«ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ, ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԼԱՎ ԱՌԱՋՆՈՐԴ ԼԻՆԵԼ»․ ՌՈԲԵՐՏ ԲԱՍԻԼԻ

«ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ, ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԼԱՎ ԱՌԱՋՆՈՐԴ ԼԻՆԵԼ»․ ՌՈԲԵՐՏ ԲԱՍԻԼԻ

1647

Առաջնորդ լինել և փայլուն կարիերա կառուցել ցանկանում են գրեթե բոլորը, սակայն դրան հասնելու մեխանիզմներին տիրապետում են քչերը։ Հոկտեմբերի 4-ին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը, ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, հյուրընկալել էր հայազգի գործարար, ներդրող և բարերար Ռոբերտ Բասիլին, ով խոսում էր կարիերայում հաջողության հասնելու ճանապարհների մասին։ Նա իր ուղին սկսել է 18 տարեկանում` աշխատելով բանկում որպես գանձապահ, իսկ հիմա նրա կարողությունը 93 մլն դոլար է։

«Մարդիկ ուզում են վարձատրվել այն աշխատանքի համար, որն անում են, բայց կան փուլեր, որոնցով պետք է անցնել՝ հնարավորինս դրական արդյունքի հասնելու համար։ Առաջին սանդղակում ձեր զբաղեցրած դիրքն է։ Հավաստիացնում եմ՝ սա կստիպի մարդկանց մտածել ձեզ հետ աշխատելու մասին։ Սակայն, կա նաև բացասական կողմ․ վատ է, երբ մարդիկ աշխատում են ձեզ հետ, որովհետև ստիպված են։ Այնպե՛ս արեք, որ մարդիկ իսկապես սիրեն ձեզ, ի վերջո, ծառայեք նրանց, եթե ուզում եք լավ առաջնորդ լինել։ Եթե նրանք աշխատում են, որովհետև սիրում են ձեզ, ապա հնարավոր է՝ ասեք նրանց, որ ջրով լի շշում օղի է կամ կոնյակ, և նրանք կհավատան ձեզ»։

Ըստ Ռ․ Բասիլիի երկրորդ տեղում հարաբերություններն են։ Ասում է՝ երբեմն ստիպված ենք հարաբերություններ ստեղծել մարդկանց հետ, ում ճանաչել անգամ չենք ուզում․ չէ՞ որ կյանքը կատարյալ չէ․ «Հաջողության 80%-ը հարաբերություններ ստեղծելու և մարդկանց հասկանալու մասին է։ Ես շատ կազմակերպություններում եմ լինում, ուր էլ գնամ, միշտ փորձում եմ սեղմել բոլորի ձեռքը, նույնիսկ, եթե նրանք 400-ն են»։

Նրա «սանդղակի» հաջորդ բաղադրիչները՝ շահույթը, զարգացումն ու հարգանքն են։

«Թիմի հաջողությունը Ձեր անձնական հաջողությունից կարևոր է։ Դուք ինքներդ պետք է կարողանաք աշխատակցին դնել հաղթողի կարգավիճակում և շահույթ ստանալ դրանից։ Երբ Ավստրալիայում McDonald’s ես գնում, մատուցողը մոտենում է, հարցնում, թե ինչ ես ուզում պատվիրել, համբերատար սպասում է, հետո ճշտում՝ արդյոք կա այլ բան որով կարող է օգնել․ սա է բիզնեսը։ Սա մի անվերջանալի ճանապարհորդություն է, որտեղ կարևոր է  «momento»-ն՝ ճիշտ պահը որսալը» ։

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն ու նույն ֆակուլտետի դասախոս Գոհար Հակոբյանը։ Նրանք առաջարկեցին խոսել նաև աշխատանքային հարցազրույցների մասին, ինչին ի պատասխան Ռ․ Բասիլին ասաց․
«Եթե ես ձեզնից որևէ մեկին խնդրեմ պատմել իր մասին, նա, անկասկած, կսկսի խաբել ինձ, իսկ ես պետք է գտնեմ ճշմարտությունը։  Ես չեմ պատրաստվում տալ այնպիսի հարցեր, որոնք լսելիս մարդիկ իրենց հարմարավետ կզգան, թեև բացարձակ անկեղծության մշակույթը մարդկանց համար հարմարավետ չէ»։

Հանդիպումն ամփոփում է հետևյալ մտքով․ « Մեզնից յուրաքանչյուրն ինքն իր հետ անկեղծ քննարկումների կարիք ունի։ Բոլորն էլ ուզում են ինչ-որ բան անել։ Արա ոչ թե ա՛յն, ինչ սիրում ես, այլ ա՛յն, ինչն իսկապես հրաշալի ես անում»։

Մինչ հանդիպման սենյակից դուրս գալը չի մոռանում իր իսկ միտքը, սեղմում է բոլորիս ձեռքը և միայն դրանից հետո հեռանում․ բարեբախտաբար մենք 15-ն էինք։

 

Սոֆի Թովմասյան

3-րդ կուրս

Կիսվել