«ՍՐՏԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱԾ ԽՈՍՔԸ ՍԻՐՏՆ Է ՄՏՆՈՒՄ». ԱՐԹՈՒՐ ՄԻԿՈՅԱՆ

«ՍՐՏԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱԾ ԽՈՍՔԸ ՍԻՐՏՆ Է ՄՏՆՈՒՄ». ԱՐԹՈՒՐ ՄԻԿՈՅԱՆ

1844

Մարտի 29-ին «Հայ Գիրք» գրախանութում կայացավ Արթուր Միկոյանի «Օտար լույս» գրքի շնորհանդեսը: Գիրք մի մարդու մասին, որն անվերջ ձախորդությունների, արկածների մեջ է ընկնում, բայց ի վերջո ստանում է իր հարցերի պատասխանները: Օտար լույսը հերոսին հետապնդող լույսն է, որը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս: Հերոսը զգում է և՛ հետապնդման ճնշումը, և՛ այն, որ այդ լույսը ամեն տեսակի վերջնական կործանումից փրկում է:

Գրականագետ Նորայր Ղազարյանը, խոսելով գրքի մասին, նշեց, որ հեղինակը կարևոր ճշմարտությունների մասին խոսելու համար որպես գործիք օգտագործել է հակատրամաբանականությունը.

«Ֆանտասմագորիկ վեպ ասելը բավական չէ, այստեղ չես տեսնի սյուժեի աստիճանական լարում, կա գրականագիտական հասկացություն ոչ սիտուացիոնայնություն, երբ սիտուացիան և՛ կա, և՛ չկա՝ բացակայում է, այն չի զարգանում, չի հասունանում, այլ ներկայացվում է: Հերոսը դուրս է եկել թափառելու, փնտրելու իր տունը, ի վերջո նա ստանում է իր երազած երջանկությունը, բայց հեղինակի գրչի տակ այդ երջանկությունը շատ նուրբ է, նա ծայրահեղ նուրբ է գրում շատ երևույթների մասին, որտեղ մարդկային էություններից հետո  տեսնում է մարդու ծաղկային էությունը»:

Հեղինակը, խոսելով գրքի ստեղծման մասին, ընդգծեց, որ գաղափարը վաղուց եփվում էր իր մեջ և երբ արդեն պատրաստ էր, ամբողջը թղթին հանձնեց:

«Կարծում եմ այն ստեղծագործությունը, որը միտված է անձնական ամբիցիաների բավարարմանը, տանում է դեպի ցածրորակ գրականություն: Այս վեպով ցանկացել եմ այնպիսի պատմություններ ստեղծել, որոնք ընթերցողին գեղագիտական մեծ բավակաություն կպատճառեն: Այն խոսքը, որը դուրս է գալիս սրտից, սիրտն էլ մտնում է, փորձել եմ այդ սկզբունքի հիման վրա հենվելով ստեղծագործել  ու գտնում եմ, որ այն բառերը այն ստեղծագործությունները որոնք արհեստածին են, դրանք դատապարտված են գրքերում, էլեկտրոնային տիրույթներում մնալու ամոթխածությանը»,- ասաց Արթուր Միկոյանը:

Գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ գիրքը տեղ է գտել  «Անտարես» հրատարակչության «ХХІ» մատենաշարում, որտեղ արդի հայ արձակի ներկայացուցիչներն են: Նրա խոսքով՝ նման կառուցվածքով վեպ դեռևս չկար, այն գալիս է լրացնելու մատենաշարը.

«Վեպը տեղիք կտա տարակարծությունների, իսկ դա շատ լավ է վեպի համար, որովհետև այն միանշանակ լուծում չի ենթադրում: Այն երևակայության թռիչքը, մութ տեղեր մտնելու և դուրս գալու նրա մոտեցումները կարևոր կլինեն նաև ժամանակակից երեխաների, պատանիների համար՝ անկախ գրքում արծարծված ամենատարբեր թեմաներից, որովհետև ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների դարում թվում է, թե երեխաները գտել են ամենահետաքրքիր բաները, բայց վեպն անգամ այդ պարագայում կարող է նրանց երևալ հետաքրքիր, ուրույն մի գործ, որը կօգնի նրանց կապվել ընթերցանության հետ: Սա գիրք է, որը ձեզ չի ձանձրացնի, և ձեր ժամանակը  զուր վատնած չեք լինի»:

Նանե Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել