ԹԱՓԱՌԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԹԱՓԱՌԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

4530

Այն, ինչ ունենք

Հայաստանը թափառող կենդանիների համար կատարյալ երկիր չէ։ Մասնավորապես, թափառական կենդանիների նկատմամբ բնակիչներից ոմանց և պետական մարմինների վերաբերմունքն այնքան էլ դրական չէ։  Բնակիչներն ահազանգում են, որ թափառական շները շատ հաճախ դառնում են ճանապարհային պատահարների, աղմուկի, հակասանիտարական վիճակի ստեղծման ու մի շարք այլ անախորժությունների պատճառ։ Հայաստանում թափառող շների թվաքանակի վերաբերյալ որևէ վիճակագրական տվյալներ չկան։ Ըստ քաղաքապետարանի տրամադրած տվյալների՝ 2009-2013թթ.Հայաստանում թափառական շների թվաքանակը աճել է կրկնակի՝20000–ից հասնելով 40000–ի։ Այնուամենայնիվ, «Փրո Րոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը «Ինչպես լուծել թափառող շների հիմնախնդիրը մարդկայնորեն, արդյունավետ և ընդմիշտ. հայեցակարգային ռազմավարություն» հենակետային սեղմագրի մեջ նշում է, որ «գիտական տվյալների հիման վրա կատարելով մասնագիտական վերլուծություն կարող ենք ամփոփել, որ տիրույթի փաստացի տվյալներին համաչափ՝ աշխարհագրական դիրք, բնակլիմայական պայմաններ, բնակչության խտություն, ռեսուրսներ և այլն, Երևանում շների տարողության սահմանը տատանվում է 15-20,000-ի միջև, իսկ ամբողջ Հայաստանում շների քանակը 40,000-ը չի գերազանցում։ Թափառող շները մարդկանց արդյունք են, նրանք չեն կարող գոյատևել առանց մեզ, շների թիվն աճում ու նվազում է բնակչության թվաքանակին համաչափ՝ չընդգրկելով այն ձագերին, որոնք միևնույն է մահանում են մինչև բազմացման տարիքը։ Քաղաքի գերբնակվածության և աղբի խտության հետևանքով շների գլխաքանակի խտությունը Երևանում ավելի բարձր է, հետևաբար 87 բնակչին՝ 1 շունն առավել ճշգրիտ ցուցանիշն է»։ Հավելենք, սակայն, որ Համաշխարհային կենդանաբույծների ծառայության (WBS) տվյալների համաձայն՝ Հայաստանում թափառական շների թվաքանակը չի կարող գերազանցել 5000-ը։

Օրենսդրակա՞ն բացեր

Հայաստանում թափառական կենդանիների պաշտպանության վերաբերյալ չկա ոչ մի օրենսդրական կարգավորում։ Հիմնախնդրի լուծման վերաբերյալ միակ ընդունված փաստաթուղթը քաղաքի ավագանու որոշումն է, որը միանգամայն բավարար է շների գլխաքանակի վերահսկման համար։ Մասնագետները նաև այն կարծիքին են, որ առաջին հերթին ճիշտ կլինի վավերացնել Ընտանի կենդանիների պաշտպանության եվրոպական կոնվենցիան, ինչն էլ ժամանակի ընթացքում կարող է վերածվել ու հիմք հանդիսանալ ազգային օրենսդրության մշակման համար։  «Բարեբախտաբար, սա այն ոլորտն է, որտեղ մենք կարիք չունենք հերթական անգամ հեծանիվ հորինելու։ Դեռևս 2000 թվականից մենք տվել ենք մեր այն բոլոր առաջարկները, որոնցով որ պետք է Հայաստանի օրենսդրությունը վերափոխվի և ինչպիսի նոր մշակումներ պետք է լինեն, որպեսզի կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտը գոնե տեղից շարժվի։ Չենք խոսում դեռևս զարգացման մասին։ Այլ խնդիր է, որ արդեն կան Հայաստանին համաչափ երկրներ, որոնք ունեն այնպիսի օրենսդրություններ, որոնք լրիվ բավարար են մեզ համար։ Ավելին՝ չէ՞ որ Հայաստանը նաև ՄԱԿ–ի և Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն է և արդեն կան միջազգային փաստաթղթեր, որոնց Հայաստանը միանալով կամ դրանք վավերացնելով կարող է խնդիրներին արդեն օրենսդրական հիմքի վրա լուծում տալ։ Հետևաբար, պետք է  մեզ և´ նորը, և´ հնի վավերացումը։ Ընդհանրապես պետք է հասկանալ՝ ինչն է մեզ համար նպատակահարմար»,– Ժուռնալիստ.am-ի հետ զրույցում պարզաբանեց Նարե Արամյանը։  Դինգո Թիմ ՀԿ հիմնադիր–նախագահ Օվսանա Հովսեփյանը հավելում է, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը օրենք չունի հարցը լուծելու համար. թե´ Վրաստանում, թե´ Ադրբեջանում և հարևան մյուս երկրներում օրենսդրական խնդիրը համակարգված է «Օրենք չունենք, քանի որ դա կխանգարեր գումարների բյուջեից դուրսգրմանը։ Այս դեպքում անհնար կլիներ 80% սպանդը, քանի որ օրենքը արգելում է դա»։

