«ԵՐԲ ՀԱՃԱԽՈՐԴԸ ՍԿՍՈՒՄ Է ԻՐԵՆԸ ԹԵԼԱԴՐԵԼ, ԿՐԵԱՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԱՆՑՔ Է ՄՂՎՈՒՄ». ԴԻԶԱՅՆԵՐ ԴԻԱՆԱ...

«ԵՐԲ ՀԱՃԱԽՈՐԴԸ ՍԿՍՈՒՄ Է ԻՐԵՆԸ ԹԵԼԱԴՐԵԼ, ԿՐԵԱՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԱՆՑՔ Է ՄՂՎՈՒՄ». ԴԻԶԱՅՆԵՐ ԴԻԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ

1544

Մասնագիտությամբ ճարտարապետ Դիանա Հովեյանը, ով այժմ գործունեություն է ծավալում որպես դիզայներ, իր մոդելավորած հագուստները սկսել է թողարկել Diana Eyvonah բրենդի ներքո։ Դիանան «հագուստի կոնստրուկտավորում» է սովորել, ինչն ավելի է ընդլայել իր հնարավորությունները՝ կտորի հետ ավելի ազատ աշխատելու համար:
Ճարտարապետությունից դիզայնի անցման, կտորի կարևորության և ոգեշնչման աղբյուրների մասին զրուցեցինք նրա հետ։

-Ինչպե՞ս ստացվեց անցումը ճարտարապետությունից դիզայնի։

-Դիզայներ դառնալու մասին մանկուց եմ երազել: Երբ դեռ փոքր երեխա էի, ինձ պատկերացնում էի այս բնագավառում: Բայց ինչ-ինչ պատճառներով, երբ արդեն ընդունվելու ժամանակն էր, խորացել էի ճարտարապետության մեջ և որոշել էի, որ պետք է զբաղվեմ միայն այդ գործով: Ու այդպես ճարտարապետությունից ոգեշնչված՝ ընդունվեցի, լավ սովորեցի, բայց հետո, երբ ծնվեց երեխաս, արդեն ինչ-որ նոր խթանի կարիք կար, նոր հետաքրքրությունների, փոփոխության: Ու որոշեցի մեկ այլ ուղղությամբ մտածել, նոր գործ անել: Ու հենց այդ ժամանակ առաջացավ հագուստի հավաքածուի գաղափարը: Հետո արդեն հատուկ իմ հավաքածուի համար կտորներ ընտրեցի, սկսեցի ստեղծագործել: Դեռ չգիտեի՝ ինչ կստացվի, ինչ կլինի վերջում, ամեն ինչի թերահավատորեն էի մոտենում: Բոլորը մտածում էին՝ դե լավ, զբաղվում է էլի, բզբզում է էլի, բայց իրականում ստացվեց չբզբզալ (ծիծաղում է):

-Ստեղծագործելիս Ձեզ օգնու՞մ է ճարտարապետական տարրը։

-Ինձ համար այդ տարրը շատ կարևոր է և բազմիցս օգնել է ինձ։ Իմ մոդելների մեջ չկա մեկը, որ չունենա հետաքրքիր կտրվածք, չունենա երկրաչափություն, աբստրակտ մի բան: Եթե ես չլինեի ճարտարապետ, հնարավոր է՝ ճարտարապետական այդ շունչը ևս չլիներ: Ես ավելի շուտ ճարտարապետ-fashion դիզայներ եմ, քան fashion-դիզայներ կամ ճարտարապետ: Ես միքս եմ:

Երևանում նորաձևության արդյունաբերությունը այդքան էլ մեծ ծավալներ չունի: Ինչպե՞ս եք գտնում Ձեր ստեղծագործականությունն այստեղ:

-Իրականում Հայաստանում լավ նախագծեր կան, մեր մասնագետներն ունեն դուրս գնալու, ցուցադրվելու հնարավորություն: Օրինակ՝ անցած տարի հայաստանցի դիզայներները մասնակցեցին «Mercedes-Benz Kiev Fashion Days»-ին: Դա շատ լավ էր. մարդիկ ամբողջ աշխարհում տեսնում են, որ կան հայ դիզայներներ:
Տեսեք, Վրաստանը մեր աչքի առաջ ծաղկեց, ու նույն նորաձևության բնագավառում հիմա իրենք կարողանում են մրցել այնպիսի բարձր նորաձևության տների հետ, որոնց մասին Հայաստանը կերազի շատ-շատ տարիներ հետո: Բայց դա ինչ-որ չափով գալիս է նաև նրանից, որ մասնագետի պակաս կա, լավ դերձակներ, ձևարարներ. դիզայներները ունենում են շատ լավ մտքեր, բայց դրանք իրագործելը շատ դժվար է լինում: Ու կա խնդիր հաճախորդի հետ, որովհետև երբ հաճախորդը սկսում է իրենը թելադրել, կրեատիվությունը լուսանցք է մղվում, և առաջ է գալիս գործ անել-գումար աշխատելը: Դիզայներները ստիպված կրեատիվությունը մի կողմ են դնում ու սկսում են անել այն, ինչ կհագնի հայ ժողովուրդը: Այդ առումով մի փոքր բարդ է՝ դուրս գալ այդ կաղապարից, ինչ-որ նոր բան ստեղծել:

