Ագրեսիվ տեղեկատվությունն ամենամեծ ազդեցությունն ունենում է երեխաների վրա: Դրանից լիովին խուսափել չի հաջողվի, սակայն վերահսկողությունը կարող է նվազեցնել կամ չեզոքացնել ազդեցությունը: Հոգեբան Էլզա Մանուկյանը խոսել է խնդրից:
–Ինչպե՞ս է ազդում երեխաների վրա ագրեսիվ տեղեկատվությունը: Ինչու՞ են նրանք համարվում ամենախոցելին:
-Երեխաները ստացված ինֆորմացիան քննադատորեն չեն ընկալում, այլ ուղղակիորեն, այդ պատճառով հեշտորեն ընդօրինակում են: Այն, ինչ ուժեղ հույզեր է առաջացնում մարդու մոտ, ավելի շատ է ազդում: Ագրեսիվ տեսարանները և´ մեծահասակների, և´ երեխաների մոտ ուժեղ էմոցիաներ են առաջացնում, և նպաստում են հուզական գրգռմանը: Համապատասխան իրավիճակում դա արտահայտվում է, որը կրկնում են նաև իրենց խաղերում:
–Երեխաների մոտ ամենից շատ ի՞նչն է տպավորվում ագրեսիվ տեղեկատվությունից:
-Եվ´ երեխաների, և´ մեծահասակների մոտ տպավորվում են ոչ թե գործողությունները, այլ դրանց թողած հուզական տպավորությունը, որը երկար է պահպանվում: Շատ անգամ տպավորիչ են լինում ծնողների ռեակցիաները, քան երեխաների տեսածը:
–Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ագրեսիվ տեղեկատվությունը:
-Հետազոտությունները ցույց են տվել, որ ագրեսիվ տեղեկատվության արդյունքում մարդիկ մասսայական անկարգություններ և բռնություն են կատարում: Երեխան, տեսնելով ագրեսիա պարունակող տեսարան մեծահասակների կամ տարեկիցների կողմից արված, կարծես թույտվություն է ստանում այն անել:
–Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին ագրեսիվ տեղեկատվության ազդեցությունից:
-Հիմնականում ագրեսիվ ինֆորմացիան այն երեխաների մոտ է ագրեսիան մեծացնում, ովքեր չեն ստանում ծնողների կողմից համապատասխան սեր և ուշադրություն, և հատկապես ագրեսիվ են լինում այն երեխաները, ովքեր ենթարկվում են ագրեսիայի իրենց հարազատ մարդկանց կողմից, կամ ականատես են լինում: Փոքր տարիքում պետք է ֆիլմերը, հաղորդումները, մուլտֆիլմերը, խաղերը նայել երեխայի հետ միասին ու ընթացքում մեկնաբանել:
–Ինչպե՞ս է ԶԼՄ–ն ազդում ընկալման վրա(երբ ագրեսիվ տեղեկատվություն է լուսաբանում):
-Յուրաքանչյուր ինֆորմացիա կոդավորում է մարդուն, եթե ինֆորմացիան կրկնվում է մի քանի անգամ, այդ ինֆորմացիան մնում է մարդու հիշողության մեջ՝ անկախ մարդու կամքից: Եթե կան նաև տեսարաններ, դա կրկնապատկում է ասված նյութի ազդեցությունը: Եթե մշտապես լրատվությամբ տեսնենք, որ մարդիկ դժբախտ են, մարդու մոտ կառաջանա դժբախտ լինելու հակում:
–Եղե՞լ են դեպքեր, երբ երեխաները կրկնօրինակել են ագրեսիվ վարքը:
-Այո, գիտնականները հետաքրքիր հետազոտություն են արել: Երկու խմբի երեխաների ցույց են տվել ֆիլմ: Մի տեղ ծաղրածուն ուրախացնում է երեխաներին, իսկ մյուս խմբում երեխաները ծեծում են ծաղրածուին: Հետո երկու խմբով գնում են ծաղրածուներ: Մի խմբում երեխաները ուրախությամբ են ընդունում, իսկ այն խմբում, որտեղ երեխաները նայել էին՝ ինչպես են ծեծում ծաղրածուին, նույն կերպ ծեծի են ենթարկում:
Հարցազրույցը` Լիլիա Արզումանյանի
4-րդ կուրս