«ՅՈՒՆԻԳՐԱՖ–ԻՔՍ»–ի մենաշնորհը

Յուրաքանչյուր տարի Երևանի քաղաքապետարանը թափառական կենդանիների հետ կապված խնդրին լուծում տալու համար հայտարարում է  «Թափառող կենդանիների(շների) ստերջացման և պատվաստման ծառայությունների» մրցույթ։

Սկսած 2009 թվականից մրցույթին ամեն տարի մասնակցում և հաղթում է  «Յունիգրաֆ–Իքս» ՍՊԸ–ն՝ տարեկան ստանալով մոտ 100 միլիոն դրամ։ Ըստ  պայմանագրի՝ ընկերությունը պարտավորվում է բռնել, բուժել, ստերիլիզացնել և բաց թողնել թափառական կենդանիներին։ Սակայն, կենդանիների պաշտանությամբ զբաղվող մի շարք հասարակական կուսակցություններ ահազանգում են, որ ՍՊԸ–ն չի կատարում իր պարտականությունները  կամ որոշ դեպքերում կատարում է խախտումներով, իսկ քաղաքապետարանը գումարներ է կուտակում թափառող շների հաշվին։

Ահազանգողների պնդմամբ «Յունիգրաֆ–Իքս» ընկերությունը մեծամասամբ գնդակահարում է շներին, ինչը հակասում է կնքված պայմանագրի պահանջներին։ «Դեպքեր են եղել, երբ շները գնդակահարվել են ցերեկային ժամերին տեղանքի բնակչության ու հատկապես երեխաների աչքի առաջ։ Սա ուղղակի անընդունելի է։ Չէ՞ որ սա կարող է ազդել շատերի հոգեբանության վրա»,– պնդում է «Բիոսոֆիա» բնապահպանական հ/կ–ի ղեկավար, մասնագիտությամբ անասնաբույժ Գևորգ Պետրոսյանը։

Հետք.am–ի տվյալներով՝ ընկերությունը հիմնադրվել է 2005թ-ին: Հիմնադիրները եղել են նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, այժմ Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան  Ռուբեն Սադոյանը և Դավիթ Ներսիսյանը, 2007-2012 թվականներին բաժնետեր է դարձել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ով Ռուբեն Սադոյանի եղբայրն է: 2012-2016թթ. ընկերության 100% բաժնետեր է դարձել «Համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միհրան Փիլոսյանը: Իսկ 2016թ. հոկտեմբեր ի 10-ից ընկերությունը միանձնյա տնօրինում է  2008 թվականից ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Գևորգյանը: 

