Ստամբուլում հոկտեմբերի 17-ին 90 տարեկանում մահացել է հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Նրան դեռ կենդանության օրոք համարում էին լեգենդ, անվանում «Ստամբուլի աչք»: Նա կյանքի 68 տարին նվիրել է լուսանկարչությանը։ Նրա արխիվում կա ավելի քան 2 մլն լուսանկար։
Արա Գյուլերը ծնվել է 1928թ.-ին, 1951-ին ավարտել է Ստամբուլի հայկական Կեդրոնական վարժարանը։ 1950-ին արդեն թղթակցում էր Yeni Asia պարբերականին, իսկ ահա 1958-ին դառնում Paris-Match, Stern եւ Time-Life պարբերականների թղթակիցը։ Արա Գյուլերը Annual Photography-ի կողմից ճանաճվել է աշխարհի 7 լավագույն լուսանկարիչներից մեկը։ 1962թ.-ին արժանացել է Master of Leica տիտղոսին։
Արա Գյուլերը համագործակցել է համաշխարհային այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են Բերթրանդ Ռասսելը, Առնոլդ Թոյընբին, Ուինսթոն Չերչիլը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Սոֆի Լորենը եւ այլք։
Նրա լուսանկարները ցուցադրվում են ԱՄՆ-Ի Rochester Georg Eastman թանգարանում, Նեբրասկայի համալսարանի Sheldon Colection-ում, Քյոլնի Ludwing’de Das Imaginare Photo Museum-ում եւ այլուր։
Հարցազրույցներից մեկում ճանաչված լուսանկարիչը պատմել է Սոֆի Լորենի հետ հանդիպման և արված լուսանկարների մասին. «Մի անգամ տեսա, որ վերելակ է նստում, շտապեցի նրա հետեւից։ Միասին վերեւ բարձրացանք։ Նա հոգնած էր, հանեց կոշիկները եւ պառկեց մահճակալին։ Հարցրի` կարո՞ղ եմ նրան այդ դիրքով լուսանկարել, նա դրական պատասխանեց։ Նկարեցի եւ ուղարկեցի լուսանկարները մեր թերթին, որտեղ իմ դրանք տպագրվեցին «Արա Գյուլերը՝ Սոֆի Լորենի ննջարանում» վերնագրով»:
Ա. Գյուլերը հպարտորեն նշել է նաև իր և Պիկասոյի համագործակցության մասին. «Երբ Պիկասոյի հետ հանդիպեցինք, ինքն ինձ շատ էր հավանել։ Նա ասաց. «Դու ինձ այդքան շատ լուսանկարում ես, սպասիր ես էլ քեզ նկարեմ»։ Հիմա Թուրքիայում Պիկասոյի մեկ օրիգինալ կտավ կա՝ իմ տանը»:
2013թ.-ին, իր 85 ամյակի առիթով, Արա Գյուլերը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում հանդիպեց դասախոսների և ուսանողների հետ:
«Ժուռնալիստ»-ի խմբագրակազմ