Ի՞նչն եք ամենաշատը կարևորում դիզայներ-սպառող փոխհարաբերություններում:

-Ինձ համար շատ կարևոր է, որ ես չկորցնեմ իմ ստեղծագործական պահը: Ես փորձում եմ իմ մեջ դա պահել: Մարդը երբ մի բան ցանկանում է, ես փորձում եմ այնպես անել, գուցե համոզել, որ ինքն իր պատկերացրածից, կաղապարներից կարողանա դուրս գալ, ինքն իր տեսակի մեջ յուրօրինակ լինել: Նույնիսկ շորերը, որ ես կարում եմ, չեն կարող կրկնվել՝ յուրաքանչյուր շորից կա ընդամենը մեկ օրինակ: Իսկ դա նշանակում է, որ կլինի մի մարդ, ով կկրի այդ հագուստը և կիմանա, որ աշխարհով մեկ ինքը միակն է: Ես կարևորում եմ անհատականությունը:

-Հագուստը մի կողմից ազատություն է տալիս, մյուս կողմից՝ ինչ-որ սահմաններ է դնում մարդու առջև: Ինչպե՞ս եք տեղավորվում այս երկու հակադիր բևեռներում:

-Ես փորձում եմ փախած ինչ-որ բաներ չանել, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա հասկանալ աշխատանքս: Ես փորձում եմ կտորից ստանալ կերպարային հասանելի տեսք, որպեսզի մարդիկ չզարմանան, մտածեն՝ «սա ի՞նչ է, ես չէի կարողանա հագնել», այլ մոտենան և ասեն՝ «վա՜յ, ինչ սիրուն է, ես կհագնեի»: Հենց այդ պահն եմ ուզում մարդկանց մոտ հայտնաբերել, միջինը գտնել՝ ստեղծելով հագուստ, որը միաժամանակ լինի էլեգանտ ու կրեատիվ:

Կպատմե՞ք Ձեր թիմի մասին:

-Իմ դերձակները շատ հմուտ վարպետներ են: Փորձել եմ երիտասարդների հետ գործ ունենալ, որովհետև վերջիններս ավելի ռիսկային են: Երբ մի բան մտածում եմ՝ չեն ասում՝ «վա՜յ, բայց դա լա՞վ է, բայց սիրուն կլինի՞»: Այլ ասում են՝ «հա, թույն ա, դավայ անենք»: Բացի այդ, երիտասարդների աշխարհայացքը ուրիշ է, ավելի ուրիշ ձևով են ընկալում: Երիտասարդների հետ գործ անելը միշտ ավելի հավես է:
Իսկ մոդելներն իմ ընկերուհիներն են: Չցանկացա, որ նրանք լինեն պրոֆեսիոնալ մոդելներ: Ուզում էի մոդելներին ներկայացնել բնական վիճակով, ու ստացվեց: Իրենք ոչ պրոֆեսիոնալ էին, ու դա շատ շարմ տվեց: Լուսանկարչի՝ Ռոբերտ Քոլոյանի հետ աշխատանքն էլ մեծ բավականություն տվեց մեզ: Իմ բախտը բերեց, ես այս աշխատանքի ընթացքում հանդիպեցի շատ լավ մարդկանց:

-Տեսնո՞ւմ եք այն օրը, երբ Ձեր թիմը կստեղծի արտադրանք, որը ձեռք բերելը երազանք կդառնա կանանց համար:

-Չէի ուզենա՝ երազանք լիներ, պարզապես կանայք ցանկություն ունենան և կարողանան գնել իմ հեղինակած հագուստը: Ու շատ կցանկանայի, որ շատերը հավանեն: Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր չեն հավանի իմ ոճը, և ես դա ընդունում եմ. նույն իմ հավաքածուի մեջ բաներ կարող են լինել, որ ես ինքս չէի հագնի, բայց ինձ դա դուր է գալիս: Այստեղ կարևոր է, որ մարդիկ, եթե իհարկե դա իրենց համար գեղեցիկ է, կարողանան գնահատել:

Կարևորո՞ւմ եք, որ երեխաները մեծանան գեղեցիկի մեջ:

-Օրինակ բերեմ Իտալիան. մարդիկ ծնվում են ճաշակի մեջ, մեծանում են այդ ճաշակի մեջ ու ծնված օրվանից մինչև 90 տարեկանը հագնվում են շատ ճաշակով: Միջավայրը ստիպում է մարդուն սիրուն լինել: Իրենք ծնվում են այդ գենով: Մեզ մոտ՝ Հայաստանում, այդ առումով շատ կա առաջընթաց. աղջիկները սկսել են գեղեցիկ հագնվել, նորաձև, այսինքն՝ պոտենցիալը կա: Եթե երեխաներն էլ լինեն դրա մեջ, մի տասը տարուց շատ ճաշակով ժողովուրդ կունենանք:

 

Հարցազրույցը` Սյուզաննա Ավագյանի

3-րդ կուրս

 

Կիսվել