Արդյո՞ք շների ոչնչացումը լուծման միակ տարբերակն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությանկողմից հավատարմագրված «Շների էկոլոգիայի ուսումնասիրության խորհրդատվական զեկույց ՝ կապված կատաղության կառավարման հետ» աշխատության մեջ հստակ նշվում է, որ «Ուսումնասիրությունների և ոչ մի ոլորտում ցանկացած մեթոդով շների ոչնչացումը թվաքանակի վրա որևէ երկարաժամկետ նշանակալի ազդեցություն չունի։ Շների ոչնչացումը երբեք չի կարող համարվել շների ավելցուկային քանակի խնդրի լուծման արդյունավետ միջոց. այն որևէ կերպ չի ազդում հիմնախնդրի արմատային պատճառի վրա»։

Թափառական շների գլխաքանակի նվազեցման նպատակով Հայաստանում հիմնականում գործում է «գնդակահարման պրակտիկան», չնայած այն հանգամանքին, որ թափառական շների ոչնչացումը՝ կրակումը, թունավորումը, քնեցումը և բնաջնջման այլ տարբերակներ աշխարհի որևէ երկրում հաջողություններ չեն ունեցել։

Նարե Արամյանը կարծում է, որ Հայաստանում էլ շատ ճիշտ կլինի կիրառել ստերջացման պրակտիկան։ «Բռնել, Ստերջացնել, Վերադարձնել» ծրագիրը, որին կողմնակից են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը և միջազգային կենդանապաշտպա ն հանրությունը, ընդմիշտ լուծում է խնդիրը, չնայած, որ շներին պետք է 5-8 տարի հանդուրժել փողոցներում։ Սա խնդրի մշտական և մարդկային լուծում է, որով քաղաքական գործիչները կարող են հպարտանալ։ Հայաստանը պետք է որոշակի գումար և ջանքեր ներդնի խնդրին մշտական լուծում տալու նպատակով, որն ի դեպ պակաս ծախսատար ու կարճաժամկետ է, ի տարբերություն ներկայում կիրառվող պրակտիկայի։

Եթե որևէ տարածքի տարողությունը սահմանին է հասել,ապա այդ տարածքում բնակվող ստերջացված կենդանիների թվաքանակը վերջիվերջո կհավասարվի 0-ի, հաշվի առնելով, որ հարակից տարածքներից մուտք գործած կամ փողոցում հայտնված նոր պտղաբեր շները ևս պետք է հավաքվեն պատասխանատու մարմինների կողմից և նույնպես ստերջացվեն ու վերադարձվեն (ինչպես որ զարգացած երկրներում է)»։
Դինգո Թիմ ՀԿ հիմնադիր–նախագահ Օվսանա Հովսեփյանը նշում է. «Այս տարվա տենդերը նախատեսում է 80% սպանդ կամ վնասազերծում և  20% ստերջացում. սա ինքնին սխալ է, քանի որ հարց լուծելու համար պետք է մասսայական ստերջացում, այսինքն, ստերջացումըը պետք է գերակշռի 90:10 հարաբերակցությամբ։ 10%–ը, որոնք արդեն ծեր են, ապրելու ոչ ենթակա պետք է քնեցվեն»։

Անդրադառնալով նման սպանդի վտանգավոր հետևանքներին, ապա անասնաբույժները փաստում են, որ շների մասսայական ոչնչացման պարագայում քաղաքում կտրուկ կարող է ավելանալ առնետների թվաքանակը, ինչն էլ կարող է հանգեցնել ավելի ծանր հիվանդությունների ու նույնիսկ համաճարակի։

Ինչքանո՞վ է միջազգային փորձը կիրառելի Հայաստանում

Թափառական շների հիմնախնդիրը միայն Հայաստանին չէ, որ բնորոշ է։ Խնդիրը նաև տարբեր ժամանակաշրջաններում արդիական է եղել նաև այլ երկրներում։ Մասնավորապես՝ Իրաքում, Հնդկաստանում, Բրազիլիայում և Ճապոնիայում եղել են նմանատիպ դեպքեր։

