ԱՆՆԱ ՅԵՐԻՑՅԱՆ. «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԻՇՏ ԳՆԱՀԱՏՈՂԸ, ՎԵՐԼՈՒԾՈՂՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

ԱՆՆԱ ՅԵՐԻՑՅԱՆ. «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԻՇՏ ԳՆԱՀԱՏՈՂԸ, ՎԵՐԼՈՒԾՈՂՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

1480

Այսօր քիչ չեն այն մարդիկ, ովքեր սիրում են հաճախել գրադարաններ և իրենց առօրյա զգալի մասն անցկացնել այնտեղ՝ գրքերի ուղեկցությամբ: Կան մարդիկ, ովքեր ընտրել են հենց գրադարանավարի մասնագիտությունը՝ ելնելով հենց գրքերի հանդեպ տածած իրենց անսահման հետաքրքության համար: Աննա Յերիցյանի հետ զրուցել ենք նրա մասնագիտության բարդությունների, ընթերցասերների նախասիրությունների, գրադարանների այժմյան վիճակի և մի շարք այլ հարցերի շուրջ:

-Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք աշխատել որպես գրադարանավար

Ես մանկուց շատ եմ սիրել գիր ու գրականություն: Մայրս պատմում է՝ 3 տարեկանից շատ սիրել եմ իմ գրքերով տուն-տունիկ խաղալ: Երևի դա էր պատճառը, որ հետագայում այդ սերը վերածվեց մասնագիտության և գրքերի աշխարհում ապրելու ցանկության: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Խ. Աբովյանի  անվան մանկավարժական ինստիտուտի գրադարանային գործ և մատենագիտության ֆակուլտետը: 5 տարի սովորելուց հետո և համատեղելով աշխատանքս մանկական գրադարանում որպես գրադարանավար համոզեցին ինձ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Շուրջ 25 տարի է՝ աշխատում եմ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: 25 տարի՝ ամեն աշխատանքային օր, երբ  մտնում եմ գրադարան զգում եմ իմ թիկունքին 23.000 զինվորի շունչ, որ պատրաստակամ են ինձ օգնելու:

-Բավականին փորձ ունեք այս բնագավառում: Ելնելով Ձեր կենսափորձից նշեք երեք կարևորագույն հատկանիշ, որով պիտի օժտված լինեն մեր գրադարանավարները:

Գրադարանավարը պիտի օժտված լինի երեք կարևորագույն հատկանիշով՝ համբերատարությամբ, ընթերցողի նախասիրությունները, կրթվածությունը, մտահորիզոնը հասկանալու հմտությամբ և անընդհատ ինքնակրթվելու ցանկությամբ: Եթե ընթերցողը բավարարված է հեռանում գրադարանից, ուրեմն գրադարանավարը իր մասնագիտական պարտավորվածությունը լավ է կատարել:

-Ինչու՞մ են կայանում գրադարանավար լինելու բարդությունները:

Գրադարանավար լինելը շատ պատասխանատու մասնագիտություն է: Մանուկ ընթերցող ներգրավելու պատասխանատու առաքինությունը հմուտ գրադարանավարի մասնագիտական մոտեցումն է: Երբ մանուկ ընթերցողը առաջին անգամ ոտք է դնում գրադարանի հեքիաթային աշխարհ, գրադարանավարի հմտությամբ նրա առաջ բացվում է կախարդական դուռ դեպի գիտելիքների անվերջություն:

-Ի՞նչ եք կարծում` կգա ժամանակ, երբ գրադարաններն իրենց տեղը կզիջեն էլեկտրոնային գրադարաններին:

Չեմ կարծում՝ լիովին կզիջեն: Գրադարանավարի շփումն ընթերցողի հետ դրական է անդրադառնում նրա հետագա ընթերցանության ցանկությանը, չէ որ գրադարանավարն է ուղղորդում՝ ինչ կարդալ: Շատ դեպքերում զրույցի ժամանակ է պարզվում նրանց գրական նախասիրությունները: Իմ խորին համոզմամբ պետք է կարդալ ոչ թե շատ, այլ պետքական:

-Գրադարաններն ի՞նչ վիճակում են մեր օրերում: Ձեր դիտարկմամբ ապահովվա՞ծ են բոլոր այն գրքերով, որոնք հիմա մեծ պահանջարկ են վայելում:

Այժմ գրադարաններին մեծ ուշադրություն է դարձվում: Ստանում ենք նոր գրականություն: Պայմաններն դուք ինքներդ կփաստեք, որ անհամեմատ լավացել է: Ապահովված ենք մեծ պահանջարկ ունեցող գրականությամբ (հիմնականում բուհական ձեռնարկներով, պարտադիր գրականությամբ) դրանով էլ հենց պայմանավորված է մեր ընթերցողների թիվը:

-Եթե հնարավորություն ունենայիք` ի՞նչ կփոխեիք գրադարանների սպասարկման ոլորտում:

Եթե հնարավորություն ունենայի մեր գրադարանը կուզեի էլ ավելի գունեղ կահավորել՝ երեխաներին ոգևորելու և ներգրավելու համար: Համալրել նոր տպագրվող մամուլով: Թոշակառուների մի հոծ զանգված ունենք, որ շատ է սիրում օրվա մամուլը կարդալ: Չմոռանանք, որ ծերերը չեն կարողանում օգտվել համակարգչից, այդ պատճառով գրադարանն իդեալական միջավայր է ինֆորմացիա ստանալու համար:

-Մեր երիտասարդները հիմնականում ի՞նչ գրականություն են նախընտրում:

Երիտասարդները հիմնականում կարդում են սոցիալական ցանցերում տպագրված գրականության ցանկերը, գալիս գրադարան ու պահանջում նորը, արդիականը. սիրային, պատմական, գիտահանրամատչելի գրականություն:

-Ընթերցողների շարքում հաճախ ո՞վքեր են լինում. երիտասարդնե՞ր թե՞ տարեցներ: Ըստ Ձեզ ինչո՞վ է դա պայմանավորված:

Գրադարանի ընթերցողները 1-90 տարեկան են: Մայրիկները հեքիաթներին ծանոթացնում են երեխաներին գրադարանից վերցրած գրքերի շնորհիվ: Հետո դպրոցական տարիքի երեխաները օգտվում են ըստ պարտադիր ընթերցանության ցանկերի: Ուսանողները օգտվում են ըստ մասնագիտական գրականության ընտրության՝ բաժնային գրականության ընտրությամբ, իսկ այս բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց գրադարանավարն է միջնորդ օղակ հանդիսանում գիրք-մասնագիտություն կոնտեքստում(բժիշկ, մանկավարժ, իրավաբան և այլք): Տարեցներն էլ կարդում են այն, ինչ ժամանակին չեն կարդացել, կամ հաճելին վերընթերցում են:

-Ի՞նչ կցանկանայիք խորհուրդ տալ մեր ընթերցասերներին:

Ընթերցասեր բարեկամներիս խորհուրդ կտամ միշտ արթուն պահեն իրենց բանականությունը: Կարդան ու իրենց համար բացահայտեն տիեզերքի անսահման հաճելի պահերը՝ գրքի անհուն պիտանելիությունը: Մարդկային փոխհարաբերությունների ճիշտ գնահատողը, վերլուծողը, ճշտի ուղին գովերգողն ընթերցանությունն է:

 

Օֆելի Իսրայելյան

4-րդ կուրս

Կիսվել