Պապս, ով շատ հումորով մարդ էր, տեսնելով իմ նեղված ու դժգոհ դեմքը, ասաց՝ բալես, արի ես ավելի հեշտ քեզ մեր ղարաբաղցու լեզվով տաս հատ հայհոյանք սովորեցնեմ, տրամադրությունդ իսկը էդպիսինա (ծիծաղում է)»:

Էգա տատն անկեղծանում է, որ կանաչու տեսականին հիշելը ոչ մի թոռան չի հաջողվել, ուստի դրա հետ մեկտեղ էլ նշում է. «Քանի ես կամ, իմ ձեռքով կպատրաստեմ, կուտեն, թող չհիշեն, ոչինչ, երբ արդեն չեմ լինի, բլոկնոտի մեջ գրած ունեմ էդ ամեն ինչ-ը, կկարդան, կիմանան, կսովորեն ու կպատրաստեն»:

Էգա տատի հիշողության պահոցից ևս մի դրվագ հասցրինք որսալ: Հիշում էր, որ մի անգամ փոքր տղա թոռներից մեկի հետ որոշել էր գնալ ժենգյալով հացի կանաչիները քաղելու. «Փոքր թոռանս հետ, երբ կանաչիներն էինք հավաքում, պոկում էր, ձեռքը բարձրացնում և ասում՝ տա˜տ, ճիշտ եմ քաղել, էս որ մեկն էր: Ես էլ հոգու հետ էի խաղում և ասում էլի սկսեցիր էդ անմեղ կանաչիների հախից գալ, սխալ ես քաղել, նորից փորձի»:

Լիլիանան նույնպես համակարծիք է նրա հետ, որ տատու պատրաստած ժենգյալով հացին ոչ մեկ չի հասնի. «Նրանք, ովքեր ինձ մոտ ասում են, որ ժեգյալով հաց են սիրում, ես առանց մի պահ վարանելու ասում եմ՝ դու տատիս սարքածը, որ ուտես չես սիրի, կգժվես (ծիծաղում է): Հիշում եմ, որ երբ դեռ նոր էի ընդունվել համալսարան ու օրերից մի օր իմացան, որ արմատներս Ղարաբաղից են, դասախոսները հումորով ասացին՝ բա երբ ես ժենգյալով հաց հյուրասիրելու՞, ես էլ խոստացա, որ երբ ցանկանան համտեսել, իմաց տան: Իհարկե, այս դեպքից անցել է արդեն 4 տարի, ես ավարտել եմ համալսարանս, բայց հիշում եմ, որ ժենգյալով հաց հյուրասիրելու պարտքս չեմ կատարել (ծիծաղում է): Սեզոնը բացվում է, մի օր տատիս մոտ կգնամ, կմնամ, միասին կօգնեմ իրեն կպատրաստի, կհյուրասիրեմ անպայման»:

Երբ խնդրեցինք Էգա տատին բացել փակագծերն ու մեր ընթերցողներին ներկայացնել ժենգյալով հացի իր յուրահատուկ բաղադրատոմսն ու պատրաստման գաղտնիքները, Էգա տատը խորհրդավոր ժպիտով պատասխանեց. «Բալես, նրանք, ովքեր կուզեն, թող իմ բալին ասեն, ես կպատրաստեմ սիրով, ինչի՞ բացեմ գաղտնիքները էլ (ծիծաղում է)»:

Էգա տատի հետ ունեցած զրույցից տպավորված՝ կարելի է ենթադրել, որ, իսկապես, ղարաբաղցու ձեռքով պատրաստած ժենգյալով հացն անփոխարինելի է, ուստի ելնելով Էգա տատի շռայլությունից՝ կարելի է համտեսել նրա պատրաստածը ու համոզվել տողերում:

 

Օֆելյա Իսրայելյան

4-րդ կուրս

Կիսվել