2010 թվականին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում թափառական շների թվաքանակը հասնում էր մոտ 1.25 միլիոնի, որն էլ հետագայում պատճառ էր դառնում ոչ միայն շների կողմից հաճախակի հարձակումներին մարդկանց վրա, այլև մի շարք  հիվանդությունների (հիմնականում կատաղություն հիվանդության) տարածման համար։ (* Առողջապահության նախարարությունից ստացված պաշտոնական տվյալների համաձայն՝Հայաստանում կատաղության վերջին դեպքը գրանցվել է 10 տարի առաջ)  Կառավարությունը աշխատանքի ընդունեց  մի շարք անասնաբույժների, բաժանելով նրանց 20 թիմերի, ինչպես նաև ոստիկանությանը հանձնարարեց գնդակահարել կամ էլ թունավորել կենդանիներին։ Արդյունքում՝ 3 ամսում սպանվեց մոտ 58000 թափառական շուն։ «Մենք սա կարող ենք համարել շների մասսայական ոչնչացման ամենամեծ նախադեպը»,– Dailymail–ին տված իր հարցազրույցում նշել է Բաղդադի գլխավոր անասնաբույժ Մուհամմեդ Ալ–Հիլլին։ Անասնաբույժը կարծում էր նաև, որ կենդանիների մասսայական  ոչնչացումը միակ տարբերակն էր ստեղծված իրավիճակում։

Ի հակադրում այս պրակտիկայի՝ Նիդերլանդներում հաջողության են հասել այլ եղանակով։ Բնակիչներն ու պաշտոնատար անձինք հավաստիացնում են, որ իրենց երկրում այլևս չկա ոչ մի թափառական կենդանի։ Իսկ ո՞րն էր նրանց հաջողության գրավականը։ Պատճառները մի քանիսն են՝

  1. կա օրենսդրություն, որի համաձայն կենդանիների համար նախատեսված բոլոր ծառայությունները անվճար են քաղաքացիների համար։ Այսինքն, փողոցում յուրաքանչյուր կենդանի կարող է բուժվել անվճար հիմունքներով ու ունենալ սեփական կացարանը։
  2. Շատ ավելի տարածված է «որրդեգրիր, ոչ թե գնիր» կարգախոսը։ Ավելիբարձր հարկեր են նախատեսված գնված շների համար, իսկ որդեգրված շների պարագայում հարկերը գրեթը բացակայում են։  Ինչպես արդեն պարզ է, որդեգրվող շները նախկին թափառական շներ են։
  3. Դեռ մանկապարտեզներից երեխաներին սովորեցնում են, որ պետք է սիրել ու պաշտպանել կենդանիներին։

Թե ինչքանով է այս տարբերակը կիրառելի Հայաստանում, Դինգո Թիմ ՀԿ հիմնադիր–նախագահ Օվսանա Հովսեփյանը հավաստիացնում է, որ իրենք նմանատիպ առաջարկով դիմել են Երևանի քաղաքապետարան։ «Ինչպես գիտեք` տարեկան 5000 դրամ հարկ պիտի վճարես, եթե ունես ընտանի կենդանի։ Առաջարկեցինք, որ այն մարդիկ, ովքեր որդեգրում են, ազատվեն այդ հարկերից ու դրանք լինեն միայն այն մարդկանց համար, ովքեր գնում են կամ ունեն ցեղական կենդանի։ Սա շատ ճիշտ պրակտիկա է ու լիովին կիրառելի է մեր երկրում, քանի որ պետությունը այդպիսով աջակցում է խնդրի լուծմանը»։

