ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՉԱՐ ՏՆԱԿԻ ՀԵՔԻԱԹԸ»

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՉԱՐ ՏՆԱԿԻ ՀԵՔԻԱԹԸ»

2483

Հեքիաթը հեքիաթ է նրանով, որ իր մեջ կարելի է գտնել և չգտնել քաղաքական մեսիջ, այսինքն՝ դրա մեջ և՛ կա, և՛ չկա մեսիջ, այնպես որ, հեքիաթը հենց դրանով է հեքիաթ:

Հայաստանն ապրում է նոր իրականությունում, վայելում սեփական ջանքերով ձեռք բերված հեղափոխության արդյունքները: Իսկ որքանո՞վ էինք մենք ծանոթ մեր այժմյան սիրելի  վարչապետին, գիտեի՞նք արդյոք, թե ինչ նախասիրություններ ունի վերջինս: Դրանցից մեկին ծանոթանալու հնարավորություն մի շարք երիտասարդներ ունեցան «Հյուլե» գրական ակումբի կազմակերպած հերթական քննարկման ժամանակ: Ընթերցասերների ձեռքում այս անգամ Նկոլ Փաշինյանի «Չար տնակի հեքիաթն» էր: Նշենք, որ այն հեղինակի առաջին հեքիաթն է, մինչ այդ նման փորձ չի ունեցել:Երազանքից կառուցված տնակի ու բացատի գազանիկների հետաքրքիր խաղի մասին Ն. Փաշինյանի «Չար տնակի հեքիաթը» սիրով է ընդունվել ընթերցողների կողմից:

Հեքիաթում պատմվում է, թե ինչպես տնակը գողացավ նապաստակի ու կրիայի հիշողությունը, երջանկությունը և դարձավ դղյակ: Նա ապրում էր բլուրի գագաթին ու միայնակ էր: Ու երբ շատ էր տխրում ու ձանձրանում, գոռոզանում էր, հպարտ զգում իրեն, որ բարձունքից է նայում շուրջբոլորը  տարածվող անտառներին, բացատներին, գետակներին ու լճերին:  Սակայն բոլորին է հայտնի, որ ի վերջո չարը հավետ չէ:Կուղբի հարազատների բանակը եկավ ու սկսեց կրծել դղյակի պատերը: Դղյակը փլուզվեց, նապաստակն ու կրիան ետ ստացան իրենց հիշողությունը: Նրանք կրկին երջանիկ են:

Հյուլեականներն արտահայտեցին իրենց տեսակետը հեքիաթի մասին, որը բավականին տարբեր էր: Որոշները փորձեցին չքաղաքականացնել, որոշների համար էլ անհասկանալի էր այն, թե ինչպես կարելի է չքաղաքականացնել քաղաքական հեքիաթը: Եղան նաև մարդիկ, ովքեր հեքիաթում ընտրված հերոսներին սիմվոլ համարեցին, որոնք ամենևին էլ պատահական չեն ընտրված: Տնակը նմանեցվեց Հայաստանին. այն թերություններ ուներ, բայց ու՞մ հայտնի չէ, որ մեր երկրում էլ կան բացթողումներ: Այն տնակ էր, ոչ տուն: Դրանով էլ փորձեցին եզրեր գտնել նրա գոռոզության հետ: Որքան փոքր է լինում, ճնշված, այնքան նրա մոտ արթնանում է բոլորի դեմ պայքարելու, ինքն իրեն պաշտպանելու ներքին զգացողություն, որի հետևանքով սկսում է մտածել, որ իր փոքր ու անօգնական լինելու համար մեղավոր են բոլորը, բայց ոչ երբեք ինքը: Հենց դա էլ ստեղծում է ներքին անբավարարվածություն ու դրդում հետագա քայլերին: Հետաքրքիր էր արագիլի կերպարը: Միգուցե ամեն բան այլ լիներ, եթե արագիլը չգնար, մնար օգնելով հասկանալ ու ճիշտ ուղի գտնել: Կարելի է ասել հեղինակն այստեղ փորձել է բացատրել, որ պետք է բարի լինել, ընկերասեր, բայց երբեք կուլ չգնալ անարդարությանն ու գոռոզությանը:Սակայն արագիլի սիմվոլն այստեղ ներկայացնում է սփյուռքը: Ինչպես եղանակների ցրտելուն պես արագիլն է հեռանում,այնպես էլ հանգամանքների բերումով մարդկանց մի մասն է հեռացել երկրից:

Բավականին ուշագրավ էր ակումբականներից մեկի այն դատողությունը, որ տնակը Հայաստանի հանրապետական կուսակցությունն էր: Նիկոլ Փաշինյանի պայքարը, ըստ նրա,  ոչ թե ուղղված էր Ազգային ժողովին, այլ հենց Հանրապետական կուսակցությանն ու Սերժ Սարգսյանին: Այսինքն գլխավոր հակառակորդը տնակն էր: Կրիան, ըստ նրա, զինված ուժերը, ոստիկանությունն են, իսկ նապաստակի սիմվոլի տակ թաքնված էր Ազգային ժողովը: Վերջինս և՛ վախկոտ է, և՛ կարելի է ասել խորամանկ: Կուղբի դերում կարծես հեղինակն իրեն է տեսել: Հեքիաթում կուղբը դիմում է իր ազգականներին, որ գան ու միասին կրծեն դղյակը, քանի որ ինքը  միայնակ չէր կարող. դա հենց սպասվելիք հեղափոխությունն էր:

Սա խոսք էր ուղղված ժողովրդին առ այն, որ մենք ապրելով անգիտակցաբար մեր սերն ու ջերմությունը տալիս ենք «տնակին», հարստացնում, շենացնում նրան՝ դառնալով ստրուկ ու կորցնելով մեր ողջամտությունն, ինչպես հեքիաթում հերոսները դարձան սեղան ու աթոռ: Ինչևէ, միգուցե հեղինակն ամենևին էլ քաղաքական որևէ ենթատեքստ չի դրել հեքիաթի հիմքում,սակայն ինչպես ինքն է նշել՝ հեքիաթը հենց դրանով է հեքիաթ:

Արաքսյա Սահակյան

3-րդ կուրս

Կիսվել