Տեսախցիկի որսած այս խոսուն հայացքով շատերն են հետաքրքրվում, հուզվում, ոգևորվում։ Լցված աչքեր, տոկունություն, ժպիտ, հավատ, կամք․ բոլորն այս հայացքից պատմություններ հորինեցին։ Եվ պակաս հետաքրքիր չէ հենց իր՝ տատիկի ապրածն ու չապրածը։
Ո՞վ է տատիկը, որ մարմնավորեց հազարավորներին ու դարձավ հավաքական կերպար։ Նա օրեր շարունակ ակտիվորեն մասնակցում ու սպասում էր քաղաքական լարված իրավիճակի հանգուցալուծմանը։
Վրանուհի Գևորգյանն է․շրջապատում հայտնի է Լեյլա տատիկ անունով, այսուհետ՝ նաև «Թավշյա հեղափոխության» տատիկ։ Բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են Լեյլա տատիկի թոռներ, հավաքվել էին Լոֆթում՝ ծանոթանալու, բացահայտելու իրենց տատիկին, հետաքրքիր պատմություններ ու զրույցներ լսելու, ինչպես նաև «դասեր քաղելու»։ Գաղափարը Արման Անտոնյանինն էր, ով բացահայտել է տիկնոջը և փոքրիկ ֆիլմ պատրաստել նրա մասին։ Խորագիրը՝ «Ուզում եմ ամուր գրկել Լեյլա տատիկին» հենց Արմանի ցանկությունն էր, որը պարզվեց նաև մյուսներին էր։
Տատիկը ուշադրություն է գրավել ամբողջ օրը կանգնելով հրապարակում ու չկորցնելով իր եռանդը։ «Ես, որ ընդեղ կանգնած էի, ոչ սոված էի, ոչ էլ ծարավ,բեմից էլ իմ սրտի խոսքերն էր հնչում։ Դիմացն եմ կանգնել, որ շրթունքներից կարդայի՝ ինչ են ասում․․․ես էս էրեխեքիս խաղաղությունն եմ ուզում, բարօրրությունը․․․այ սնց՝ նայում եմ մի ընտանիք եք, բոլորդ իմ թոռներն եք, դուխո՛վ»,- տատիկը միշտ շեշտում էր բառը և ցույց տալիս համապատասխան ժեստով։
Սիբիրյան աքսորից մինչև Երևան, ամուսին, 2 երեխաներ, աշխատանք․ չի հոգնել ու նույն եռանդով շարունակում է ապրել։ «Հետքի» լրագրող Անուշ Քոչարյանը կարևորեց մի բան․ «Ես տատիին առավոտվանից մինչև արդյունքների ավարտը հետևել եմ ու հասկացել, որ ոչ մի դեպքում խղճահարություն ցույց տալ չի կարելի, ինքն էնքան ուժեղ է, որ որևէ բանի կարիք չունի, միայն՝ մեր նման երիտասարդների, ովքեր պայքարում են արդարության, ազատ մտքի ու կամքի դրսևորման համար»։
Լոֆթի ղեկավար Արևիկ Համբարձումյանը տատիկին ասոցացրեց «Մայր Հայաստանի» հետ՝ մայրության ու մեր հայրենիքի սիմվոլի։ Միջոցառմանը ներկա էին նաև քառօրյա պատերազմի հերոս տղաների մայրերը։ Արևիկը խնդրեց՝ երևույթը չքաղաքականացնել․ այն բարության, մայրության, հանդուրժողականության մեծ ակտ է։
Տատիկի «դուխո՛վ» կերպարը ավելի ընդգծվեց, երբ նշեց, որ ծնվել է 1940 թվականին և մտադիր է ապրել մինչև 2040-ը․ «Առողջականս ցե՛նտր ա»։
Լեյլա տատիկը ստացավ ծաղիկներ, նվերներ, սեր, ջերմություն և իհարկե ամուր գրկախառնություններ իր և բոլոր տատիկ-պապիկների թոռներից։
Օֆելյա Մարգարյան
4-րդ կուրս