ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ԲԱՑԵՑ ՍՄԱՐԹ ԱՊԱՀՈՎ ՍԵՆՅԱԿՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ԲԱՑԵՑ ՍՄԱՐԹ ԱՊԱՀՈՎ ՍԵՆՅԱԿՆԵՐ

2297

Տավուշի մարզի Այգեհովիտ և Կոթի սահմանամերձ գյուղերում բացվեցին ՍՄԱՐԹ ապահով սենյակներ: Այս ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ։

«Ես շատ ուրախ եմ, որ կարող ենք պետք եղած դեպքում թաքնվել կրակոցներց ու դրա հետ մեկտեղ, տեխնոլոգիապես հարուստ կրթություն ստանալ՝ հետ չմնալաով քաղաքաբնակ մեր հասակակիցներից»,- իր տպավորությունները կիսեց Այգեհովիտ գյուղի 15-ամյա բնակիչ Միքայելը, ով ընկերների հետ եկել էր՝ մասնակցելու ՍՄԱՐԹ ապահով սենյակների բացման արարողությանը:

Հայաստանում եզակի այս սենյակները յուրահատուկ կրթական անկյուններ են, որոնք բացի ուսումնական նշանակությունից, նաև անվտանգ տարածքներ են և կատարում են պաշտպանական գործառույթ: Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել և ուժեղացնել գյուղական համայնքները՝ տեղի երեխաներին ու երիտասարդներին նույնպես հնարավորություն տալով օգտվել արդիական տեխնոլոգիաներից, օգտագործել ժամանակակից կրթական միջավայրի առավելությունները:

«Անհերքելի է այն փաստը, որ ժամանակակից կրթական միջավայրն ունի բազում առավելություններ, որի արգասավոր պտուղները մենք վայելում ենք այսօր այստեղ: Այս սենյակները մեր երեխաների համար ոչ միայն լավ առիթ են՝ փորձելու իրենց ուժերը տարբեր ոլորտներում, այլև, Աստված մի արասցե, նաև պատսպարվելու և պաշտպանվելու պատերազմական իրավիճակների ժամանակ: Թերևս դա մեր գյուղի իրականության թելադրանքն է»,-նշեց Այգեհովիտի գյուղապետ Լևոն Գրիգորյանը։

Ծրագրի կայացմանը  աջակցել էր նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ գնդապետ Պետրոսյանը.«Յուրաքանչյուր գյուղացի զինվոր է՝ պետության հիմնաքարը պահող, արարող, ստեղծող: Նրանք իսկապես արժանի են այս վերաբերմունքին, և առավելապես արժանի է հայ զանվորը, քանզի նրանք այնտեղ՝ դիրքերում, կարող են հանգիստ լինել, որ այստեղ իրենց բարեկամները ապահով են և ունեն պատսպարվելու տեղ»:

Ելույթներից հետո հյուրերը շրջայց կատարեցին նորաբաց կենտրոնով և ծանոթացան ՍՄԱՐԹ սենյակների հնարավորություններին։

Խոսելով այս յուրահատուկ տարածքի մասին, COAF-ի հատուկ ծրագրերի պատասխանատու Վիգեն Շիրվանյանը հայտնեց․ «Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Ահա այդ ամենի արդյունքն է այս ՍՄԱՐԹ սենյակը, որը բացի վերոհիշյալներից, իր ապահով լինելու, կոյուղի, ջուր ունենալու շնորհիվ նաև լավ ապաստարան է պատերազմական իրավիճակներում»:

Սենյակների բացումը տոնելու էին եկել նաև համայնքների դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները, որոնք էլ հենց լինելու են սենյակների ակտիվ սպառողները:

Այգեհվիտ գյուղի դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Ալվարդ Գրիգորյանն ասաց, որ իրենք անհամբերությամբ են սպասել սենյակների բացմանը,  դրանց հետ կապված շատ պլաններ ունեն.«Երեխաները շատ ոգևորված են, որովհետև, բացի ուսումնական նյութերից, ուսումնասիրելու են նաև այլ ծրագրեր, որոնք իրենց կօգնեն մասնագիտական կողմնորոշման հարցում, թույլ կտան փորձել իրենց ուժերը և ինչ-որ առումով նաև կայանալ»:

Այգեհովիտցի դպրոցական Ինգան էլ երազում է ռոբոտաշինությամբ զբաղվել և հետագայում էլ ծրագրավորող դառնալ. «Ես ամեն օր կրակոցների ձայներ եմ լսում ու գիտեմ, որ թշնամին շատ զենքեր ունի, ավելի լավ, քան մենք: Ես ուզում եմ զբաղվել ռոբոտաշինությամբ, սարքել զենքեր, որ օգնեմ հայ զինվորներին և հայրիկիս, ով հիմա էլ ծառայության մեջ է»:

Հանդիպման ավարտին խոսեցինք նաև Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանի հետ։ Ներկայացնելով իրենց որդեգրած նպատակները՝ նա հույս հայտնեց, որ երեխաները կարդարացնեն իրենց սպասումները, և, որ շատ հնարավոր է, հետագայում կդառնան հենց իրենց աշխատակիցները: Մեր  թղթակցի այն հարցին, թե արդյոք կան համապատասխան կադրեր, որոնք զինված են գիտելիքներով և կարող են գիտելիքը ճիշտ մատուցել, Անուշ Եդիգարյանը նշեց, որ իրենց նպատակը նաև տեղի կադրերի կատարելագործումն է.

«Թեև ունենում ենք կադրային խնդիրներ և հաճախ մասնագետին հրավիրում ենք մայրաքաղաքից կամ արտերկրից, բայց, այնուամենայնիվ, մեր նպատակը տեղի մասնագետների վերապատրաստելն է և մեր որակական պահանջներին համապատասխանեցնելը: Մեր առաքելությունն է համայնքների բնակչությանը հնարավորություն տալ ապրել, կայանալ, գործել և ինքնիրացվել իրենց ծննդավայրերում, ոչ թե ճակատագիր որոնել դրսում»:

COAF-ի անդամները խոստացան, որ իրենց անելիքներն այսքանով սահմանապակվի, համատեղ ակտիվ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ շուտով կվայելեն դրանց արգսավոր պտուղները:

 

Լիանա Մարտիրոսյան
3-րդ կուրս

Կիսվել