«ԴԱՓՆԵԻ»-Ի ՄԱՍԻՆ. ԶՐՈՒՅՑ ՄԱՐԻԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ

«ԴԱՓՆԵԻ»-Ի ՄԱՍԻՆ. ԶՐՈՒՅՑ ՄԱՐԻԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ

1199
Նկարում՝ «Դափնեի» հերոսուհի Հասմիկ Խաչատրյանն է

Մարդու մի տեսակ կա, ով ունի վարակիչ կամքի ուժ, ով իր օրինակով ցույց է տալիս չհանձնվելու և կյանքի խաղից հաղթող դուրս գալու բանաձևը։ Նա ուժեղ է. ի հեճուկս բազում մարտահրավերների ու դժվարությունների՝ առաջ է գնում ու դառնում մոտիվացիայի լավագույն աղբյուր։ Ահա հենց նրանց մասին է պատմում «Դափնե» նախագիծը։ Այս մարդկանց պատմությունները ամփոփում են իրենց մեջ մի կարևոր ուղերձ՝ ոչ թե զոհ, այլ հաղթող:

Հասկանալու համար պատմությունները ներկայացնելու մի շարք մասնագիտական նրբություններ՝ զրուցել ենք ծրագրի ղեկավար Մարիաննա Գրիգորյանի հետ։

-Դափնեն փորձնական նախագիծ եք համարել։ Ինձ հետաքրքրում է՝ շարունակվելո՞ւ է այն:

-Այո, «Դափնեն» արդեն իսկ շարունակվում է, և մենք նոր փուլ ենք մտնում․ հոդվածներից, լուսանկարներից, նկարազարդած պատմություններից բացի, մենք նաև պիտի մարդկանց իրազեկենք իրենց իրավունքների ու ՀԿ-ների տարբեր ծրագրերի մասին, ինչպես նաև հնարավոր աշխատանքի, վերապատրաստման կուրսերի և այլնի մասին տեղեկություններ տրամադրենք։ Նպատակը՝ մի ընդհանուր հարթակ ստեղծելն է, որտեղ ոչ միայն մարդկային պատմություններ կլինեն, այլև համապարփակ պրակտիկ տեղեկություններ, որոնք կարող են օգնել մարդկանց առաջ շարժվել։

-Կերպարներին դուք եք գտնում թե՞ իրենք ձեզ:

-Կերպարներին մենք ենք փնտրում եւ գտնում։

-Հերոսուհիները կանայք են, ում բաժին է հասել դժվարություններ, խեղաթյուրված կյանք, իրավունքների ոտնահարում և այլն: Պատմությունները չեն ստիպու՞մ կանանց ամաչել, վախենալ, թաքնվել իրենց խնդրի մեջ, չվերադառնալ, չհիշել անցյալը: Ունե՞ք խնդիրների նման բախում:

-Շատ կարևոր խնդրի մասին եք խոսում։ Մեր հասարակության մեջ ընդունված չէ անձնական կյանքի մասին խոսելը, կան շատ տաբուներ, ու հասարակությունը ունի կաղապարված վերաբերմունք։ Կանայք, ովքեր չեն խուսափում խոսել իրենց անցածի մասին, քիչ են, սակայն այդ պատմությունները շատ ուժեղ են, ուղերձները՝ շատ հստակ, ինչը հնարավորություն է տալիս ուրիշներին կարդալ և մտածել իրենց պատմությունը պատմելու մասին։ Սակայն, մենք նաև գտել ենք լուծման այլ տարբերակ, եթե նկատել եք, մեր կայքում կան նկարազարդած պատմություններ, որոնք պատմում են իրական մարդկանց պատմություններ առանց մարդու անձը բացահայտելու։ Երկար մտածելուց հետո մենք հասկացանք, որ սա ևս տարբերակ է, և  քանի որ ունենք նկարազարդելու հնարավորություն, կոմիքսներով և քաղաքական ծաղրանակրարներով էլ ենք զբաղվում, օգտագործեցինք մեր այդ հմտությունը մարդկային պատմությունները ստեղծելիս։

-Իսկ մտածե՞լ եք տղա հերոսների շուրջ մարդկային պատմություններ ստեղծելու մասին։ Ի՞նչ է նախատեսվում, թե՞ նախագծի կենտրոնում կանայք են միայն:

