ԱՍԱԼԱ-Ի ԱՐԴԱՐԱՄԱՐՏԻԿ ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ԵՊՀ-ՈՒՄ

ԱՍԱԼԱ-Ի ԱՐԴԱՐԱՄԱՐՏԻԿ ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ԵՊՀ-ՈՒՄ

1203

Հոկտեմբերի 15-ին ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանի հետ: Հանդիպման ընթացքում արդարամարտիկը մանրամասնորեն պատմեց գործողության ամբողջ ընթացքը: Պատմեց, թե ինչպես 4 ընկերներով, իր գլխավորությամբ, 1981 թվականին Փարիզում գրավեցին թուրքական հյուպատոսարանը՝ այնտեղ 15 ժամ պատանդ պահելով ավելի քան 50 մարդկանց:

Հայ արդարամարտիկների պահանջները հետևյալն էին. անմիջապես ազատ արձակել քաղաքական նկատառումներով Թուրքիայի բանտերում հայտնված հայ բանտարկյալներին, պաշտոնական երաշխիքներ տալ, որ պետք է ապահովվեն հայկական բռնագրավված հողերում և Թուրքիայի մեծ քաղաքներում ապրող հայության՝ ազգային, մշակութային և կրոնական ավանդույթներն առանց որևէ կաշկանդման արտահայտելու և զարգացնելու իրավունքները, պաշտոնական երաշխիքներ տալ, որ միջազգային մշակութային կազմակերպությունները հնարավորություն կունենան մշտական հսկողության և քննության տակ առնելու բռնագրավված հայկական հողատարածքներում գտնվող հայկական մշակութային հուշարձանները, ազատ արձակել նաև քաղաքական նկատառումներով ձերբակալված և թուրքական բանտերում ազատազրկված 5 թուրք և 5 քուրդ հեղափոխական մարտիկներին։ Գործողությունից մոտ 16 ժամ անց համարելով, որ կատարել են իրենց առաքելությունը, տղաներն ազատ են արձակում պատանդներին և հանձնվում ոստիկանությանը:

Վազգեն Սիսլյանն այս պատմական իրադարձությունը հիշեցնելուց հետո  պատասխանեց ներկաների հարցերին: Միջոցառումն իրենց կատարումներով գեղեցկացրին Արարատի մարզի Այնթափ  համայնքի Բուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները և շնորհալի վարդանանքցիները: Արդարամարտիկի հետ հանդիպումը կազմակերպել էր «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ և ժուռնալիստիկայի ֆակուլտետի աջակցությամբ։

 

Մոնիկա Գրիգորյան, Ռիմա Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել