«ԻՄ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԸ ԿԱՊԵԼ ԵՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՎ ԱՅԺՄ ԱՌԱՆՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՕՐՍ...

«ԻՄ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԸ ԿԱՊԵԼ ԵՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՎ ԱՅԺՄ ԱՌԱՆՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՕՐՍ ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ». ԲԵԼԼԱ ԱՄԱՐՅԱՆ

1508

Ես որոշեցի երգչուհի դառնալ…

Եթե անկեղծ ես երբեք չեմ պատկերացրել, որ կընտրեմ այս մասնագիտությունը: Երբ փոքր էի, միշտ կատակում էի և բակում խաղալիս ընկերներիս հետ օպերային ձայնով էի խոսում, իբր ես օպերային երգչուհի եմ, բայց դա ուղղակի կարելի է ասել, որ կատակում էի, երբեք լուրջ չէի համարում: Ընկերներս հարցնում էին կցանկանայիր դառնալ օպերային դերասան-երգչուհի, ես քմծիծաղով պատասխանում էի, որ միանշանակ՝ ոչ: Եվ այդ ժամանակաշրջանում Շանթ հեռուստալիքով հայտարարվեց «Աստղիկ» մրցույթը, որը կարծում եմ բոլորիս քաջ հայտնի է: Մեծ քրոջս խորհրդով մասնակցեցի, ով ինձ վստահեցրեց, որ կօգնի սովորել երգեր: Նա էլ մի քանի տարի հաճախել էր վոկալի և  հասկանում էր այդ բնագավառից: Չիմանալով, որ ես ունեմ երաժշտական տվյալներ՝ սկսում է ինձ սովորեցնել երգեր, բայց ասեմ,  որ բավականին բարդ երգեր սովորեցի: Փոքր էի, մոտ 10 տարեկան, ձայնս չէր համապատասխանում տարիքիս, ավելի հասուն էր, այդ իսկ պատճառով չդժվարացա երգել այդ երգերը: Ճիշտ է, չհաղթեցի այդ մրցույթը, բայց  այդ մրցույթից հետո, մայրս հասկացավ, որ ունեմ լսողություն, կարողանում եմ մաքուր երգել և ես ընդունվեցի  Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց: Չհասկանալով սկսեցի շատ սիրել երգը, երաժշտությունը, սկսեցի մասնակցել համերգների, համերգ-ներկայացումների և այդ ժամանակ էլ հասկացա, որ ես սիրում եմ բեմը, սիրում եմ հանդիսատեսին, սիրում եմ բեմից կապ հաստատել հանդիսատեսի հետ: Վոկալի դասատուս, նկատելով այդ ամենը, սկսում է ակադեմիական երգեցողության դասեր տալ: Այդ տարիքում շատ բարդ էր ընկալել դասական երաժշտությունը: ճիշտ է, այդքան էլ չէի հասկանում, բայց ինչ-որ մոգական ուժ (եթե կարելի է էդպես անվանել), ինձ ձգում էր դեպի իր կողմ: Մայրս նկատեց, որ ցանկությունս մեծ է և ընդամենը 4 տարի սովորեցի երաժշտական դպրոցում, այնուհետև ընդունվեցի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ: Սովորեցի փայլուն մասնագետ  Նաիրա Հովսեփյանի դասարանում: Անցա շատ բարդ ճանապարհ դասախոսիս հետ, եղել է ժամանակ, որ հիասթափվել եմ, որոշ տեղերում թերանալու պատճառով, բայց դասախոսս չէր ընկճվում և միշտ սերմանում էր իմ մեջ առաջ գնալու ցանկությունը: Քոլեջն ավարտելուց հետո ես հասկացա, որ ես միանշանակ ցանկանում եմ դառնալ օպերային դերասան-երգչուհի:

Առաջին լուրջ քայլերը…

Առաջին լուրջ և պատասխանատու քայլս համարում եմ իմ կոնսերվատորիա ընդունվելը: Երբ քոլեջում էի սովորում, կոնսերվատորիայի կողքով անցնելիս ինչ-որ դող էր անցնում, անբացատրելի զգացմունք էր, մտածում էի  թե ե՞րբ է գալու այդ օրը, որ ընդունվեմ այստեղ: Նաև լուրջ քայլերից մեկն էր, երբ ես 18 տարեկանում սկսեցի երգել Ս. Սարգիս եկեղեցում: Աստծո տանը երգելը ինձ համար պատասխանատվությունից  վեր է: Հոգևոր երաժշտությունը մեկ այլ աշխարհ է: Շատ բարդ է հոգևոր երգեր կատարելը, և մեծ էր պատասխանատվությունը, քանի որ  վոկալ ասպարեզում պրոֆեսիոնալ քայլերս նոր էի սկսել: Լուրջ քայլերից էր նաև, երբ սկսեցի աշխատել երեխաների հետ, քանի որ երեխայի հետագա զարգացման մեջ ես էլ ունեմ իմ ներդրումը: Տարբեր երեխաներ, տարբեր բնավորություններ և, իհարկե, տարբեր ձայներ, որոնց հետ պետք է շատ զգույշ  աշխատել, քանի որ ձայնը կազմավորման մեջ է:

Դասական երաժշտությունն ինձ հոգեհարազատ է…

Յուրաքանչյուր ոք յուրովի է ընկալում դասական երաժշտությունը: Դասական երաժշտության մեջ այնքան խորություն կա, այնքան զգացմունք կա, որ ամեն անգամ լսելիս նորովի եմ ընկալում: Դասական երաժշտության մեջ հոգիս ներդաշնակվում է և երբ նյարդային եմ լինում դասական երաժշությունն է հանդիսանում ինձ հանգստացնող միջոցը: Այս  երաժշտությունը լսելիս  ես  մի պահ անջատվում եմ երկրից, գնում եմ այն   աշխարհ, որտեղ երազում եմ: Իմ ամբողջ կյանքը կապել եմ երաժշտության հետ և այժմ առանց երաժշտության օրս չեմ պատկերացնում:

Ունեցածս ձեռքբերումները…

Առաջին ձեռքբերումներիցս է, երբ մասնակցեցի «Վերածնունդ» միջազգային մրցույթին, որտեղ առաջին անգամ ներկայացա պրոֆեսիոնալ դասական վոկալով, բարեբախտաբար, դարձա առաջին կարգի դափնեկիր: Ձեռքբերում եմ համարում այն, որ սկսեցի երգել Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախմբում: Խմբի կազմում բոլորը օպերային դերասանուհիներ են, և «ԾԱՂԿԱԶԱՐԴ» համախմբի ղեկավար Լիլիթ Գրիգորյանի շնորհիվ ընդունվեցի այդ խումբ: Մեծ պատիվ է ինձ համար երգել նման երգչուհիների հետ:

Ունեցել եմ համերգ   Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգչուհի մեցո-սոպրանո՝ Լիլիթ Գրիգորյանի և սոպրանո՝ Ռոզա Հովսեփյանի հետ, որը մեծ ձեռքբերում է վաղ հասակում երգել նման երգչուհիների հետ: Զուգերգով նույնպես մասնակցել եմ «Վերածնունդ» միջազգային մրցույթին և զբաղեցրել առաջին տեղը: Ունեցել եմ համերգներ Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի երիտասարդ ծրագրի մեներգչուհիների հետ:

Կոնսերվատորիան` մասնագիտական կյանքի մեծ շրջափուլ…

Կոնսերվատորիա ընդունվելը շատ կարևորագույն խնդիրներից մեկն էր, երբ ընդունվեցի, սկսվեց խորը մասնագիտական շրջանը: Սովորում եմ այժմ 3-րդ կուրսում, բայց բավականին հարուստ գիտելիք եմ ստացել և, ինչու ոչ,  որոշ չափով պրոֆեսիոնալիզմ: Ես ձերբազատվեցի  այն բարդույթներից, որոնք խանգարում էին երգելիս: Սովորեցի մասնագիտությունս ավելի գնահատել, մոտենալ ավելի լրջորեն և խելամիտ` ի շնորհիվ դասախոսներիս: Կոնսերվատորիան ինձ դարձրեց ավել ինքնուրույն և կոնսերվատորիայի կրթության շնորհիվ է, որ մասնագիտությանս տիրապետում եմ  լավ,  որ կարողանում եմ փոոխանցել գիտելիքներս ապագա սերնդին: Քանի որ ես դեռ չեմ ավարտել կոնսերվատորիան, և առջևում 3 տարի կա, ապա միայն կասեմ, որ մասնագիտական ասպարեզում ավելի ծաղկուն տարիներ են սպասվում:

Դաշտում առկա խոչընդոտներ…

Դաշտում առկա խոչընդոտներ չեմ տեսնում, բայց դասական պրոֆեսիոնալ վոկալում, թերևս, կարելի է անվանել խոչընդոտ տարիքը և պրոֆեսիոնալիզմը  միայն: Պրոֆեսիոնալիզմն էլ տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ես ձեռք բերում: Ձայնային տվյալներ ունենալը դա դեռ չի նշանակում երգել: Պետք է լինել համբերատար, աշխատասեր և նպատակասլաց: Մարդը կարող է հասնել գրեթե բոլոր իր նպատակներին, միայն թե ցանկություն և աշխատասիրություն է հարկավոր: Այս կյանքում խոչընդոտներ չկան, մենք ենք  խոչընդոտներ ստեղծողը, մեզանից է կախված այդ խոչընդոտները կհաղթահարենք, թե ոչ, թերևս, լինում են պահեր, որ ակամայից հայտնվում ես անելանելի վիճակում, բայց անհաղթահարելի ոչինչ չկա, ուղղակի պետք է չընկճվել և սառը դատել:

Հետագա պլաններս…

Հետագայի համար շատ-շատ պլաններ ունեմ, բայց չեմ ուզում բարձրաձայնել: Ցանկանում եմ, առաջնահերթ  իրագործել պլաններս, նոր խոսել դրանց մասին: Միայն կասեմ այն, որ ուսումս ուզում եմ շարունակել արտերկրում:

 

Շուշան Սահակյանց

4-րդ կուրս

Կիսվել