-Այո, մտածել ենք, և սկզբից ևեթ։ Նկատած կլինեք՝ մեր կայքում չենք գրել պատմություններ կանանց մասին, այլ նշել ենք մարդկանց մասին։ Հնարավոր է, որ առաջիկայում տղամարդկանց մասին ևս պատմություններ պատմենք։ Մեր նպատակը մարդկանց մարդկային պատմությունների շնորհիվ կարևոր ուղերձներ հղելն է, որ պետք է շարունակել ապրել, պայքարել ավելի ուժեղ հասարակությունում ապրելու համար։

-«Մեդիալաբում» նույնպես գերակշռում են մարդկային պատմությունները։ Արդյո՞ք այս ձևաչափը կարելի է համարել խմբագրության հաջողության գրավականը։ Մյուս նյութերի հետ համեմատ ինչպիսի՞ն է լսարանի արձագանքը, հետաքրքրությունների շրջանակը:

-Մեզ համար շատ կարևոր են մարդկային պատմությունները։ Եվ մեր հաջողության գրավականը հենց մարդկային պատմություններով մեր ասածը տեղ հասցնելն էր, ինչը, կարծում ենք, մեզ հաջողվել է։ «Դափնեի» մասին արձագանքները դրա վառ վկայությունն է։ Հասարակության տարբեր խավերից մենք հրաշալի արձագանքներ ենք ստացել, ինչը ևս մեկ անգամ հավաստել է, որ լրագրությամբ հնարավոր է շատ կարևոր ասելիքը փոխանցել մարդկային հուզիչ, անկեղծ պատմությամբ։ «Մեդիալաբում» մենք անդրադառնում ենք տարբեր ոլորտներին, նաև խոսում ենք տաբու հանդիսացող շատ խնդիրների մասին, ինչպիսիք ենք ՄԻԱՎ վարակով ապրող մարդկանց, ԼԳԲՏԻՔ համայնքի մարդկանց և այլ խտրականության ենթարկվող մարդկանց պատմությունների մասին։ Եվ կարող եմ ասել, որքան էլ մարդկանց վերաբերմունքը կաղապարված լինի, մարդկային անկեղծ, հուզիչ պատմությունները միշտ կարողանում են ընթերցողին փոխանցել այն, ինչ հնարավոր չէ անել այլ ոճի հոդվածների շնորհիվ։ Արձագանքները տարբեր են, սակայն հիմնականում շատ մարդկային։ Մեր ընթերցողները քննարկում են, մեկնաբանում, տարածում, ուշադրության կենտրոն են բերում այն խնդիրները, որոնք շատ դեպքերում լուսանցքից դուրս են։ Եթե խնդիրների կենտրոնում մարդը չլիներ, մարդկային պատմությունները չլինեին, նման ազդեցություն չէր լինի․ վստահաբար եմ ասում։

-Ո՞րն է Ձեր ամենակարևոր սկզբունքը մարդուն ներկայացնելիս:

-Մենք երբեք չենք անում մի բան, որը կվնասի մարդուն։ Մարդկանց մասին գրելիս շատ զգայական հարցազրույցներ ենք ունենում, բայց պայմանավորվածություն չենք խախտում, եթե խնդրում են այս կամ այն դրվագին չանրադառնալ։ Իրականում սահմանները շատ նուրբ են, և մենք փորձում ենք հնարավորինս այդ սահմանները պահել՝ չվնասելով ոչ մարդուն, ոչ էլ թուլացնելով հոդվածը։ Այնքան էլ հեշտ չէ, բայց շատ կարեւոր է։

-Եվ վերջում՝ ի՞նչ կցանկանաք հավելել թեմայի վերաբերյալ:

-Շատ լավ կլիներ, եթե մեր լրատվամիջոցներում մարդկանց մասին պատմությունները, ակնարկները ավելի շատ լինեին․ պատմությունները դեմք ունենային։ Դա հաստատ կուժեղացներ մեդիադաշտը։

 

 

Հարցազրույցը`Օֆելյա Մարգարյանի

4-րդ կուրս

Կիսվել