Ի՞նչ դրական փոփոխություններ է կրել խոսքի ազատությունը հետհեղափոխական Հայաստանում և ինչպիսի՞ խնդիրներ են դեռևս շարունակում մնալ լրագրողական կազմակերպությունների օրակարգում. ահա այս հարցերի պատասխանները փորձեցին ստանալ «Խոսքի ազատությունը հետհեղափոխական Հայաստանում» խորագրով քննարկման մասնակիցները։ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի հրավերով՝ հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած քննարկման բանախոսներն էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։
Հանդիպման սկզբում ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին և ուսանողներին, կարևորեց նման քննարկումների անցկացումն ու հույս հայտնեց, որ դրանք կլինեն շարունակական։
Զուգահեռներ անցկացնելով նախորդ և ներկայիս իշխանությունների օրոք տպագիր և հեռարձակվող զանգվածային լրատվության միջոցների աշխատանքի միջև՝ Աշոտ Մելիքյանը արձանագրեց դրական փոփոխություններ, իսկ ոլորտի էլ ավելի բարելավումը կապեց լրագրողների ապագա սերնդի հետ։
Քննարկման ընթացքում Շուշան Դոյդոյանը ուսանողներին ներկայացրեց պետական կառավարման մարմինների թերացումները լրատվամիջոցների հետ աշխատանքի հարցում և որպես գլխավոր պատճառ մատնանշեց նոր աշխատակիցների՝ մամուլի հետ աշխատանքին ոչ բավարար ծանոթությունը։
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Թամարա Գասպարյանը հանդիպման ավարտին վստահեցրեց, որ դասերից դուրս մասնագիտական քննարկումներ հաճախ կկազմակերպվեն։
Գայանե Ենոքյան
4-րդ կուրս