ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐ Է Ե՛Վ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ, Ե՛Վ ԷՍԹԵՏԻԿԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐ Է Ե՛Վ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ, Ե՛Վ ԷՍԹԵՏԻԿԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

2376

Երևանի կանաչապատման հիմնախնդիրը շարունակում է մնալ օրակարգում:

Կանաչապատումը տարածքները ոչ միայն բնակավայրի արտաքին տեսքը հաճելի դարձնելու առումով են կարևոր, այլև միկրոկլիմայի պահպանման և բարելավման միջոցներ են։ Պատահական չէ, որ ժամանակակից զարգացած քաղաքներում կանաչ շինարարությունը համարվում է թիվ մեկ անելիքը։ Առավել ևս կիսաանապատային կլիմա ունեցող Երևանի համար առողջ «կանաչ թոքեր» ունենալը գերխնդիր է։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ վերջին տարիներին նոր այգիների, պուրակների, եղած կանաչ տարածքների բարելավման, վերականգնման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել հատկապես Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն, Աջափնյակ, Ավան, Նոր-Նորք վարչական շրջաններում:

Տարեկան բյուջեից մայրաքաղաքի ամբողջ կանաչ տարածքի (սիզամարգերը, զբոսայգիները, պուրակները, անտառ-պուրակները) ֆինանսավորման ծավալը կազմում է  1.000.250.000/ մեկ միլիարդ երկու հարյուր հիսուն հազար/դրամ գումար, որի շուրջ 50%-ը ուղղվում է խնամքի աշխատանքներին:

Ըստ քառամյա ծրագրի քաղաքի արվարձանային մասերում նախատեսվում է ստեղծել բուֆերային կանաչ գոտիներ, որի շնորհիվ կնվազի քամու և փոշու ազդեցությունը: Նշված գոտիների, նոր տարածքների, եղածի բարելավման ծրագրերի իրականացման գործընթացը  կնպաստի, որպեսզի ներկայիս 1 շնչին հասնող 7,8 մ2 կանաչ զանգվածը աստիճանաբար ավելանա (նորմատիվայինը կազմում է 14,5 մ2 Երևան քաղաքի համար):

Երևան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին մտահոգված է Երևանի կանաչ տարածքների խնդրով: Նա կարծում է, որ պետք է հրավիրվեն մասնագետներ Երևանի փողոցները կանաչապատելու համար:

«Քաղաքում գերծանրաբեռնվածությունը բավականին շատ է: Կարծում եմ՝ քաղաքի կենտրոնական մասում պետք է շատ փողոցներ անթույլատրելի լինեն մեքենաների համար, որպեսզի այդ մասում մարդիկ կարողանան զբոսնել, ավելի շատ ծառներ պետք է լինեն: Ճիշտ է՝ այս մի քանի տարիների ընթացքում շատ ծառեր են տնկվել, բայց դրանք տարիներ հետո են միայն ծառայելու քաղաքին: Այգիներում բետոնային տարածքները պետք է հասցնել մինիմալի, քանի որ մարդը այգի գալով պետք է նստի, հանգստանա և վայելի մաքուր օդը: Քաղաքում, ցավոք, շատ այգիներ ենք տեսնում, որտեղ բետոնային տարածքները ավելի շատ ենܙ»,- ասում է դիզայները: Նա պատմում է, որ փողոցների փոփոխության և կանաչապատման նմանատիպ լուծումներով միջազգային օրինակներ շատ կան: Մոսկվայի Տվերսկայա փողոցը, լավագույն օրինակն է, որտեղ շատ հետաքրքիր լուծում գտան և կանաչապատեցին տարածքը: Ժամանակի ընթացքում պետք է այս ծրագիրը Երևանում էլ կյանքի բերվի: Կարևոր գործոն է նաև փողոցներ փակելը հեծանիվներ վարելու համար: Այդպես քաղաքը կստանա էկո բնույթ: Ամատունին այդ գործընթացը համարում է բարդ, բայց իրատեսական:

Բուլղարիայում, օրինակ, գործում է հետևյալ չափորոշիչները` միջհամայնքային այգիները պետք է ունենան 0.5-3 հեկտար տարածք, քաղաքային այգիները պետք է ունենան 1-10 հա տարածք, իսկ համաքաղաքային այգիները` 25-85 հա: Քաղաքային ընդհանուր տարածքի կանաչապատ հատվածը պետք է կազմի 60-80%-ը:

Հունգարիայում բնակելի թաղամասերում 40-50%-ը կազմում են կանաչապատ տարածքները, ճանապարհները, խաղահրապարակներն ու մարզահրապարակները: Այգիները 20 րոպե քայլելու մատչելիությամբ պետք է լինեն 8-10 հա: Այգու կանաչապատ հատվածը պետք է լինի 70-75%, խաղային և մարզական հրապարակները 8-10%:

Գերմանիայում օգտվում են հետևյալ չափանիշներից` կանաչապատ տարածքը հաշվում են մարդ-ք/մ հարաբերակցությամբ: Այգիներում հրապարակներում, պուրակներում` 10-15 ք/մ մեկ շնչի հաշվով, մարզական հրապարակներում` 5-7 ք/մ, բնակելի թաղամասերում կանաչապատումն ընդհանուր մեկ շնչի հաշվով պետք է կազմի 10-15 ք/մ:

Լեհաստանում 50 հազար բնակչություն ունեցող թաղամասում նախատեսվում է այգի, հրապարակ, մարզահրապարակ և խաղահրապարակ: Մի քանի բնակելի թաղամասերին հարակից կառուցվում է համայնքային այգի, որի տարածքը հաշվարկվում է 6-10 ք/մ մեկ շնչի հաշվով չափանիշի համաձայն:

ԱՄՆ-ում օգտվում են հետևյալ չափորոշիչներից` համայնքային այգիների տարածքը պետք է կազմի մեկ շնչի հաշվով 3-8 ք/մ, բնակելի թաղամասերում` 5 ք/մ, քաղաքային և միջհամայնքային այգիներում` 8-25 ք/մ: Մեծ Բրիտանիայի չափանիշներով միջինում քաղաքային բնակչին բաժին է ընկնում 20-25 ք/մ կանաչ գոտի հասարակական, համաքաղաքային կանաչապատ տարածքներից:

Նիդերլանդներում էլ քաղաքային, համայնքային այգիների և պուրակների տարածքները հաշվարկված է 5,7-10,7 ք/մ մեկ շնչի համար: Համեմատություն անցկացնելուց հետո մեկնաբանություններն ավելորդ են:

«Իմ քայլը» դաշինքը, որը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում առավելագույն քվեն հավաքեց, նախընտրական ծրագրում անդրադարձել էր նաև կանաչապատման խնդրին:  Քաղաքային օրակարգի հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը նախատեսում էր որոշել տեղական հանրաքվեներով:

Դաշինքը առաջարկում էր կահավորել բակային տարածքները խաղահրապարակներով և մարզասարքերով: Ստեղծել պայմաններ ակտիվ ժամանցի համար: Տնկել 500.000 ծառ մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Ստեղծելով ոռոգման համակարգ, կանաչապատել «Նորքի անտառները» և Սարալանջի  փողոցին հարակից տարածքները: Ծանր մետաղներով աղտոտված տարածքներում տնկել դրանք, չեզոքացնելու հատկություն ունեցող բուսատեսակներ: Բարեկարգել և ընդլայնել հանրային կանաչ տարածքները: Վերագործարկել բոլոր չգործող շատրվաններն և նախաձեռնել նորերի կառուցումը: Թափառող շների գլխաքանակի կառավարման համար կիրառել բացառապես ստերջացման մեթոդը: Վարչական բոլոր տարածքներում հատկացնել վայրեր՝ շների զբոսանքի համար: Մաքրել հանրային նշանակության տարածքներ, այդ թվում՝ Հրազդանի կիրճը, Երևանյան լիճը և դրա շրջակայքը: Քաղաքացիները սպասում են գործնական քայլերին և «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում նշված կետերի իրականացմանը:

 

Միլենա Մկրտչյան

3-րդ կուրս

Կիսվել