Շունը մարդու բարեկա՞մն է. հասարակության դիրքորոշումը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում չկա հստակ վիճակագրություն, որ վերաբերում է թափառական շներին կամ առհասարակ կենդանիների հանդեպ մարդկանց վերաբերմունքին, ժուռնալիստ.am–ը 2018 թվականի մայիսին անցկացրեց սոցիալական հարցում։ Ստացված տվյալների համաձայն՝ hարցվածների 38.6%-ը կարծում է, որ թափառական կենդանիները ունեն տարատեսակ հիվանդություններ, այդ իսկ պատճառով գերադասում են չմոտենալ նրանց։ 27.3%-ը, սակայն, պնդում է, որ կերակրում է նրանց, իսկ հարկ եղած դեպքում նաև տուն է տանում և հոգ է տանում նրանց մասին։ Այն հարցին, թե ինչպես է հնարավոր լուծել թափառական կենդանիների հիմնախնդիրը, հարցվածների գերակշռող 81.8%-ը նշում է, որ խնդիրը լուծում կստանա միայն այն պարագայում, երբ նրանց հանձնեն համապատասխան հաստատությանը։ Համապատասխանաբար, 11,4%-ը այն կարծիքին է, որ պետք է կերակրել ու հոգատար լինել նրանց մասին, իսկ 4,5%–ը նշում է, որ առհասարակ պետք է ոչնչացնել թափառական կենդանիներին։ Երևանի բնակիչ Տարոն Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մի քանի օր առաջ իմ շանը մեքենայով հարվածել են, ինչի պատճառով նա ստացել է բավականին ծանր մարմնական վնասվածք։ Վարորդը անգամ դուրս չի եկել մեքենայից՝ պարզելու համար, թե ինչ վիճակում է շունը, այլ շարունակել է իր ճանապարհը։ Եթե հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր այս կերպ վարվում են ընտանի շների նկատմամբ, ապա թափառական շների մասին խոսք լինել չի կարող։ Ես թափառական շների հանդեպ բացասական վերաբերմունք չունեմ։ Իմ  շունը անգամ «թուլություն ունի» նրանց հանդեպ, սիրում է խաղալ նրանց հետ,  իսկ ես խոչընդոտ չեմ հանդիսանում»։

Երևանի բնակիչ Անի Ավագյանը նշում է, որ ինքը միշտ թափառական կենդանիներն շատ լավ է վերաբերում. «Կերակրում եմ ու դեպքեր են եղել, որ հարևաններին համոզել եմ, ու հիմա թափառական մի քանի շներ իրենց տունն ունեն»։

«Հայ շնասերների ասոցիացիա»–ի նախագահ  Վ. Հակոբյանը իր խանութի դռան դիմաց ,(որը կենդանիների համար նախատեսված մասնագիտացված խանութ է) ամեն առավոտ կեր է դնում թափառական կենդանիների համար։ Այն հարցին, թե երբվանից է կեր դնում խանութի դռան առաջ, պատասխանում է, որ միշտ էլ դրել է։

Գյումրի քաղաքի բնակիչ Լ.Գ.–ն թափառական շներին ու կենդանիներին առհասարակ  շատ վատ է վերաբերվում։ «Հարկ եղած դեպքում անգամ քարով խփում եմ ու ահազանգում եմ քաղաքապետարան։ Իրենք վարակակիր են ու չպիտի ապրեն»։

Օվսաննա Հովսեփյանը փաստում է, որ Դինգոյում են հայտնվում հիմնականում մարդկանց կողմից խեղված կենդանիները.«Հիմնականում մեքենայի տակ ընկած, քարով խփված և այլն։ Այնուամենայնիվ, մարդկանց վերաբերմունքը անգամ չեմ կարող համեմատել, թե ինչքան է փոխվել, որովհետև երբ ես էի սկսել այս գործով զբաղվել, անտուն ու ոչ ցեղական կենդանի տանը պահելը նայում էին որպես «այլմոլորակային երևույթ», իսկ հիմա դա նույնիսկ սկսել է նորաձև դառնալ։ Այդ մշակույթը, բարեբախտաբար, մեզ մոտ զարգանում է։ Եթե հասարակությունը չսկսի իր վերաբերմունքը փոխել, ապա որևէ արդյունքի հասնել չենք կարող»։

Հետաքննությունում օգտագործվել են տվյալներ հետևյալ կայքերից.

https://hetq.am/arm/news/84826/114-mln-drami-paymanagir-e-knqvel-erevanum-taparox-shneri-vnasazertsman-ev-sterilizacman-npatakov.html

http://www.aravot.am/2013/01/20/316578/

https://www.petful.com/animal-welfare/how-dogs-are-treated-around-the-world/

 

Մայա Ավետիսյան

3-րդ կուրս

 

Կիսվել