ԱՐԱՄԻ 23-Ը՝ ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ

ԱՐԱՄԻ 23-Ը՝ ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ

1366

Արամի 23 հասցեում տեղակայված  «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հուշարձանշենքը կիսավեր վիճակում է: Խնդրի վերաբերյալ այսօր զրուցել եմ  երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանի հետ:

Պրն. Հեքեքյան, սկսենք ամենասկզբից: Երբվանի՞ց է սկսել խարխլվել շենքի հիմքը:

-Երբ սկսեցին փորել, իսկ դա եղավ մայիս ամսին: Մենք այդ ժամանակ շրջագայության էինք, ինձ ասացին, որ փորում են, ես կարծեցի` ոչ թե փորում են, այլ զուտ աշխատանքներ են իրականացնում ( դե մենք գիտեինք, որ էստեղ պիտի բարեկարգեին): Երբ մենք եկանք, աշխատանքները սկսեցին ավելի թեժանալ, և մեկ ամիս հետո փորձի ժամանակ ցնցումներ եղան ու երեխաները, որ էստեղ նստած էին, վախեցան, մեզ ոչ ոք ոչինչ չէր զգուշացրել: Երբ արձակուրդ գնացինք, դա Օգոստոսի սկիզբն էր, ինձ զանգեցին ու ասեցին, որ պատը գնում է, ասում եմ` ո՞նց կարող է գնալ, ասում են` այո, արդեն հեռանում է ամբողջ կառույցից, ու մենք արագ նամակներ գրեցինք Քաղաքապետարանին( բնականաբար, առաջին պատասխանատուն է, որ ամեն ինչից տեղյակ է և թույլտվություն է տալիս) և իհարկե Մշակույթի նախարարությանը: Սկզբում լուրջ չընդունեցին, հետո նորից գրեցինք նամակներ և, ի տարբերություն Քաղաքապետարանի, Մշակույթի նախարարությունը` ի դեմս փոխնախարար Տիգրան Գալստյանի և Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության տնօրեն Արմեն Աբրոյանի, սկսեց համառորեն պայքարել խնդրի լուծման համար: Բայց քանի որ հարցը ձգձում էին` հեղհեղուկ պատասխաններ տալով, մենք և Մշակույթի նախարարությունն առանձին-առանձին դիմեցինք Դատախազություն, և այժմ գործը քննվում է: Ինչքանով ես հասկացա` հարուցվել է կամ հարուցվելու է քրեական գործ:

Իսկ բացի պատկան մարմիններից, փորձե՞լ եք զրուցել հենց շինարարությունը իրականացնող «Հին Երևան» ՓԲԸի սեփականատիրոջ հետ:

-Սեփականատերը գոյություն չունի, նա Բելգիայում է, փողը տվել ու կանգնել է մի կողմ: Իր ներկայացուցիչները այստեղ փորձում են ինչ-որ ձևով միջոց գտնել, որովհետև իրենք ուզում են, որ շենքը քանդվի, իրենց նախագծով այդպես է, և հիմա ամենահիմար վիճակում հայտնվել է ճարտարապետը, ով երաշխավորություն է տվել, որ այդպես կլինի` չկարծելով երբեք, որ իշխանություն կփոխվի, և այս իշխանությունը կկանգնի օրենքի կողքին:

Սեպտեմբերի 15-ին և 29-ին Դուք նաև բողոքի ակցիաներ եք իրականացրել: Ծառայեցի՞ն արդյոք դրանք իրենց նպատակին:

-Գիտե՞ք` այո´: Ինչ-որ չափով հանրայնացրին խնդիրը, և միայն Մշակույթի նախարարությունն էր, որ կանգնած էր կողքիս: Ո՛չ Քաղաքաշինության կոմիտեն, ո՛չ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, և ոչ ոք այդպես կանգնած չէր այս խնդրի կողքին, ինչպես Մշակույթի նախարարությունը:

Բացի երգչախմբի և աշխատակազմի անդամներից, քաղաքացիները կանգնա՞ծ էին ձեր կողքին:

-Այո( ժպտում է), եթե առաջ ինձ տեսնում էին ու շնորհավորում համերգի կամ շրջագայությունից վերադառնալու կապակցությամբ, կամ ինչ-որ հաջող նախագծի, ապա այսօր քայլում էի, մի փոքր տեղ, Մոսկվա կինոթատրոնից մինչև Կոնսերվատորիա, 5 տեղ կանգնեցրին, հարցրին՝ ինչպե՞ս է Ձեր շենքի վիճակը: Տարբեր մարդիկ են հետաքրքրված, նաև, որ ամենակարևորն է, մենք դիմեցինք վարչապետին` ստորագրահավաքի միջոցով, մարդիկ, բնակիչները խնդրում էին, որ նախ այս տարածքը, որը շատ քիչ պատմական հուշարձաններից է, պահպանվի, և երկրորդը, որ շարունակեն Հայաստանի փոքրիկ երգիչները աշխատել այդ տարածքում: Ամենահեղինակավոր մարդիկ` կոմպոզիտորներ, ռեժիսորներ, գիտնականներ, բժիշկներ, նկարիչներ, գրողներ, բոլորը հերթով ստորագրել են:

Մենք այսօր մի համերգ ունենք, դրանով ենք զբաղված, հետո երևի կդադարեցնենք մեր գործունեությունը, որովհետև տեղ էլ չունենք արդեն աշխատելու և կսկսենք զուտ դրանով զբաղվել, այ էդ ժամանակ ամբողջը իմի կբերենք և կներկայացնենք վարչապետին:

Որտե՞ղ են հիմա անցկացվում երգչախմբի դասերը:

 -Փոքրիկներին տեղավորել ենք մի հանրակրթական դպրոցում( չեմ ուզում անունը տալ, որովհետև դպրոցը կապ չունի այս ամենի հետ), մեզ էնտեղ դուր չի գալիս, մեզ լավ չենք զգում, մեր ուզած պայմանները չեն, չեմ ուզում չակերտները բացել` ինչու: Տնօրինությունը մեզ 2 ամսով է տվել, ու Հոկտեմբերի 30-ին կամ Նոյեմբերի 1-ին արդեն պիտի մնանք դրսում, եթե ուրիշ հարց չլուծվի: Մեծերի հետ, քանի որ ունեն շատ լարված գրաֆիկ, որտեղ կարողանում ենք` փորձում ենք, բայց երևի մեծերն էլ կմնան անգործ: Խնդիրը այն է, որ նախ երգչախումբը, եթե չերգեց որոշ ժամանակ, արդեն հետ կզարգանա, երկրորդը` սա սիրողական երգչախումբ է, աշխատավարձ չկա, որ, եթե չգան` աշխատավարձ չեն ստանա: Երեխաները գալիս են, որովհետև հետաքրքիր է, կցրվեն, հետո հավաքելը շատ դժվար կլինի:

Անի Սուքիասյան

3-րդ կուրս

 

Կիսվել