«ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԿԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՈՒՍԱՆՈՂԻՆ ՈՒՍԱՆՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ». ԳՐԻՇԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

«ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԿԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՈՒՍԱՆՈՂԻՆ ՈՒՍԱՆՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ». ԳՐԻՇԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

1799

Երևանի պետական համալսարանն ուսանողներին մի շարք հնարավորություններ է ընձեռում՝ արտերկրում կրթություն ստանալու: Բայց թե որքանով են կրթական փոխանակման ծրագրերը մատչելի և հասանելի ուսանողներին, պարզել ենք Չեխիայի Մասարիկ համալսարանում սովորած, ԵՊՀ շրջանավարտ և ներկայիս ուսանող Գրիշա Գասպարյանից:

-Գրիշա, ինչպե՞ս որոշեցիք ուսանել Եվրոպայում, և եթե կրթական ծրագրին դիմելու ճանապարհին հանդիպել եք դժվարությունների, խնդրեմ, պատմեք դրանց մասին:

-Լինելով անգլերենի մասնագետ՝ պահանջ ունեի միջմշակութային հաղորդակցության: Կարծում եմ՝ ցանկացած ուսանողի նպատակն է իր համալսարանից դուրս ուսում ստանալը: Դժվարություն էր, օրինակ, այն, որ վստահության պակաս կար՝ արդյոք դու կլինես այն նոմինանտը, ով կշահի ծրագիրը, հետո արդեն դժվարությունները այստեղի և այնտեղի կրթական համակարգերի տարբերությամբ էին պայմանավորված: Եվրոպայում առարկաներ կան, որոնք ավարտվում են քննությամբ կամ ստուգարքով, հակառակ պրոցեսն է այստեղ: Առարկաները, որոնք այստեղ ուսուցանվում են 1 կիսամյակում, այնտեղ ուսուցանվում են 3 կիսամյակում: Դա էր կրեդիտային շարժունություն ապահովելու բարդություններից:

Արտերկրում սովորած ուսանողների մեկնաբանությունները կրթության որակի վերաբերյալ միանշանակ չեն: Ոմանց համար եվրոպական բուհերը լիովին նոր բովանդակություն ունեն, շատերն էլ ասում են, որ առանձնապես մեծ տարբերություններ չեն նկատել հայաստանյան և եվրոպական բուհերի միջև: Ինքդ՝ որպես եվրոպական բուհում սովորած ուսանող, ի՞նչ տարբերություններ ու նմանություններ կմատնանշես:

– Առաջին և ամենամեծ տարբերությունն այն է, որ մեզ մոտ գերակշռում է  տեսության ուսուցումը: Այդ առումով մենք, կարելի է ասել, ուժեղ տեսաբաններ ենք: Սակայն գործնականում մեր գիտելիքները կիրառելու ուղիները չեն մատնանշվում: Իսկ Եվրոպայում գերակշռում է գործնական ասպեկտը: Այն ինչ սովորում ես, հաջորդ քայլդ պիտի լինի դա կիրառելը: Օրինակ, նախքան կիսամյակի մեկնարկը Մասարիկի համալսրանում անցնում են ադապտացիոն շրջան, սովորում մինիմալ չեխերեն, որպեսզի հաղորդակցվեն մարդկանց հետ: Ես անցել եմ առարկաներ օտար լեզվի դասավանդման մեթոդիկայից, ուղեկցվել են տարբեր դպրոցներում մեր պրակտիկայով: Երկրորդը ռեսուրսների հագեցվածությունն է: Իմ սովորած համալսարանում կային բոլոր նախապայմանները ուսանողին ուսանողի կարգավիճակում պահելու համար:

Եթե երբևէ հնարավորություն ունենաս բուհում դասավանդելու, ի՞նչ մեթոդներ կկիրառես հայաստանյան բուհական համակարգում, որոնք յուրացրել ես Չեխիայում սովորելու ժամանակ:

– Չեխիայում մենք սովորել ենք՝ ինչպես դասավանդել օտար լեզուներ տարբեր տարիքային խմբերի մարդկանց՝ ուսումնասիրելով նրանց հոգեբանությունը: Կարծում եմ՝ առաջին հերթին կփորձեմ ճանաչել իմ ուսանողներին՝ ըստ տարիքի և մոտիվացիայի: Ուսումնական պրոցեսը հիմնված է կարիքի և մոտիվացիայի վրա, այսինքն դասախոսը պետք է հասկանա՝ ինքը ինչ կարող է անել ուսանողի ուսուցողական կարիքները բավարարելու կամ անհրաժեշտության դեպքում մոտիվացիան փոխելու համար: Կուզենայի ռեսուրսային հագեցվածություն ապահովել համալսարանում, որպեսզի հանկարծ ուսանողները չդժգոհեն, թե դրա հետևանքով չեն կարողանում լավագույնս սովորել:

 

Հարցազրույցը՝ Նելլի Պետրոսյանի

3-րդ կուրս

Կիսվել