«ԱՊՐԵԼ ԵՎ ՍՏԵՂԾԵԼ ՄԻԱՍԻՆ». ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԽԱՂԱՂ ԳՈՅԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԱՎԱՆՈՒՄ

«ԱՊՐԵԼ ԵՎ ՍՏԵՂԾԵԼ ՄԻԱՍԻՆ». ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԽԱՂԱՂ ԳՈՅԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԱՎԱՆՈՒՄ

1577

Անցած շաբաթ Երեւանը «խոսում, երգում ու շնչում էր» ֆրանսերեն: Հայաստանի մայրաքաղաքում անցկացվում էր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որի շրջանակներում կազմակերպվել էին բազմաթիվ մշակութային միջոցառումներ:

Դրանց մեկնարկը տրվեց հոկտեմբերի 7-ին: Երկու օր անց Ազատության հրապարակը բավական մարդաշատ էր՝ Ֆրանկոֆոնիայի ավանի բացման արարողությունն էր: Այստեղ մի քանի տասնյակ տաղավարներում ներկայացված էին ֆրանկոֆոն երկրների մշակույթը, արվեստը ու այն ամենը, ինչ դեմք ու դիմագիծ է տալիս իրենց երկրին: Տաղավարների ներկայացուցիչները պատմում էին իրենց հայրենիքի մասին ՝ չմոռնալով հյուրընկալ Երևանը:

Բազմաթիվ տաղավարների կողքին միանգամից աչքի է զարնում Ռուանդայի տաղավարը, որտեղ երկու երիտասարդ կին ներկայացնում է այս երկրի մշակույթը: «Մեր հայրենիքը բավական փոքր է, գտնվում է Աֆրիկայի կենտրոնական մասում ու շատ նման է Հայաստանին: Շատ կցանկանայինք զարգացնել մեր երկրների միջև հարաբերությունները»,- ասում է Ռուանդային եկած Կուժուան:

Ըստ նրա` քչերը գիտեն Ռունդայի մասին, եւ որևէ երկիր ներկայացնելու լավագույն տարբերակը նրա ազգային մշակույթը ներկայացնելն է:

Ռուանդայի տաղավարում ներկայացված են ձեռագործ ափսեներ, որոնց մեջ կարելի է միրգ դնել, հաց ու այլ սնունդ: «Ափսեները պատրաստում ենք ագավի ծառի մանրաթելերից, ձեռքով: Գույները տալիս ենք փոշիներով, եռացնում ենք ջուրը, ապա լցնում ենք գույնը ու մանրաթելերը: Հաճախ գույնը ստանում ենք նաև թեյի միջոցով»,- պատրաստման եղանակն է բացատրում Կուժուան:

Նրանք ցուցադրել են նաեւ դեղաբույսեր և խոտեր, որոնցով կատարում են ավանդական բուժում: Ինչպես նաև առաջարկում են տարբերակներ իրենց երկրում ներդրումներ կատարելու համար: Ռուանդան գտնվում է Աֆրիկայի հարավային մասում, ներկայում արագ զարգացող երկրներից մեկն է (տնտեսության աճի տեմպով Աֆրիկայում զբաղեցնում է առաջին տեղը): 1994թ. այստեղ տեղի ունեցած ցեղասպանության արդյունքում 100 օրվա ընթացքում զոհվեց մոտ 1 մլն մարդ (տուտսի ցեղի): Այդ պատճառով այսօր Ռուանդայում արգելված է շահարկել ռուանդացիների էթնիկ ծագումը:

Այն ժամանակին եղել է Աֆրիկայի ամենաաղքատ պետություններից մեկը, իսկ վերջին տարիներին կտրուկ նվազեցրել է աղքատության ցուցանիշը: Կառավարման համակարգում այս երկրում մեծ տեղ է հատկացվում կանանց, որոնք կազմում են երկրի խորհրդարանի 64%-ը:

Կուժուան հիշեցնում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կարգախոսը` «Ապրել եւ ստեղծել միասին» ու կոչ անում. «Անկախ ազգությունից, կրոնից ու մաշկի գույնից` պիտի ապրենք միասին, իրար կողքի ու խաղաղություն պահպանենք ցանկացած իրավիճակում»:

Սենեգալի ներկայացուցիչ Լեյմը եւ Կանադայի տաղավարի պատասխանատու Ջեյսնը ընդգծում են հայերի ջերմությունն ու հյուրասիրությունը: «Հայերը շատ սիրալիր, ընկերասեր ազգ են, ովքեր սիրում են գրկել, համբուրել»,- ասում է Ջեյսնը: Կարծում է, որ Հայաստանը տարբերվում է իր բարենպաստ եղանակով` ի տարբերություն ցուրտ Կանադայի:

Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնում էր իր ազգային պարերը, որը հայ հանդիսատեսին շատ էր գրավել:

Եգիպտոսի տաղավարում հյուրասիրում էին իրենց պատրաստած կոտլետներն ու այլ ճաշատեսակներ:

Ավելի զարգացած երկրները, ինչպիսիք են Կանադան, Շվեյցարիան եւ Լեհաստանը, ներկայացնում էին իրենց երկրների ուսումնական հաստատությունները, նորագույն տեխնոլոգիաների ոլորտում իրենց հաջողությունները, զբոսաշրջության զարգացման հեռանկարները: Այս տաղավարներում կազմակերպվում էին խաղեր, վիկտորինաներ, վարպետության դասեր:

Լեհաստանը ներկայացնում էր միջազգային ֆրանկոֆոն թատերական կազմակերպությունը (ՖԹԿ), որը թատրոնի միջոցով ֆրանսերեն է տարածում։ Այս տաղավարում կազմակերպվել էին ռեժիսուրայի եւ դերասանական արվեստի վարպետության դասեր: Ֆրանկոֆոն թատերական կազմակերպության ամենահայտնի միջոցառումը «Տասը տասի վրա» փառատոնն է։ 40 ֆրանկոֆոն երկրներից Լեհաստան են հրավիրվում 10 ֆրանկոֆոն հեղինակ-դրամատուրգներ 10 օրվա ընթացքում գրելու 10 պիես 10 հոգու համար` 10 էջի սահմաններում։ Այդ պիեսները նախատեսված են 14-19 տարեկան պատանիների համար, ովքեր սովորում են ֆրանսերեն։ Պիեսները բեմադրվում են դասերի, փառատոների ընթացքում։ Հայաստանում «Ավանսեն» ասոցիացիայի եւ ՖԹԿ-ի համագործակցության շնորհիվ արդեն ունենք Ազգային թատերական երիտասարդ ֆրանկոֆոնների փառատոն։ Այն երկու անգամ տեղի է ունեցել Հայաստանում՝ Երևանում և Գյումրիում, երրորդը նախատեսվում է Գորիսում։ Փառատոնին մասնակցում է 10 դպրոց` հինգը Երևանից, հինգը` մարզերից:

Ամենամեծը Հայաստանի և Ֆրանսիայի տաղավարներն էին:  Ֆրանսիայի տաղավարը միավորում էր բազմաթիվ օպերատորների, որոնց թվում են Բիզնես Ֆրանսը, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատը և Զարգացման ֆրանսիական գործակալությունը: Ընտրված թեման «արդյունավետ ֆրանսերենն» էր:

Այստեղ հատուկ տարածք էր առանձնացված` նվիրված գործարարությանը, որտեղ հանդիպում էին ֆրանկոֆոն գործարարները: Հայաստանում ֆրանսիական ուսումնական հաստատությունների ուսանողները վարսահարդարության և խոհարարության ցուցադրություններ էին կազմակերպել:

Հայաստանի տաղավարը ներկայացված էր 10 մարզերով և Արցախով:
Ցուցադրված էին հայկական գորգերը, մարզերի և Արցախի պատմությունը, նրանց գրավչությունն ու զբոսաշրջային վայրերը:

Մինչ հայկական տաղավարում Հայաստանի մարզերը ներկայացնում էին տարածաշրջանին բնորոշ ավանդական սնունդը, գյուղական բերքն ու բարիքը, Շիրակի մարզի ներկայացրած` Ավետիք Իսահակյանի օրորոցն ամենաշատն էր տպավորել օտարաբնակ հայերին, իսկ կըլկլան բաժակն այնքան էր դուր եկել օտարազգի հյուրերին, որ գրեթե բոլորին հետաքրքրում էր մի հարց՝ վաճառվո՞ւմ է, թե ոչ։

«Մուշուրբան՝ հայտնի կըլկլանը, Գյումրու խորհրդանիշներից մեկն է, իսկ բաժակի ձայնային էֆեկտի գաղտնիքը հայտնի է միայն վարպետ Էդիկ Ժամկոչյանին։ Պղնձից և լատոնից պատրաստված բաժակները շատ են դուր գալիս մեր տաղավարի հյուրերին, նրանց ուղղակի զարմացնում է բաժակից եկող ձայնը, վերցնում են, ուշադիր զննում, թե որտեղ է թաքնված գաղտնիքը»,- ֊պատմում  է հայկական տաղավարի Շիրակի բաժնի պատասխանատուն։

Մուշուրբայի կողքին ֆայտոնի մանրակերտն է, այն նույնպես դուր է եկել հյուրերին, որոնցից մեկը դժվարությամբ է հավատացել այն փաստին, որ այսօր էլ Գյումրիում հարսանիքների անբաժան մասնիկն է երկանիվ կառքը։ Մանրակերտը պատրաստել էին Գյումրու թիվ 1 ուսումնական կենտրոնի սաները։ Ուսումնարանի սաները պատրաստել էին նաև փայտյա սպասք, ծաղկաման, զարդատուփ, որոնք իրենց յուրօրինակ զարդանախշերով ամբողջացնում էին տաղավարի շիրակյան պատկերը։

Ֆրանկոֆոնիայի ավանը, ավանդույթի համաձայն, կազմակերպում է ՖՄԿ գագաթնաժողովը հյուրընկալող երկիրը: Դրա նպատակն է ներկայացնել 84 անդամ-պետություն միավորող կազմակերպության մշակութային բազմազանությունը:

 

 

էլեն Սարգսյան, Անի Վաթինյան, Ալբերտ Սերոբյան, Վազգեն Կարապետյան, Օֆելյա Պողոսյան, Սոնա Սողոմոնյան, Սուսաննա Քթոյան

2-րդ կուրս

 

Կիսվել