«Պերճ Թյուրաբյանի թարգմանություններն ամբողջովին արտացոլում են Շառլի բանաստեղծությունները և համաձուլվեր են նրա մեղեդու մեջ. ոչ թե պարզապես թարգմանել, այլ թարգմանել այնպես, որ հնչի»,-ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված հրաժեշտի միջոցառմանն այսպիսի կարծիք հայտնեց հաղորդավար, ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը։
Հոկտեմբերի 5-ին ԵՊՀ-ում կազմակերպված միջոցառմանը ներկա էին ուսանողներ, դասախոսներ, Խաչիկ Դաշտենցի դուստր Անահիտ Դաշտենցը։
Պարոն Թյուրաբյանը ցավով նշեց, որ Շառլ Ազնավուրի մահն իսկապես անսպասելի էր բոլորիս համար։ Առաջիկայում ծրագիր է եղել համերգ ունենալ այս բեմում, բայց ոչ այս թեմատիկայով. «Ազնավուրը կարծես մեզ համար միակ մարդն էր, ով անմահ էր, և պարզվում է`այդպես չէ»:
Պերճ Թյուրաբյանի կատարմամբ առաջինը հնչեց «Տեսնում էի արդեն» երգը, որտեղ մեծն շանսոնյեն պատմում է, որ ինքը դեռ չի հասել հաջողության, բայց այդ օրն անպայման գալու է։
Հաջորդաբար հնչեցին «La bohème», «La mamma», «Эх раз, еще раз», «Tu t’laisses aller» երգերը: Պերճ Թյուրաբյանը պատմեց. «Աբրահամ Ալիքյանն առաջին անգամ թարգմանեց այս երգը և նա ասում էր`անփույթ ես դու, անփույթ ես դու, բայց ես գտա իմ տարբերակը`կորցրել ես քեզ»։
Նաև պատմեց, որ վաղ տարիքում մասնակցել է տաղանդների մրցույթի և ներկայացել է հենց «մայրիկ» երգով. «Չարություն էի արել, մայրս ասաց`կգնաս ելույթին այն ժամանակ, երբ կգան քեզ մեքենայով կտանեն, կերգես ու էլի հետ կբերեն։ Այդպես էլ եղավ։ Իսկ առավոտյան մայրս արթնացրեց ու ասաց, որ առաջին մրցանակին եմ արժանացել»։
Հրաժեշտ-համերգի ավարտին ամբողջ դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգեց Շառլ Ազնավուրի հիշատակը։
Չնայած երգերն իսկապես հայալեզու տարբերակով գեղեցիկ էին հնչում, բայց, այնուամենայնիվ, հանդիսականներից ոմանք կարծիք հայտնեցին, որ ֆրանսերեն տարբերակը լավագույնն է մեծ հայի երգերի համար։
Մոնիկա Մամյան
3-րդ կուրս