ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԿԱՐԵՎՈՐԵՆՔ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՄԱՐ ՉԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ

ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԿԱՐԵՎՈՐԵՆՔ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՄԱՐ ՉԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ

1853

Իմ զրուցակիցը  «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի մասնակից,  անգլերենի ուսուցչուհի Անի Հարությունյանն է։ Նա դասավանդել է Լուռու մարզի Քարինջ գյուղում։ Ծրագիրը Հայստանի տարբեր մարզեր է ուղարկում երիտասարդ ուսուցիչների,  ովքեր երկու տարով գնում են դասավանդելու դպրոցում՝ իրենց փորձը և գիտելիքները փոխանցելու աշակերտներին։

Ի՞նչ ես հիշում քո առաջին դասից։

-Առաջին դասս շատ տարբերվող էր, որովհետև ամբողջ միջավայրն էր տարբերվող, սկսած դպրոցից, երեխաներից, ուսուցիչներից։ Ինձ հիշում եմ նյութերը ձեռքիս ոնց էի դասարանից դասարան վազում, սպասում, թե ինչպես պիտի ծանոթանանք։ Ամեն դուռ բացելն եմ հիշում, հիշում եմ նաև, որ աշակերտների անունները չէի մտաբերում։ Շատ էի սիրում իմ աշխատանքը ու հաճույքով էի անում, երևի հենց այդ պատճառով հուզմունք չկար։ Ամեն դասարան մտնելիս գիտեի ինչ պետք է անեմ։

-Եթե կյանքը քեզ հնարավորություն տար նորից հետ գնալու Քարինջ, կգնայի՞ր։

-Որպես ճամփորդող` կգնայի, բայց որպես ուսուցիչ չէի գնա, որովհետև ես մտածում եմ, որ իմ հնարավրության սահմաններում ինչ կարողացել, արել եմ Քարինջի համար ու եթե մնայի, ո՛չ ես կաճեի,  ո՛չ էլ երեխաները, մենք տարբեր տեղերում պիտի հայտնվենք ու հենց «դասավանդի՛ր Հայաստան»-ի առավելությունը նրանում է, որ թույլ է տալիս տարբեր հնարավորությունների տեր մարդկանց իրար փոխարինել։ Ես գնացի իմ հնարավորությունների սահմանում ինչ-որ բան արեցի, ինչ սիրում էի իրենց տվեցի, հետո արդեն ուրիշն է գնում ու իր տաղանդները այնտեղ բցահայտում։ Հենց հնարավորություն է լինում, գնում եմ Քարինջ, ընկերներիս եմ տեսնում, ինձ  հարազատ մարդկանց։ Ամանօրին կրկին կգնամ:

– Ինչո՞ւ որոշեցիր ծրագրին մասնակցել։

-Մինչև ծրագիրը գտնելը տարբեր գործեր էի անում` ուսուցման կենտրոններում էի դասավանդում, մատուցող էի աշխատում և էլի շատ աշխատանքներ։ Հետո գրասենյակում աշխատելու հնարավորություն եղավ, մի քանի օր գնացի այդեղ, բայց հասկացա, որ դա իմը չէ։ Որոշեցի զբաղվել իմ սիրած գործով, որը մանկավարժությունն է։ Սկսեցի աշխատանք փնտրել ու պատահական այս ծրագիրը գտա։ Համոզված էի, որ չեն մերժելու։ Մենք առաջիններից էինք, որ մասնակցեցինք ծրագրին: Շատ ճիշտ մարդկանց էին ընտրել, բոլորս ինչ-որ նմանություններ ունեինք ու գտանք իրար։

– Ի՞նչ տվեց ծրագիրը քեզ:

– «Դասավանդի՛ր Հայաստան»-ը շատ բան փոխեց իմ կյանում. հաղթահարեցի վախերս, ապրեցի օտար մարդկանց հետ անծանոթ տեղում, զբաղվեցի մի գործով, որով նախկինում չէի զբաղվել։ Կարող եմ ասել, որ «Դասավանդի՛ր Հայաստան»-ը ինձ մոտիվացրեց, ստիպեց հավատալ իմ ուժերին, որ ես կարող եմ հաղթահարել ինքս ինձ և զբաղվել իմ սիրած գործով։

