ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՈՍՏԻԿԱՆԸ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԻ, ԱՇԱԿԵՐՏԸ՝ ՈՉ

ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՈՍՏԻԿԱՆԸ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԻ, ԱՇԱԿԵՐՏԸ՝ ՈՉ

1749

Դպրոցական համազգեստից անցում ազատ հագուստին. ի՞նչ արձագանքներ գտավ ՀՀ ԿԳ նախարարի՝ դպրոցական համազգեստից հրաժարվելու մասին որոշումը դպրոցականների և տարբեր ոլորտի մարդկանց շրջանում: Նշենք՝ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ ՀՀ դպրոցներում այլևս չկա սև ու սպիտակ, ինչպես նաև միասնական հագուստ կրելու պարտադրանք: Շատերը հարց են բարձրացնում՝ արդյոք այն հեղափոխության դրսևորումներից մե՞կն էր կրթության ոլորտում։

Մեր հարցազրույցին մասնակցած մարդկանց պարզաբանումները տարբեր էին. «Ինչու՞ պետք է ոստիկանը համազգեստ կրի, աշակերտը՝ ոչ» , « Ինչու՞ պետք է երեխային հագուստով ճանաչեն», «Ինչու՞ պետք է աշակերտների միջև անհավասարություն լինի հագուստի պատճառով» և այլն։

Ըստ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ վերջերս տարածած հայտարարության՝ դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին, և այդ որոշումը պետք է կայացվի ծնողական խորհրդի կողմից։

Մեր տեղեկություններով՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում, օրինակ, աշակերտները պարտադիր համազգեստ են կրում։ Դա տնօրինության կողմից ընդունված և ծնողների հավանությանն արժանացած որոշում է, ինչի արդյունքում աշակերտների շրջանում կլինի հավասարություն։ Դպրոցի շրջանավարտ Դիանա Մամյանը պատմում է, որ համազգեստը և′ գեղեցիկ էր դիտվում, և′ աշակերտներին զերծ էր պահում մրցակցությունից. «Ծնողների շրջանում երբեք չեմ նկատել դժգոհություն, ընդհակառակը, դա խրախուսվում էր բոլորի կողմից, և մենք այն սիրով էինք կրում»։

Իսկ ինչպիսի՞ն է պատկերը համայնքի դպրոցներում նախարարի հայտարարությունից հետո։

Տավուշի մարզի Այրում համայնքի միջնակարգ դպրոցում ի տարբերություն մայրաքաղաքի շատ դպրոցների չեն պարտադրում աշակերտական համազգեստ։ Ծնող Հայկուհի Գրիգորյանի կարծիքով՝ ի սկզբանե ով ինչ սկզբունքով առաջնորդվել է, այդպես էլ շարունակում է․¬ «Մեր դպրոցում երբեք չեն պարտադրել, բայց դա չի նշանակում, որ աշակերտը կարող է պատառոտված ջինսերով ու կիսածածկված մարմնով դպրոց հաճախել»։

Դպրոցի տնօրենի խոսքերով՝ իրենց դպրոցում իրենք խնդրին այլընտրանքային լուծում են գտել: Աշակերտները դպրոց են հաճախում համապատասխան հանդերձանքով՝ ծնողների համատեղ որոշմամբ: Տնօրենը մանրամասնեց. ¬«Պարտադիր չէ, որ հագուստը լինի սև ու սպիտակ. կարող են լինել նաև այլ գույներ, բայց ոչ սպորտային»։

 

Անուշ Յոլչինյան

3-րդ կուրս

Կիսվել