«ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՔԱՐՈԶ

«ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՔԱՐՈԶ

2014

Հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացվեց դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման խնդիրները, քննարկվեցին ընկալման և մատուցման տարըմբռնումները:

2002 թվականից տարվել են նախապատրաստական աշխատանքներ, իսկ ամբողջականորեն առարկան ներդրվել է ուսումնական ծրագրում 2005 թվականից:

ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ Հասմիկ Մարգրայանն ասաց, որ առարկայի ներդրման նպատակը ազգային արժեհամակարգի դաստիարակությունն ու ամբողջացումն էր երեխաների մեջ:

«Դասագրքերը պարբերաբար համալրվում, վերահրատարակվում են: Առարկան նպաստում է և օգնում է ծանոթացնել երեխաներին Աստվածաշնչին, փոխանցել նախնական գիտելիքներ քրիստոնեության մասին: 6-րդ դասարանից արդեն ներկայացնում է Հայոց եկեղեցու արտաքին և ներքին կառուցվածքը, ծեսերը, տոները և այլն: Երեխաները մասնակցում են իրենց բարեկամների պսակադրության, մկրտության և այլ նման արարողություններին, ուստի պետք է ունենա նաև նախնական պատկերացում այս ամենի մասին»,- ասաց Հասմիկ Մարգարյանը:

Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ծրագրերի համակարգող Ելենա Հարությունյանն ասաց, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է: Այս մասին փաստում են աշակերտների՝ օլիմպիադաների մասնակցության ցուցանիշները, ամենամյա մրցույթները:

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը պնդեց, որ այս առարկան առանձին դասավանդելը անիմաստ է, քանի որ դասագրքերում և դասերի ժամանակ կրկնվում են այն թեմաները, որոնք աշակերտները ուսումնասիրում են «Հայ գրականության պատմություն» և «Հայոց պատմություն» առարկաների շրջանակում:

«Կրթահամալիրը, որտեղ ես եմ դասավանդում, այս առարկան չի ուսուցանվում: Մեր համառ ջանքերի շնորհիվ այն դուրս է մնացել մեր ուսպլանից: Մենք ունենք այդ ուսումնական և իրավական ազատությունը», – ասաց Վահրամ Թոքմաջյանը:

Միլենա Մկրտչյան

3-րդ կուրս

Կիսվել