Փորձագիտական հարցազրույց ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ա. Աթանեսյանի հետ:
–Հարգելի պրն. Աթանեսյան, ինչպիսի՞ դերակատարում ունեն ժամանակակից ԶԼՄ–ները` բանակի հիմնախնդիրների լուսաբանման գործում:
-ԶԼՄ-ների կողմից տարբեր սոցիալական հիմնախնդիրների լուսաբանումը ձևավորում է հասարակական կարծիք, այդ թվում` այնպիսի կարևոր սոցիալական ինստիտուտների գործունեության վերաբերյալ, ինչպիսին է բանակը: Բանակի և զինծառայողների հիմնախնդիրների վերաբերյալ հանրային կարծիքի ձևավորումը և փոփոխումը կարող է էապես անդրադառնալ բանակի վարկանիշի, զինված ուժերում ծառայելու պատրաստակամության կամ ծառայությունից խուսափելու, բանակին աջակցելու վրա: Օրինակ` բանակի և զինծառայողների մասին լրատվական հաղորդումների, ֆիլմերի ցուցադրումը կարող է հասարակությանը ներկայացնել բանակի առավելություններն ու թերի կողմերը, ներկայացնել զինվորների դրական կամ բացասական կերպարներ, որոնք իրենց վարքով կդառնան նմուշ` նման վարքին հետևելու կամ դրանից խուսափելու առումով: Հաճախ հենց զինվորական ծառայության ընթացքում ցուցադրված սխրանքների ներկայացումն է ԶԼՄ-ներում, որ հասարակության մեջ ստեղծում է հերոսության մասին հավաքական պատկերացումները:
–Իսկ ինչպիսի՞ն է ՀՀ ԶՈՒ վարկանիշը:
-ՀՀ ԶՈՒ վարկանիշը տարիներ շարունակ ամենաբարձրն է` համեմատած պետական իշխանության մյուս բոլոր մարմինների հետ, և մրցում է միայն Հայ Առաքելական եկեղեցու վարկանիշի հետ` վայելելով հասարակության մոտ 80%-ի վստահությունը: Իհարկե, բանակի վարկանիշի վրա բացասաբար են անդրադառնում բանակում տեղի ունեցող տարաբնույթ խախտումները, կոռուպցիոն ռիսկերը, դժբախտ պատահարները: Բացի այդ, բանակի և զինծառայության մասին հասարակության մեջ տարածվող տարաբնույթ ասեկոսեները, որոնք հաճախ օբյեկտիվորեն չեն համապատասխանում իրականությանը, նույնպես նվազեցնում են հասարակության վստահությունը բանակի հանդեպ:
–Ի՞նչ է անհրաժեշտ` Հայաստանում բանակի և զինծառայողների հանդեպ վերաբերմունքի բարելավման ուղղությամբ:
-Անհրաժեշտ է շարունակել բարելավել տեղեկատվական դաշտում բանակի և զինծառայողների մասին տեղեկատվության տարածման մեխանիզմները, դրանք վստահելի դարձնել: Պետք է շարունակել կատարելագործել զինծառայողների համար նախատեսվող սոցիալական աջակցության ծրագրերը, այդ թվում` բարձրացնելով զինծառայողների կարգավիճակն ու հեռանկարները մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձեռքբերման, որակյալ և անվճար բուժսպասարկման, բնակարանների ստացման առումով: Անհրաժեշտ է նաև շարունակել զարգացնել բանակի և զինծառայողների մասին սոցիալական գովազդների պատրաստման և ներկայացման փորձը, որը կարևոր գործոններից է` հասարակայնության հետ կապերի առումով: Ի դեպ, բանակի` հասարակայնության հետ կապերի իրականացման հանդեպ մոտեցումներն անհրաժեշտ է մշտապես կատարելագործել` նաև հաշվի առնելով միջազգային արդյունավետ փորձը:
–Իսկ հատկապես ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել:
-Հատկապես պետք է ուշադրություն դարձնել զինծառայողների առօրյայի, կենցաղի, շփման, ծառայության ամենօրյա ընթացքի, նաև` զինծառայության կանոնակարգի վրա: Տեղեկատվության սպառողներին հատկապես հետաքրքրում են հենց այդ հարցերը, և երբ իրենց առաջին հերթին մատուցվում է բանակի պատմությունը, ներկայացվում են հայրենասիրական վերացարկված գաղափարներ, որոնց ետևում չի երևում առանձին զինվորների կյանքը, դժվարությունները, դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ մոտեցումները, տեղեկատվության սպառողը դադարում է նման տեղեկատվությանը լուրջ մոտենալ և վստահել: Մասնավորապես, ապագա զորակոչիկներին հատկապես հետաքրքիր կլիներ, թե որքանով են հարգալից և վստահելի սպայական անձնակազմի ներկայացուցիչները, ինչպիսի գիտելիքներ և օգտակար կարողություններ կարող է ձեռքբերել զինվորը ծառայության ընթացքում, ինչպիսի կանոնակարգային պահանջներ են ներկայացվում զինծառայողներին, ինչպես խուսափել բանակում միջանձնային կոնֆլիկտներից, և այլն:
Հարցազրույցը՝ Սոֆիկ Թոխյանի
5-րդ կուրս