-Հե՞շտ էր մենակ ապրել։

-Ես ընդհանրապես սիրում եմ մենակ ապրել։ Միշտ զարմանում էի, որ գյուղի մարդիկ ինձ խորհուրդ էին տալիս մենակ չմնալ։ Դե պատկերացրեք` գնում ես գյուղ ու ասում, որ եկել ես մենակ ապրելու, ի՞նչ արձագանք կտան։ Մեկ շաբաթ մնացել եմ ինձ հյուրընկալող ընտանիքում, իսկ հետո տուն եմ գտել և տեղափոխվել։ Իմ կարծիքով ճիշտը մենակ ապրելն էր, ու ես ինքս էի հաղթահարում իմ խնդիրները, օգնության էի դիմում, երբ կարքը շատ կար։ Նոր բաներ սովորեցի անել, օրինակ՝ փայտ կտրել, վառառան վառել, ուտելիք պատրաստել… Մենակ ապրելը շատ է օգնում ինքնաբացահայտմանը, կապ չունի թե որտեղ։

-Երբ ասում են «Դասավանդի՛ր Հայաստան», առաջինը ի՞նչ է գալիս մտքիդ։

-Առաջինը գալիս է «կարևոր հնարավորություն» արտահայտությունը` թե՛ ինքնաբացահայտվելու, թե՛ ինչ-որ բանով հասարակությանը օգտակար լինելու միջոց։

-Ամենաուրախ ու ամենատխուր օրը Քարինջում։

-Դժվար հիշեմ, կարևորը այն է, որ լավ պահերը շատ են եղել։ Կառաձնացնեմ իմ ծննդյան օրը, ոչ ոքի չէի ճանաչում, իսկ հյուրընկալող ընտանիքս իմ ծնդյան օրը անակնկալ էր պատրաստել։ Առաջին ծնունդս էր ընտանիքիցս հեռու։ Տխուր պահերից դժվարանում եմ հիշել, տխրությունը այն պահին էր գալիս, երբ ինչ որ դժվարությունների էի հանդիպում ու չգիտեի ինչպես արձագանքել դրանց։

-Դեռ գյուղ չգնացած՝ ի՞նչ պատկերացումներ ունեիր, ու ի՞նչ էր քեզ իրականում սպասվում։

-«Դասավանդի՛ր Հայաստան»-ի ամառային ինստիում իմացանք, թե ով որտեղ է լիելու, այդ ժամանակ Վիկիպեդիայից տվյալներ էինք կարդում: Միակ փաստը, որ գիտեի` գյուղը հինգ հազարանոց թղթադրամի վրա է պատկերված, ու այդ նկարը Սարյանն է նկարել Թումանյանի տնից։ Դպրոցում տնօրենը ինձ շատ ջերմ ընդունեց, իրենք էնպես արեցին, որ տպավորություններս լավը լինեին։ Մարդիկ շատ բաց էին հատկապես նոր մարդկանց ու ուսուցիչների նկատմամբ։

-Իսկ ծնողներդ հե՞շտ համաձայնվեցին։

-Ծնողներս միշտ իմ որոշումների մեջ ազատ են ինձ թողել: Սկզբից չէին հավատում, ես իրենց չէի ասել, որ դիմել եմ ծրագրին։ Հետո բացատրեցի, որ դա ինձ համար շատ կարևոր է,  որովհետև ես սիրում եմ ճամփորդել, դասավանդել։ Ծնողներս էլ ընդունեցին իմ որոշումը։

– Ինչ-որ բան կուզեի՞ր ավելացնեիր։

-Մենք պետք է կարևորենք այն մարդկանց, ովքեր գումարի համար չեն աշխատում, այլ ինչ-որ գաղափարի հետևից են գնում՝ մեծ դժվարություններ հաղթահարելով։ «Դասավանդի՛ր Հայաստան»-ում շատ անհատներ կան, ովքեր փորձում են ինչ-որ բան փոխել ու իրենց գիտելիքը տալ երեխաներին, մենք մոռանում ենք իրենց մասին շատ հաճախ և չենք գնահատում:

 

Հարցազրույցը` Սոսե Զաքարյանի

3-րդ կուրս

Կիսվել