ՍՏՎԵՐՈՒՄ ՄՆԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՍՏՎԵՐՈՒՄ ՄՆԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

1692

Դեռևս 2000-ականների սկզբին Հայաստանի կառավարության կողմից զբոսաշրջությունը հռչակվել է երկրի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը: Անցել է բավականին երկար ժամանակ և պետք է, որ այս ոլորտը ազատված լիներ  գրեթե բոլոր խնդիրներից, բայց…

Ցանկանալով Հայաստանը դարձնել ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնը, կառավարությունը սկսեց աշխատանքներ տանել  պատմամշակութային կոթողների բարեկարգման, վերանորոգման, զբոսաշրջային  նոր կենտրոնների ստեղծման ուղղությամբ: Տարված աշխատանքների արդյունքում Հայաստանն ունեցավ աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ Տաթևերը(Սյունիք), Խնձորեսկի ճոճվող կամուրջը(Սյունիք), նորոգվեցին և վերականգնվեցին բազմաթիվ եկեղեցիներ ու վանական համալիրներ, որոնցից են Նորավանքը(Վայոց ձոր), Հաղարծինը(Տավուշ), Գոշավանքը(Տավուշ) և այլն: Էքստրիմի սիրահար զբոսաշրջիկներին գոհացնելու համար Տավուշի մարզում, Ենոքավան գյուղում  ստեղծվեց  «Յելլ էքսթրիմ պարկ»-ը:

Այս և այլ նմանատիպ նախաձեռնությունները մագնիսի պես զբոսաշրջիկներին ձգեցին ու հասցրեցին Հայաստան, սակայն բացի խոշոր քայլերից, մեզ հարկավոր է նաև լուծել մանր թվացող խնդիրները, որոնք ստվեր են գցում արված աշխատանքների ու լուծված խնդիրների վրա:

Առաջին «մանրուքը» մաքրությունն է: Մինչև օրս էլ աղբակույտեր կարելի է հանդիպել ոչ միայն ճանապարհներին, այլ նաև եկեղեցիների կամ վանքերի հարակից տարածքներում: Օրինակ՝ զբոսաշրջիկներին ուղեկցելով Գոշավանք, մենք նրանց պատմում ենք, թե ինչպիսի կարևոր դեր է ունեցել վանքը ժամանակի հայ հասարակության համար, և ներկայացնում ենք, թե ինչպիսի մեծություն է եղել Մխիթար Գոշը: Այնուհետև նրանց ուղեկցում ենք Մխիթար Գոշի գերեզմանը, որը համարվում է ուղտատեղի, որտեղ մեր առջև բացվում է ոչ հաճելի, կեղտոտ  մի տեսարան:

Գերեզմանին անմիջապես հարող տարածքը պոլիէթիլենային տոպրակներով ու այլ աղբով լի:

 

 

 

Բացի էսթետիկ տհաճությունից, սա նաև անարգանք է Մխիթար Գոշի գերեզմանի և  հիշատակի նկատմամբ, և ցավոք սա  միակ օրինակը չէ:

Կարևոր խնդիր է նաև ճանապարհային տնակների բացակայությունը: Օրինակ՝ Տաթև ուղևորվելուց, Արենիից մինչև Հալիձոր(որտեղից սկսվում է Տաթևեր ճոպանուղին) չկա ոչ մի ճանապարհային տնակ, որտեղ կարող են զբոսաշրջիկները կանգ առնել կարճատև հանգստի համար:

Ցածր մակարդակի վրա է գտնվում նաև զբոսաշրջային կենտրոններին կից գործող սննդի կետերի, առևտրի սրահների ծառայության մակարդակը (իհարկե ունենք հաճելի բացառություններ): Բարձր գների հետ մեկտեղ զբոսաշրջիկներն այստեղ շատ հաճախ ստանում են անհարգալից վերաբերմունք: «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական գործակալության զբոսավարներից մեկը պատմեց, թե ինչպես Դիլիջանի Պարզ լճի տարածքի բացօթյա սրճարաններից մեկում պատվիրված սնունդը կերել էին անօթևան շները: Սրճարանի տնօրինությունը պատասխանատվություն չէր ստանձնել և պահանջել էր, որ հաճախորդները վճարեն պատվիրված ուտելիքի համար:

Սրանք այն խնդիրներն են, որոնք միայն ֆինանսական միջոցներով կամ ներդրումներով չեն լուծվի: Պետք է փոխվի  հասարակության մտածելակերպը և վերաբերմունքը սեփական բնության, էկոլոգիայի, պատմամշակութային կոթողների և այնտեղ այցելողների նկատմամբ: Զբոսաշրջիկները պետք է զգան, որ այն ամենն ինչ մենք ունենք` մեզ համար թանկ է, բառի ոչ նյութական իմաստով:

 

Ադանա Բաբաջանյան

4-րդ կուրս

Կիսվել