Հեղափոխության արմատները հին են, սակայն այն ինձ համար նոր է, յուրովի: Այն փոփոխություն է, որն ուղեկից է դարձել ինձ: Ապրիլի տասներեքն էր: Պատրաստվեցի, որ դասի գամ: Լսել էի՝ դասադուլ է լինելու: Հասա կանգառ: Անձրև էր, հասցրել էի թրջվել: Նախընտրեցի ետ գնալ տուն՝ փոխվելու, տաքանալու, հանգստանալու: Օրվա մեջ խոսեցի ընկերներիս հետ, ովքեր այդ օրը Աբովյան քաղաքից ոտքով հասան Ազատության հրապարակ: Ու այսպես նույն ռիթմով շարունակեցին գալ ու գնալ մյուս օրերը: Տանը խստիվ արգելել էին դուրս գալ փողոց՝ ցույցին մասնակցելու: Զանգեցին, ասացին՝ արի՛ գյուղ, մնում ես ի՞նչ անես: Գնացի գյուղ:
Մի օր էլ զանգեց ընկերուհիս, ով շարժման հավատարիմ մասնակից էր:
– Տեսե ՞լ ես՝ ուջանցիները հրապարակում ինչեր են անում, դու ուջանցի՞ չես,- հարցրեց նա:
– Չեն թողնում գամ,- եղավ պատասխանս:
– Հեղափոխի՛ր քեզ, բացատրի՛ր այնպես, որ թողնեն:
Սայլը տեղից շարժվեց: Խոսեցի ծնողներիս հետ, բացատրեցի, հասկացան:
Թեև դրանից հետո բոլոր օրերին չէ, որ մասնակցեցի ցույցերին, բայց գոհ էի ինձնից. նոր մի բան էր ծնվել իմ մեջ, ես այլևս անտարբեր չէի շրջապատումս տեղի ունեցող իրադարձություններին:
Հետո եկավ մայիսի մեկը, ապա ութը: Փոխվեցին տեղերն ու դերերը: Ես էլ հեղափոխվեցի: Երբ քաշում եմ քրոջս ձեռքն ու ստիպում փողոցն անցնել համապատասխան տեղով, երբ պահանջում եմ երթուղայինի վարորդից չծխել, երբ սիգարետի մնացորդը փողոց նետող տղային նկատողություն եմ անում, երբ հորս հետ առանց կաշկանդվելու խոսում եմ իմ կյանքի գեղեցիկ, անձնական փոփոխության մասին, երբ ութամյա եղբայրս ինձ հետ քայլելիս պաղպաղակի փաթեթը ծալում դնում է գրպանը՝ ժպիտով ինձ նայելով, ես հասկանում եմ, որ հեղափոխությունը ինձնից է սկսվել, որ հեղափոխությունը ես եմ, քանի որ չեմ խեղդվում սիգարետի ծխից ու լռում, հայրիկից չեմ խուսափում, ամաչում, «լավ տղայի» տեսք ունեցող անցորդին նկատողություն անելուց չեմ վախենում, սովորեցնում եմ՝ սովորում են:
Ու իմ մեջ պահպանելով հնից այն, ինչ առողջարար է եղել միշտ(հրաշալի է, երբ կարողանում ես քո ամեն սխալն ընդունել ու փորձում ես շտկել)՝ ես շարունակում եմ գեղեցիկ նորի հետ ապրել, ապրել հեղափոխության հետ ու նրա կողքին:
ԿՅԱՆՔԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՎ ԱՌՕՐՅԱՅՈՒՄ
Սովորական մի օր քայլում էի Տիգրան Մեծ փողոցով: Որոշել էի մի բան գնել ինձ համար: Սովորությանս անդավաճան` կռացա ցայտաղբյուրից ջուր խմելու: Մի քանի կում արեցի: Ընթացքում նկատեցի, որ ցայտաղբյուրի կողքին մի տատիկ կանաչի է վաճառում: Դիմացն էլ կոշիկի խանութ կար: Մտա խանութ: Դուրս գալիս միայն տեսա ու հասկացա, որ կանաչի վաճառողը ծանոթ է ինձ, ավելի շուտ նրա փայլուն աչքերն են ծանոթ: Մի քանի վայրկյան, ու հիշեցի՝ Լեյլա տատիկն էր: Այնքան արագ էր շարժվում ու այնքան սիրուն: Մոտեցա: Երբ թավշյա հեղափոխության ընթացքում բացահայտվեց, ու համացանցային իրականության մեջ սկսեցին հաճախ ներկայացնել Լեյլա տատիկի կերպարը, ես ֆանատիզմի հոտ առա: Մի տեսակ շատ էր նա ամենուրեք. ամեն կայք յուրովի էր անդրադառնում նրա կերպարին:
Եկավ ու անցավ մայիսի 8-ը: Յուրաքանչյուրը հայտնվեց իր տեղում՝ անելու իր գործը: Հետո մի երկու անգամ տարբեր վայրերում հանդիպումներ եղան «հեղափոխության տատիկի» հետ: Ու մի պահ եկավ՝ բոլորը լռեցին: Օգտվելով առիթից՝ որոշեցի զրուցել նրա հետ հենց փողոցում:
-Ո՞նց եք,- հարցրի:
– Շատ լավ եմ, ինձ ի՞նչ ա եղել,- պատասխանեց ժպիտով:
Բավական երկար զրուցեցինք: Պատմեց իր կյանքից:
– Արդարություն, օրենք, հավասարություն,- անընդհատ կրկնում էր նա, երբ ցույցերից էի հարցնում:
– Քառասուն տարի վերմակ եմ կարել: Հիմա էլ եմ կարում, ուղղակի ես չեմ գնում տները, իրենք են բերում:
Ե´վ խոսում էր՝ տոպրակները հերթով ձեռքի վրա շարելով, և´ կանաչի վաճառում:
– Ես վատ ապրանք չեմ բերում, որն էլ տանես, լավ ա,- ասում էր անանուխ գնող կնոջը, ով նկատելով, որ զրուցում ենք, լուռ կանգնել էր ու մեզ էր լսում:
– Լսողությունս լավ չի եղել, բայց էն մարդը ինձ շատ ա սիրելիս եղել,- ժպիտով ասաց նա:
Ու այսպիսի մանր ու մեծ բաներ պատմեց իր կյանքից: Եվ ես ուզում եմ ասել, որ, այո՛, նրա աչքերը փայլուն են ու պայծառ, այո՛, նա բարի է, ինչպես Նարեկ Ալեքսանյանի լուսանկարներում է երևում: Բայց առաջին հերթին նա մի սովորական մարդ է ինձ համար՝ իր երկու վատառողջ տղաներով, չորս լավ սովորող թոռներով, երկու ծոռներով: Հեղափոխությունը միջավայր էր միայն՝ հանրայնորեն բացահայտելու Լեյլա տատի կերպարը: Իրականում նրա նման սիրուն ու բարի մարդիկ շատ կան, պարզապես պիտի կարողանանք սովորական օրվա մեջ գտնել ու բացահայտել նրանց:
Վերջում մենք ավանդական դարձած սելֆի արեցինք, ապա ինձ խնդրեց, որ եթե որևէ մեկն իր մասին սխալ բան պատմի համացանցում, ես ուղղեմ:
Մարինե Երեմյան
3-րդ կուրս