Սեպտեմբերի 12-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներին մեծ անակնկալ էր սպասվում. նրանք պետք է առաջին դասն ունենային «Ռադիովարպետություն» առարկայի իրենց դասախոսի հետ, որը, ի ուրախություն ուսանողների, վերածվեց մի ջերմ ու կարևոր զրույց-ծանոթության: Դասախոսը՝ Հանրային Ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը, միանգամից լսարան մտավ լավ լուրով. դասերն ընթանալու են Ռադիոտանը: Սկսնակ լրագրողները, շատ հարմար տեղավորվելով պարոն Գրիգորյանի աշխատասենյակում և միանգամից մտնելով լրագրողի իրենց կերպարի մեջ, տարբեր հարցեր էին տալիս դասախոսին, ով մեծ սիրով պատասխանում էր դրանց.
–Մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին, պարո՛ն Գրիգորյան:
-Ես իմ ընտանիքում միակ մարդն եմ, ով բավարար չափով հայերեն խոսել գիտի (ժպտում է). պապիկիս ընտանիքը Հայաստան է տեղափոխվել Ռոստովի փոքրիկ բնակավայրերից, մայրական կողմս Ղարաբաղից է: Երկու դեպքում էլ խնդիր կա՝ գրական հայերենով խոսելու համար: Պետք է ասեմ, որ հաճախել եմ անգլիական թեքումով, բայց հայկական դպրոց, որն ավարտելուց հետո ընդունվել եմ ԵՊՀ Ռուս բանասիրության ֆակուլտետ:
–Ո՞րն է եղել Ձեր առաջին աշխատանքը։
-Առաջին անգամ ախատանքի համար դիմել եմ 14 տարեկանում. այդ ժամանակ մեր տունը վերանորոգում էին, և ինձ գրավում էր ներկարաների գործը: Դիմել էի հենց այդ գործով և ստացել դրական պատասխան, սակայն ընանիքս ըբմոստացավ, թույլ չտվեց աշխատել․ նրանք կարծում էին, որ շինարարության մեջ աշխատող մարդիկ պարտադիր խմող-ծխող պետք է լինեն, և ինձ կարող էին «գցել իրենց ջրերը»: Ուստի, աշխատեցի գծագրության ոլորտում: Ինչպես տեսնում եք, ոչ մի կապ չկար լրագրության հետ(ժպտում է): 18 տարեկանում մասնակցել եմ նաև Արփա-Սևանի շինարարական աշխատանքներին: Կարող եմ ասել, որ ես լրագրող դարձա 35 տարեկանում:
–Հիշու՞մ եք Ձեր գրած առաջին նյութը:
-Հիշում եմ, երբ ես դեռ համալսարանական էի, այդ ժամանակ ներֆակուլտետային պատի թերթեր կային, որտեղ տարբեր հեդվածներ ու նյութեր էին փակցվում: Չորրորդ կուրսի ուսանողներից մեկը ինձ ու մի քանի հոգու ընտրեց ու թերթի խմբագրական գործունեությունը վստահեց մեզ. այդտեղ հոդվածներ էինք գրում, որոնց համար հաճախ նախատվում էինք, քանի որ սովետական տարիներին շատ թեմաներ թույլատրելի չէին: Որպես այդպիսին՝ առաջին նյութս տպագրվել է Կոմերիտական միության «Ավանգարդ» թերթում:
–Եղե՞լ են պահեր, երբ հիասթափվել եք լրագրությունից:
-Առաջին 3 տարիներն ամբողջությամբ հիասթափություն էին(կատակում է): Ինձ մոտ հակառակն է եղել: 1990-ականների դժվար տարիներին ես և՛ լրագրող էի, և՛ մի քանի տեղերում դասավանդող: Որպես դասավանդող՝ ես շատ քիչ էի վարձատրվում, և ինձ պետք էր հասկանալ՝ որն է ընտանիքիս մի կտոր հացը, ու ես հասկացա՝ դա լրագրությունն է:
–Ինչպե՞ս ստացվեց, որ աշխատանքի անցաք BBC-ում:
-Իմ դեմ մահափորձ կատարվեց, որից հետո ինձ պետք էր հեռանալ Հայաստանից, և ես մեկնեցի Լոնդոն: Ֆուտբոլային կյանքում, եթե «Բարսելոնան» ուզում է որևէ խաղացողի, ստանում է. ես այդ խաղացողն էի, որին BBC-ն ուզեց և ստացավ: Մինչև մեկնելս ես արդեն իսկ համագործակցել էի իրենց հետ, և նրանք տեղյակ էին իմ գործունեությունից:
Լրագրողը պատմեց նաև, որ 1978 թվականին, երբ նա 20 տարեկան էր, Զորի Բալայանի գլխավորությամբ՝ Հայաստանի բոլոր գյուղերում լինելու հնարավորություն է ունեցել, ինչը, ինչպես ինքն է փաստում, շատ է նպաստել իր զարգացմանը, այսօրվա տեսակի ձևավորվելուն:
Մարկ Գրիգորյանը պարզապես լրագրող-դասախոս չէ, նա այն մարդն է, ում պետք է լսել ու ճիշտ հետևություններ անել: Իսկ սկսնակ լրագրողներին մնում էր լուսանկարվել նրա հետ և հաջողություն մաղթել:
Արփի Բարսեղյան
2-րդ կուրս