«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՐԵՐԻ ՈՒ ՁՈՐԵՐԻ ՄԵՋ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՉԳՐԵԼ».ԱՆԱՀԻՏ ՂԱԶԱԽԵՑՅԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՐԵՐԻ ՈՒ ՁՈՐԵՐԻ ՄԵՋ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՉԳՐԵԼ».ԱՆԱՀԻՏ ՂԱԶԱԽԵՑՅԱՆ

1761

18-ամյա Անահիտ Ղազախեցյանը երիտասարդ գրող է։ Նրա բանաստեղծություններն ու արձակ գործերը տպագրվել են «Շավիղ» թերթում, պատանի թղթակիցների համար նախատեսված 17.am կայքում, «Գրանիշ»  գրական համայնքում, «Գարուն»  ամսագրում։ 2016 թվականին Անահիտը ճանաչվել է 17.am լավագույն թղթակիցներից մեկը, 2017ինԳրանիշ» գրական համայնքի տարվա հայտնություն։ 2018ին  «Դար»  ակումբի կազմակերպած «Թավշյա հեղափոխություն. ինձ բացակա չդնեք» մրցույթում գրավել է առաջին հորիզոնականը։
Անահիտը նաև ֆիլմի սցենարներ է գրում, նկարահանած ֆիլմեր ունի։

-Վանաձորում պատերին պոեզիայից տողեր եք գրում, ո՞րն է նպատակը։

-2015 թվականին, երբ լույս տեսավ  «Սպասող մարդու օրագիրը»` Էդիկ Պողոսյանի թարգմանությամբ, այնտեղից մի տող առանձնացրի `«Ամեն օր խորտակվում եմ այս անծով քաղաքում», և գրեցի Վանաձորի կենտրոնական փողոցներից մեկում։ Այդ «անծով քաղաքը» Վանաձորն էր, ու ես այդպիսով ուզում էի մի քիչ գունազարդել այնտեղի սև ու ապիտակը։ Հետո արդեն պատերին տողեր էի գրում Ցվետաևայի բանաստեղծություններից, Բիթլզի երգերից, սակայն «Ամեն օր խորտակվում եմ այս անծով քաղաքում»-ը կարծես Վանաձորի կարգախոսը դարձավ, հետո նույնիսկ մի սրճարան բացվեց, որի պատերին այս տողն էր գրված։

-Մշակույթի նախարարության ֆինասավորմամբ լույս է տեսնելու Ձեր գիրքը։ Վերնագիր մտածե՞լ եք, այնտեղ Ձեր արձակ, թե՞ չափածո ստեղծագործություններն են զետեղվելու։
-Գրքիս վերնագիրը լինելու է «Ծովք»։ Այնտեղ միայն բանաստեղծություններս եմ ներառելու։ Գրքումս կառուցվածքի հետ կապված այնպիսի նորություններ կան, որոնք չեն եղել Հայաստանում։ Գրքի գրեթե կեսն արդեն տպագրված է և շատ շուտով այն լույս կտեսնի։

Հայաստանը Ձեր ստեղծագործություններում միշտ կա, ընդ որում, դուք հաճախ քննադատաբար եք խոսել մեր երկրի մասին։ Ինչու՞։
-Այո, կար մի ժամանակ, որ ես անընդհատ Հայաստանի մասին էի գրում։ Ես ջղայնանում էի, հոգնում էի և ուզում էի ցույց տալ, որ այդպես եմ մտածում։ Ես մտածում էի, որ Հայաստանը ինձ ներելու տեղ չունի, ես պիտի նրան ներեմ, բայց այդ ամեն ինչը փակվեց հեղափխությամբ։

-Իսկ ի՞նչ խնդիրների է բախվում երիտասարդ գրողը Հայաստանում։
-Մի խնդիր կա, որ կոչվում է էյջիզմ, այսինքն` տարիքային խտրականություն։ Քեզ 16 տարեկանում չեն հավատում։ Քեզ հավատում են միայն ինչ-որ մանկական կայքեր։ Բայց 16 տարեկանում դու կարող ես լինել 20,24,27 տարեկան, ինչպես Վարդգես Պետրոսյանն էր ասում `«Մենք շուտ մեծացանք, ու 14-ում մենք արդեն 18 տարեկան էինք»։

Դուք հայ գրականության երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից մեկն եք։ Ըստ Ձեզ` հայ գրականությունն ունի՞ ապագա։
Հայաստանի նման փոքրիկ, կորած երկրներում հայ գրականությունը չի կարող ապագա չունենալ։ Դու չգիտես` ի՞նչ անել, ու դու բանաստեղծություն ես գրում։ Դու ուղղակի չես կարող այդ սարերի ու ձորերի մեջ չգրել, ու քանի դեռ թեկուզ մեկը գրում է, ուրեմն հայ գրականությունը ապագա ունի։

 

Հարցազրույցը` Նանե Ավետիսյանի

3-րդ կուրս

Կիսվել