ԱՍՏԾՈ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՏԱՃԱՐՆԵՐԸ

ԱՍՏԾՈ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՏԱՃԱՐՆԵՐԸ

2013

Այսօր Հայաստանի տարածքում կան հազարավոր եկեղեցիներ,  որոնք այլևս չեն գործում։ Դրանք համարվում են վթարային կառույցներ և մատնված են անուշադրության։ Նորակառույց բազմաթիվ եկեղեցիներում պահպանված չեն ավանդական ճարտարապետությանը բնորոշ տարրերը։ Այսօր հայկական իշխանությունների համար առաջնային խնդիր է հին եկեղեցիների պահպանումը, քանի որ տարիների ընթացքում կանգուն մնացած մասունքները վնասվում կամ անհետանում են։

Հինավուրց վանքերի կողքին այսօր վեր են խոյանում նորերը։ Հարց է առաջանում` կառուցել նո՞րը , թե այդ միջոցներով նորոգել հները։ Իր հարցազրույցներից մեկում Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը  տվել է այս հարցի պատասխանը.

«Եթե որևէ մեկը գտնում է, որ պետք է կառուցի եկեղեցի, և դա իր առաքելությունն է,  ապա նա պետք է կառուցի։ Հին եկեղեցիները միանշանակ պետք է վերանորոգվեն և ընդունեն իրենց նախկին տեսքը։ Դա երկրի կարևորագույն հարցերից մեկն է»։

Եկեղեցիների միայն հինգ տոկոսն է պատկանում Մայր Աթոռին, իսկ  մնացածը կառավարության հոգածության տակ են։

«Կան եկեղեցիներ, որոնց ճարտարապետությունը անհայտ է,  այսինքն վերականգնելը գրեթե անհնար է. ժամանակակից շինանյութը չի համակցվում նորի հետ։ Նոր նյութը ավելի կարող է արագացնել քայքայման գործընթացը։ Մասշտաբային պեղումներ և ուսումնասիրություններ են հարկավոր» – հարցազրույցներից մեկում ասել է ԱՄՆ մշակույթի հուշարձանների պահպանության գործով զբաղվող Արմեն Ամիրյանը։

Օձունի վանական համալիրը տարիներ շարունակ գտնվել է անմխիթար վիճակում։ Երբ մարդիկ սկսեցին ապրել հոգևոր կյանքով,  նաև զբաղվեցին եկեղեցու պահպանության գործով։ Այսօր արդեն վերականգնվել է մուտքի կամարը և պարսպի քանդված հատվածները։ Բոլոր աշխատանքները կատարվել են նվիրատվությունների միջոցով։ Ամեն բան ունի իր նախնական,  ավանդական տեսքը։ Գմբեթի վրա կա վնասված հատված, որը ամեն պահի կարող է քանդվել և մարդկային կորուստների պատճառ դառնալ։ Գավիթը նույնպես քանդված է, իսկ դրանց մնացորդները կարող են անհետանալ։ Վերականգնման համար մեծ գումարներ են անհրաժեշտ։

Հոգևորականների խոսքով այսօր ամենակարևորը Արթիկի 7-րդ դարի եկեղեցու վերանորոգումն է,  երկրորդը` Պեմզաշենի եկեղեցու,  սակայն սրանք ֆինանսական մեծ ներդրումներ են պահանջում։ Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են, իսկ Նորավանքը վերակառուցվել է։ Արատեսի գմբեթը հազիվ է կանգուն մնում,  և շատ դժվար է պատկերացնել եկեղեցու նախնական տեսքը։

Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն ավելացրեց.

«Զբոսաշրջիկները շատ են այցելում էստեղ, հենց առաջինը մեր եկեղեցիների ճարտարապետությանը ծանոթանալու համար։ Նրանք միանշանակ նախընտրում են տեսնել հինը,  բայց ոչ միայն քարի մնացորդներ, այլ ամբողջական եկեղեցու բարեկարգված տեսքը»։

Հոգևորականները կարծում են, որ եկեղեցի կառուցելը գովելի  է , բայց ավելի լավ է անմեղսունակ կյանքով ապրել, քան ամեն մեղքի դիմաց մի եկեղեցի կառուցել։ Պեղումներ իրականցնելու դեպքում ճարտարապետները կգտնեն բոլոր թաքնված հնարքները` եկեղեցու նախնական ավանդական տեսքը վերականգնելու։ Ի վերջո եկեղեցիները մեր պատմության խորհրդանիշներն ու լուռ վկաներն են և դրանց պահպանման խնդիրը յուրաքանչյուրիս մտահոգության առարկան է։

 

Լիանա Հակոբյան

2-րդ կուրս

 

Կիսվել